Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի, Քաղաքային կայուն զարգացման ներդրումային և Հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագրերի կառավարման խորհրդի հերթական նիստը:
ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հրապարակած հաղորդագրության համաձայն, նիստի ընթացքում քննարկվել և հաստատվել են Երևանի արևմտյան շրջանցող ճանապարհի Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածի կառուցման շինարարական աշխատանքների մրցույթի գնահատման արդյունքները, ինչպես նաև Դավթաշեն-Աշտարակ ճանապարհահատվածի կառուցման շինարարական աշխատանքների ձեռքբերման մրցութային փաստաթղթերի փաթեթը: Հավանության են արժանացել նաև Դավթաշեն-Աշտարակ և Բաբաջանյան-Աշտարակ ճանապարհահատվածների շինարարության վերահսկողության խորհրդատուի տեխնիկական առաջադրանքները:
Խորհուրդը նաև հաստատել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Արտաշատ-Երևան-Աշտարակ շրջանակում իրականացվող շինարարական աշխատանքների պայմանագրի փոփոխությունների վերաբերյալ Փոխըմբռնման համաձայնագիրը: Քննարկվել և հաստատվել են նաև Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Թալին-Գյումրի և Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածների հողերի օտարման և տարաբնակեցման ծրագրերի իրականացման խորհրդատուի ընտրության արդյունքները և խորհրդատվական ծառայությունների մատուցման պայմանագիրը:
Վարչապետ Աբրահամյանը պատասխանատուների ուշադրությունը հրավիրել է նախատեսված բոլոր աշխատանքները պատշաճ որակով և սահմանված ժամկետում կատարելու անհրաժեշտության վրա և համապատասխան հանձնարարականներ տվել: