Մատչելիության հղումներ

logo-print

ԱԳՆ-ն հաստատում է` Ստամբուլում ձերբակալվածների թվում կան ՀՀ քաղաքացիներ


ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հաստատել է տեղեկությունն այն մասին, որ Ստամբուլի Շիշլի թաղամասում պոլսահայ ընտանիքի վրա հարձակմանը մեղսակցություն ունենալու կասկածանքով ձերբակալվածների թվում, նախնական տվյալներով, կան ՀՀ քաղաքացիներ:

«Ըստ նախնական տվյալների` ձերբակալավածների մեջ կան ՀՀ քաղաքացիներ: Հյուպատոսական աջակցություն ցուցաբերելու հնարավորությունները սահմանափակված են դիվանագիտական հարաբերությունների բացակայության պատճառով»,- «Արմենպրես»-ին ասել է ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը:

Փետրվարի 6-ին Շիշլիի Ջումհուրիեթ փողոցի տներից մեկում բնակվող հայ 85-ամյա Հակոբ Յաքուփ Դեմիրջիի և 79-ամյա Սեդա Աիդա Դեմիրջիի տան վրա հարձակում էին գործել: Նրանք հայ զույգին կապել էին «խոզի կապանք» անվանմամբ հայտնի ձևով՝ տանից վերցնելով թանկարժեք իրեր և գումար: Կատարվածի մասին ահազանգել էր տան աշխատողը, ով հերթական անգամ եկել էր պոլսահայ զույգի տուն, սակայն դուռը նրա առջև ոչ ոք չէր բացել: Հակոբ Դեմիրջին կապանքի հետևանքով խեղդվել էր, իսկ նրա կնոջը հոսպիտալացրել էին:

Հանցագործությունից հետո թուրքական ոստիկանությունը հետաքննություն էր սկսել հարձակվողներին հայտնաբերելու նպատակով: Տարածքի տեսխցիկների ձայնագրություններից իրավապահները կարողացել էին իմանալ նրանց դեմքերը: Հայտնի էր դարձել նաև, որ հարձակում իրականացրած երեք անձինք մեքենա էին վարձել և Ստամբուլից ուղևորվել էին Տրապիզոն: Հենց այդտեղ էլ ոստիկանությունը նրանց ձերբակալել է: Հանցագործները կեղծ փաստաթղթերով նպատակ են ունեցել Տրապիզոնից գողոնով փախչել Վրաստան: Ձերբակալվել են նաև Ստամբուլում հանցագործության իրականացմանն աջակցած, մեքենա վարձած և արտասահման փախչելու հարցում նրանց օգնած 5 անձինք:

Փետրվարի 10-ին Տրապիզոնի հանրապետական դատախազությունը հայտարարություն էր տարածել այն մասին, որ հարձակում իրականացրածները ՀՀ քաղաքացիներ են: Ձերբակալված 8 անձանցից 5-ը կանայք են, բոլորն էլ ՀՀ քաղաքացիներ: Նրանք են՝ Արթուր Ա., Արամ Ե., Սերգեյ Բ., Մարիաննա Ե., Լիդա Բ., Նարգիզ Բ., Արմինե Մ., Քրիստինա Մ.:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG