Մատչելիության հղումներ

ԱԱԾ փոխտնօրենը «բացառում է», որ ինքն է փոխարինելու Գորիկ Հակոբյանին


Ազգային անվտանգության ծառայության փոխտնօրեն Արզուման Հարությունյան, 11-ը փետրվարի, 2016թ.

Ազգային անվտանգության ծառայության փոխտնօրեն Արզուման Հարությունյան, 11-ը փետրվարի, 2016թ.

Ազգային անվտանգության ծառայության փոխտնօրեն Արզուման Հարությունյանն այսօր բացառեց, որ ծառայության պետի պաշտոնում ինքն է փոխարինելու Գորիկ Հակոբյանին, ում պաշտոնավարման ժամկետը լրանում է փետրվարի 11-ին:

Առավոտյան «Ազատության» հետ զրույցում Հարությունյանն ասաց․- «Մեկ օր էլ սպասեք ամեն ինչ կիմանաք։ Ես բացառում եմ, որ կարող է ես լինեմ»»։

Գեներալ-գնդապետ Գորիկ Հակոբյանը, ում յոթանասունամյակը լրացավ հենց այսօր, ԱԱԾ պաշտոնական կայքի համաձայն, արդեն ավելի քան 45 տարի աշխատում է ազգային անվտանգության համակարգում։ 2004թ․-ից Հակոբյանը նշանակվել է ԱԱԾ տնօրեն: 2011թ․-ին նախագահ Սերժ Սարգսյանն ուշագրավ հրամանագիր ստորագրեց՝ «Գ․ Հակոբյանի մասին», ըստ որի ԱԱԾ-ում Հակոբյանի ծառայությունը երկարաձգվեց հինգ տարով՝ մինչև այս տարվա փետրվարի 11-ը:

Առայժմ պարզ չէ, թե ԱԱԾ տնօրենի պաշտոնում ո՞վ է փոխարինելու Գորիկ Հակոբյանին․ լրատվամիջոցները տարբեր անուններ են հրապարկել: Արզուման Հարությունյանից բացի նշվել են նաև ԱԱԾ առաջին փոխտնօրեն Հրանտ Եպիսկոպոսյանի, Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի անունները։ Վերջինս մինչև մարզպետ նշանակվելը ԱԱԾ փոխտնօրեն էր:

Նշվում է նաև Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի անունը, ով 2001- 2007թթ․ Լեռնային Ղարաբաղի Ազգային անվտանգության ծառայության ղեկավարն էր: Սահակյանի պաշտոնավարման երկրորդ ժամկետը լրանում է 2017 թվականի սեպտեմբերին, և ըստ հրապարակումների, Գորիկ Հակոբյանին ներկայում փոխարինողը պաշտոնավարելու է մինչ այդ և 2017թ․ աշնանից Բակո Սահակյանն է գլխավորելու Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը:

Այս տեղեկությունների առնչությամբ պաշտոնական որևէ հաստատում կամ հերքում չի եղել:

Արդարադատության նախարարն առաջարկում է «սպասել փաստերին»

Նախորդ օրերին լրատվամիջոցներում շրջանառվում էր նաև արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի հնարավոր պաշտոնանկության մասին տեղեկությունը:

Հանրապետական-Դաշնակցություն նոր կոալիցիայի ձևավորման ֆոնին նշվում է, որ Արդարադատության նախարարի աթոռը ևս տրվելու է դաշնակցականներին: Այսօր փորձեցին պարզել Արփինե Հովհաննիսյանից՝ ինքն ի՞նչ տեղեկություն ունի:

«Ես առաջարկում եմ սպասել և ականատես լինել փաստերին։ Ես որևէ տեղեկություն չունեմ, առաջարկում եմ սպասեք և կտեսնենք», - պատասխանեց նախարարը։

XS
SM
MD
LG