Մատչելիության հղումներ

Վերլուծաբանները կարծում են՝ իշխանությունը ստվերային պայմանավորվածություններով պատրաստվում է 2017-ին


Սերժ Սարգսյանի և Դաշնակցության լիդերների հանդիպումը, 26-ը օգոստոսի, 2015թ.

Սերժ Սարգսյանի և Դաշնակցության լիդերների հանդիպումը, 26-ը օգոստոսի, 2015թ.

Քաղաքական վերլուծաբան, Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստեփան Սաֆարյանի համոզմամբ՝ 2017-ի խորհրդարանական ընտրությունները իրականում հենց այսօր են տեղի ունենում, քանի որ այս օրերին ընթացող ստվերային բոլոր պայմանավորվածությունները հենց դրան են վերաբերում:

«Այսօր արդեն ոչ պաշտոնապես սկսված են խորհրդարանական ընտրությունները, ընտրություններից հետո տեղի ունենալիք պրոցեսները, որովհետև ինչպես նոր Սահմանադրությունը ամրագրեց, ընտրություններից հետո խորհրդարանը պետք է ունենա կայուն մեծամասնություն, և տեղի ունեցողը, կարող ենք ասել, որ հենց կայուն մեծամասնության ձևավորում է։ Այս պրոցեսի առաջին փուլը պետք է համարել սահմանադրական փոփոխությունները, երբ քաղաքական դաշտը պետք է կողմնորոշվեր՝ համաձա՞յն է արդյոք Սերժ Սարգսյանի կողմից խաղի կանոնների փոփոխությանը, իսկ Սերժ Սարգսյանն էլ պետք է կողմնորոշվեր, թե ի՞նչ է վճարում այդ համաձայնության դիմաց։ Ըստ էության, կան քաղաքական ուժեր, շրջանակներ, որոնց աշխատանքից և դիրքորոշումից Սերժ Սարգսյանը գոհ է և պատրաստ է դրա դիմաց ոչ միայն վարձահատույց լինել, այլ նաև նրանց դիտարկել որպես ապագա պոտենցիալ դաշնակիցներ»,- ասաց վերլուծաբանը։

«Ազատության» հարցին, թե Դաշնակցությո՞ւնն է Հանրապետականի կայուն մեծամասնության գործընկերը լինելու, Սաֆարյանը պատասխանեց.- «Եթե այլ ֆորսմաժորային իրավիճակներ չլինեն, միանշանակ։ Այսինքն միանշանակ Դաշնակցությունը լինելու է 2017 թվականից հետո կոալիցիայի անդամ»։

Այն, որ իշխանությունը, ստվերային պայմանավորվածություններ ձեռք բերելով, պատրաստվում է 2017-ին, ակնհայտ է համարում նաև քաղաքական մեկնաբան Պետրոս Ղազարյանը։ Նրա փոխանցմամբ՝ ո՛չ Հանրապետականը, և ո՛չ էլ Դաշնակցությունը չեն կարողանում բացատրել, թե ինչու են որոշել կոալիցիա կազմել, մնում է ենթադրել, որ ընդամենը տեղի է ունենում քաղաքական գործարք, որից լավ բան սպասելը շատ դժվար է:

«Հանրապետականի փոխնախագահը [կրթության նախարար Արմեն Աշոտյանը] մեկ օր առաջ «Ֆեյսբուք»-ում գցել էր իր նոր աշխատասենյակի լուսանկարը, և ասում էր՝ տեսեք, իմ նոր աշխատասենյակն է։ Հետո խմբագրեց։ Մի ժամ հետո հրաժարական տվեց։ Սա նշանակում է, որ էդ կուսակցությունը բանակցություններից տեղյակ չէ նույնիսկ փոխնախագահի մակարդակով։ Այսինք ռեալ իրենք տեղյակ չեն՝ ինչ է կատարվում, էլ ուր մնաց իմանան, թե ինչու է դա կատարվում»,- նկատում է Ղազարյանը։

«Դաշնակցությունը ազգանվեր գաղափարներ է առաջ քաշում, ազգի փրկության, հանուն հայրենիքի ինքնախարազանվում են, բա թողնենք էս երկիրը սե՞նց մնա... էս հինգ տարին, որ թողել էին, ի՞նչ էր եղել։ Դրանք նորմալ մտածող մարդու համար անբավարար փաստարկներ են։ Իսկ եթե երկու կողմերը չեն նշում, թե ինչու են նրանք որոշել կոալիցիա կազմել, կոնկրետ որ ոլորտն են բարեփոխելու, ի՞նչ չի կարողանում Հանրապետականը, որ նրան կգա և կլրացնի Դաշնակցությունը. եթե այս ռացիոնալ բացատրությունները չկան, ուրեմն մնում է մի ենթադրություն, որ սա քաղաքական գործարք է։ Դաշնակցությունը քառյակից դուրս եկավ, ամեն ինչ արեց, որ ընդդիմությունը չկարողանա մրցակցել իշխանության հետ, Սահմանադրական բարեփոխումների ժամանակ ընտրակեղծիք չտեսավ և դրա դիմաց ակնհայտ է, որ նրանք հավանաբար պայմանավորվել էին ապագա կոալիցիոն կառավարության շուրջ, հիմա Դաշնակցությանը տալիս են պաշտոններ, որպեսզի նա հավելյալ լծակներ ու գումարներ վաստակի, որպեսզի հաջորդ կոալիցիոն կառավարությունը ավելի ներգրավված լինի»,- հավելեց Ղազարյանը։

Թե ինչու Սերժ Սարգսյանը լուսանցքում թողեց «Բարգավաճ Հայաստան»-ին, հաշվի առնելով, որ ԲՀԿ-ն նույնպես պաշտպանել էր սահմանադրական փոփոխությունները, կասկածի տակ չէր դրել հանրաքվեի լեգիտիմությունը, Պետրոս Ղազարյանը նշում է, թե ԲՀԿ-ն այլևս հետաքրքիր չէ Հանրապետականին: Անգամ կասկածելի է՝ կհաջողվի՞ ԲՀԿ-ին հաղթահարել անհրաժեշտ շեմը և 2017-ին հայտնվել խորհրդարանում։

«Իշխանությունը «Բարգավաճից» ստացել է այն, ինչ ուզում էր ստանալ, բոլորս գիտենք ինչ ձևով, ինձ գնում, դրա համար հետաքրքիր չէ։ Իսկ այն խմորումները, որ տեղի են ունենում «Բարգավաճում»՝ կուսակցության նախագահի շուրջ, դիրքավորման շուրջ, դրանք ցույց են տալիս, որ ԲՀԿ-ն չի կարողանում ընդդիմադիր լինել, իշխանությունն էլ նրան չի ուզում, դրա համար ներքին խմորումների մեջ է հայտնվել։ Այսինքն հայտնվել է այնտեղ, որտեղ պետք է հայտնվեր նման քաղաքական վարքագծով. երբ դու մեկ օրում 180 աստիճանով փոխում ես քո տեսակետները, երբ ընտրակեղծիքներ են լինում, դուրս ես գալիս, ասում ես՝ փայլուն ընտրություններ են, դու պետք չես ո՛չ իշխանությանը, ոչ էլ ընդդիմությանը»,- ասաց Ղազարյանը։

Վերլուծաբան Ստեփան Սաֆարյանն էլ նշում է՝ Սերժ Սարգսյանը դասեր է քաղել 2013 թվականից, երբ քաղաքական ուժերը միավորվելով ստիպեց իրեն հանձնել կառավարությանը մի մասը ԲՀԿ-ին և վարչապետ նշանակել Հովիկ Աբրահամյանին: Մինչդեռ այսօր ստվերային գործընթացների շրջանակում հետաքրքիր օպերացիա է տեղի ունենում Աբրահամյանի և նրա թիմի շուրջ։ Ըստ վերլուծաբանի՝ դա կարելի է անվանել անգամ «Օղակ» օպերացիա, որի նպատակը Աբրահամյանի դիրքերն թուլացնելն ունրան հնարավոր գործընկերներից զրկելն է:

«Իշխանությունը չի կիսվում Սերժ Սարգսյանի հետ, իշխանությունը իրականում կիսվում է Հովիկ Աբրահամյանի թիմի հետ։ Այսինքն Դաշնակցության հետ торг-ի վճարումը կատարվում է Հովիկ Աբրահամյանի թիմակիցների պաշտոններով»,- ասաց Սաֆարյանը։

Սաֆարյանի համոզմամբ՝ անհավանական է, որ փոփոխված Սահմանադրությամբ ուժեղ լծակներով վարչապետի պաշտոնը ստանձնի Հովիկ Աբրահամյանը, քանի որ արդեն իսկ տեսանելի է դառնում, թե 2018-ից հետո ով է լինելու վարչապետ։ «Երբ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետը ավարտվի 2018 թվականին, միգուցե հենց ինքն է վերադառնա վարչապետի պաշտոնին։ Այսինքն մենք կունենանք երկու ֆիգուր, մեկը վարչապետի պաշտոնի տեղապահ՝ ժամանակավոր, մինչև 2018 թվականը, և կունենանք նաև մեկ այլ նոր դերակատար, ով կգլխավորի Հանրապետական կուսակցության ցուցակը՝ առավելապես հավակնելով խորհրդանշական գործառույթներ կատարող նախագահի պաշտոնին»,- ասաց վերլուծաբանը։

XS
SM
MD
LG