Մատչելիության հղումներ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ԼՂ հակամարտության կողմերին կոչ է անում խուսափել իրավիճակի սրումից


ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ղարաբաղյան հակամարտության կողմերին կոչ է անում խուսափել իրավիճակի հետագա սրումից։ Այսօր Բրուսելում՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, «Ազատության» հայկական ծառայության խնդրանքով անդրադառնալով ղարաբաղյան հակամարտությանը՝ Ստոլտենբերգը մի քանի անգամ շեշտեց, որ Հյուսիսատլանտյան դաշինքը լարվածության թուլացման կողմնակից է։

«Ես կարծում եմ՝ ամենակարևորն այն է, որ կողմերը կամք և զսպվածություն ցուցաբերեն, խուսափեն ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի սրումից»,- ասաց Ստոլտենբերգը։

Օրերս Միացյալ Նահանգների Ազգային հետախուզության ծառայության տնօրեն Ջեյմս Քլափերն իր ամենամյա զեկույցում նշել էր, որ այս տարի հակամարտության գոտում իրավիճակը կարող է էլ ավելի լարվել: «Բաքվի շարունակական վերազինումը՝ զուգորդված Ադրբեջանի տնտեսական պայմանների վատթարացման հետ, 2016 թվականին մեծացնում են հակամարտության սրման հավանականությունը: Ադրբեջանի հրապարակային մերժողականությունը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ պահանջներից հրաժարվելու հարցում և Հայաստանի դժկամությունը իր հսկողության տակ գտնվող տարածքները հանձնելու հարցում շարունակելու են բարդացնել խաղաղ կարգավորման հնարավորությունը»,- արձանագրել էր Քլափերը:

«Ազատության» հարցին, թե արդյոք ՆԱՏՕ-ում է՞լ են կարծում, որ իրավիճակը կարող է սրվել ղարաբաղյան գոտում, դաշինքի գլխավոր քարտուղարը հստակ պատասխան չտվեց՝ միաժամանակ ընդգծելով, որ իրենք ուշադրությամբ հետևում են տարածաշրջանային զարգացումներին։

«Մենք, իհարկե, ուշադիր հետևում ենք Ադրբեջանում և Լեռնային Ղարաբաղում զարգացումներին։ Ե՛վ Ադրբեջանը, և՛ Հայաստանը ՆԱՏՕ-ի գործընկերներն են, և մենք երկու երկրների հետ համագործակցությունը շատ բարձր ենք գնահատում»,- ասաց նա։

Այն հարցին էլ, թե արդյոք Հյուսիսատլանտյան դաշինքում գիտեն՝ ինչպե՞ս կարելի է խուսափել ղարաբաղյան հակամարտության գոտում զոհերից, Ստոլտենբերգը խուսափեց պատասխանել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG