Մատչելիության հղումներ

Արդյունաբերության զարգացմանն ուղղված ռազմավարությունն ու գործողությունների ծրագրերն «արդյունք չեն տալիս»


Թեթև արդյունաբերության գործատուների միության նախագահ Հովսեփ Պողոսյանը:

Թեթև արդյունաբերության գործատուների միության նախագահ Հովսեփ Պողոսյանը:

«Անունը կա, որ փորձում են աջակցել, բայց ամանում այսօր ոչ մի բան շոշափելի չունենք», - «Ազատության» հետ զրույցում ասաց Թեթև արդյունաբերության գործատուների միության նախագահ Հովսեփ Պողոսյանը:

Պողոսյանի պնդմամբ՝ թեև ամեն տարի պետբյուջեից մոտ կես միլիարդ դրամ է առանձնացվում, արդյունաբերության զարգացմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանն և արտահանումը խթանելուն ուղղված իշխանությունների մշակած ռազմավարությունն ու գործողությունների ծրագրերն արդյունք չեն տալիս։

Էկոնոմիկայի նախարարության Արդյունաբերության քաղաքականության վարչության պետ Արմեն Եգանյանը հակադարձում է. - «Ես համաձայն չեմ, որ ոչինչ չի արվում։ Այո, կան միջոցառումներ, որոնք հետ են ընկել ժամանակացույցից, բայց իրականացվում են»։

Եգանյանի փոխանցմամբ՝ գործարարները մասնակցում են ցուցահանդեսների, կառավարությունը որոշ դեպքերում սուբսիդավորում է նրանց վարկերի տոկոսադրույքները, փակում սերտիֆիկացման ծախսերի մի մասը։

Գործարարների շահերը պաշտպանող Հովսեփ Պողոսյանը, մինչդեռ, շեշտում է, թե ցուցահանդեսները, որոնց վրա կառավարությունը մեծ ծախսեր է անում, հաճախ ինքնանպատակ են․ - «Եթե մենք գնում ենք ցուցահանդեսին մասնակցելու, այնտեղ ասում են՝ հա, մենք ուզում ենք ձեր ապրանքը ստանալ, որտեղի՞ց գանք վերցնենք: Ասում ենք՝ եկեք Հայաստան․․․ Հայաստանը հեռու է, տրանսպորտային խնդիրներ ունի, շատ դժվարությամբ է իր ապրանքը հասցնում: Եթե ռուսական շուկան մեր հիմնական շուկան է, ուրեմն մենք այնտեղ պիտի բազա ունենայինք, որտեղ մենք կուտակումներ կունենայինք, ցուցահանդեսներին մասնակցությունն էլ կդառնար ավելի նպատակային: Մարդիկ կիմանային, թե ցուցադրված ցուցանմուշները որտեղից իրենք կարող են մեծ քանակությամբ գնել»:

Դեռ հինգ տարի առաջ կառավարությունը մշակել է արտահանումը խթանելու ռազմավարություն, կազմել գործողությունների ծրագիր, որով պետք է անցած տարվա ապրիլին հիմնվեր ռուսաստանյան շուկա հայկական արտադրանքի արտահանման ընկերություն։ Կառավարությունը խոստանում էր լուրջ գումարներ ծախսել ռուսաստանյան շուկան ուսումնասիրելու, հայկական արտադրանքի հնարավոր գնորդներ գտնելու ուղղությամբ։ Կառավարութան ներկայացուցիչն ընդունում է, որ ժամանակացույցից հետ են մնացել․ - «Հիմա, այս փուլում մշակվում է այդ մոդելը, համապատասխան փորձագետներ ենք հրավիրել, որոնք այդ ուղղությամբ աշխատանքներ տանում են»:

Գործատուների միության նախագահը մատնանշում է միջազգային փորձը։ Օրինակ բերում արագ տեմպերով զարգացող Թուրքիան, որը արդյունաբերությունը զարգացնելու նպատակով հատուկ հիմնադրամներ է ստեղծել ու դրանց ղեկավարությունը հանձնել ոչ թե պաշտոնյաներին, այլ հենց գործարարներին․ - «Ժամանակը բյուրոկրատի և գործարարի համար, դրանք տարբեր արժեքներ են: Բյուրոկրատը միշտ ձգտում է գործողությունը հնարավորին չափով երկար ժամանակում անի: Իսկ գործարարը ձգտում է, որպեսզի միավոր ժամանակում շատ հնարավոր գործողություններ կատարի»:

Էկոնոմիկայի նախարարության վարչության պետ Արմեն Եգանյանը մատնանշում է մի շարք գործոններ, որոնց պատճառով 2015 թվականը բարդ տնտեսական տարի էր. - «Ունեինք մետաղների գների անկում, ռուսական շուկայում, որը մեր հիմնական գործընկեր երկիրն է, անկայուն վիճակ: Ունեինք ներքին շուկայում տրանսֆերտների կրճատում, ինչը ուղղակիորեն ազդում էր ներքին սպառման վրա: Եվ ունեինք ԵԱՏՄ-ին (Եվրասիական տնտեսական միություն) անդամակցություն, որի առաջին երկու ամիսը որոշակի սպասողական վիճակ էր մեր արտադրողների և արտահանողների համար»:

Դեռ 2014 թվականին Համաշխարհային բանկը իր հերթին որոշեց Հայաստանում արտաքին առևտրի խթանման նպատակով 50 միլիոն դոլար փոխառություն տրամադրել։ Անցել է գրեթե 2 տարի։ Էկոնոմիկայի նախարարության պաշտոնյան ասում է, թե կառավարությունում դեռ ծրագրեր են կազմում ու խորհուրդներ ձևավորում․ - «Համաշխարհային բանկի վարկի համար ստեղծված է համակարգող խորհուրդ, և աշխատանքները գնում են»։

Եգանյանը հաստատում է, որ խոստացված հազարավոր աշխատատեղերը չեն ստեղծվել, բայց վկայակոչում է վիճակագրական տվյալները․ կոնկրետ թեթև արդյունաբերության ոլորտում եղած մոտ 6000 աշխատատեղերի թիվն աճել է 170-ով։

Միայն հայկական արտադրատեսակներ վաճառող Արթուր Սիմոնյանը, սակայն, բոլորովին այլ վիճակագրություն է մատնանշում։ «Ազատության» հետ զրույցում ասաց, թե գնորդներն ամեն տարի կիսով չափ պակասում են․ - «Թող արտագաղթի դեմ պայքարեն: Ժողովուրդը մնա Հայաստանում, ամեն ինչն էլ լավ կլինի»:

XS
SM
MD
LG