Մատչելիության հղումներ

Այս տարի ևս ԱՄՆ-ի բյուջեով հատկացումներ չեն նախատեսվում Լեռնային Ղարաբաղի համար։

Սպիտակ տունը նախատեսում է 2016-ի բյուջեով 22 միլիոն 412 հազար դոլար հատկացնել Հայաստանին որպես տնտեսական օգնություն: Նախորդ տարվա համեմատ այդ գումարն ավելացվել է 22 տոկոսով:

Հայ դատի հանձնախմբի մամուլի խոսնակ Էլիզաբեթ Չուլջյանը «Ազատության» հետ զրույցում ընդգծեց, որ առհասարակ ԱՄՆ-ի՝ արտաքին օժանդակության համար հատկացվող գումարները վերջին տարիներին նվազել են։

«Այո, առաջադիմություն է, որ 22 տոկոսով ավելի բարձր է, նախորդ տարվա համեմատ։ Բայց իրականությունն այն է, որ ընդհանրապես Ամերիկայի՝ արտաքին օժանդակության գումարները տարիների ընթացքում նվազել են և Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը աշխատում է ոչ միայն ընդլայնել այդ գումարները, այլ, տեղյակ լինելով, թե ինչպիսին է ներկա քաղաքական իրավիճակը արտաքին օժանդակության, կենտրոնացնել մեր աշխատանքները նաև Ամերիկա-Հայաստան ներդրումների հզորացման ուղղությամբ», - ասաց Հայ դատի հանձնախմբի մամուլի խոսնակը։

ԱՄՆ-ի 2017 թվականի բյուջեի նախագծով առաջարկվում է մոտ 11 միլիոն դոլար տրամադրել Ադրբեջանին։

Հայ դատի գրասենյակը, ընդգծելով «Հայաստանի և Ադրբեջանի սահմանին Ադրբեջանի դրսևորած ագրեսիան», մտահոգիչ է համարում, որ այս տարի ևս բյուջեով հատկացումներ չեն նախատեսվում Լեռնային Ղարաբաղի համար։

Հարցին, թե հանձնախումբը փորձո՞ւմ է ինչ-որ կերպ ազդել Սպիտակ տան որոշման վրա, Չուլջյանը պատասխանեց. - «Այո, նախագահական բյուջեների մեջ Արցախի համար հատուկ գումար նշված չի եղել նույնիսկ Օբամայից առաջ։ Որպես նոր ծրագիր, մենք կոչ ենք ուղղել, որ հինգ միլիոն գումար տրվի Ստեփանակերտում գտնվող Lady Cox վերականգնողական կենտրոնի համար»։

Ըստ հանձնախմբի, Lady Cox վերականգնողական կենտրոնում տարեկան բժշկական օգնություն է ստանում ֆիզիկական և մտավոր խնդիրներ ունեցող 1000 մարդ:

Հայ դատի հանձնախմբի մամուլի խոսնակը նաև նշեց, որ գրասենյակը ջանքեր է գործադրում, որպեսզի Միացյալ Նահանգները բյուջեով 10 միլիոն դոլար հատկացնի Սիրիայից և Մերձավոր Արևելքից Հայաստան եկած 20 հազար հայերին օգնելու համար։

«Անցած տարի հատուկ հանդիպումներ ունեցանք Ամերիկայի արտգործնախարարության արտաքին օժանդակության բաժնի հետ, որը զբաղվում է փախստականների վերաբնակեցման աշխատանքներով։ Մեր մտահոգությունները հայտնեցինք, որ բավարար օգնություն չի ցուցաբերվում Սիրիայից, Լիբանանից Հայաստան գնացածներին։ Մենք կփորձենք լուծումներ գտնենք, թե ինչպես կարող է Ամերիկան օժանդակել, հատկապես օգնել այն ընտանիքները՝ թե՛ Լիբանանում, թե՛ Հայաստանում, որոնք վերաբնակեցված են, օգնենք իրենց գոնե տան վարձերը մուծելու, մինչև որ նրանք կարողանան նոր գործ գտնել, մինչև որ երեխաները դպրոց գնան, մինչև որ կարողանան առօրյա հոգսերը հոգալ, որ իրենց անհրաժեշտ տունը ունենան», - ասաց Էլիզաբեթ Չուլջյանը:

XS
SM
MD
LG