Մատչելիության հղումներ

Աղվան Վարդանյան. Սա դասական կոալիցիա չէ, կարծում եմ՝ սա համագործակցություն է


Այսօր կա աշխատելու դաշտ և Դաշնակցությունը պատրաստ է աշխատել, ասում է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը։

Սա դասական կոալիցիա չէ, կարծում եմ՝ սա համագործակցություն է, և բառերի հետևից ընկնելը բան չի ավելացնում։ Երեկ այդ մասին «Ազատության» հետ զրույցում ասաց Հայ հեղափոխական դաշնակցության Գերագույն մարմնի (ՀՅԴ ԳՄ) ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը։

«Չեմ կարծում, որ եզրաբանությունը կարևոր է։ Մենք բազմիցս ասել ենք, որ կոալիցիա, դասական իմաստով, երբ որևէ քաղաքական ուժ մեծամասնություն չի ունենում ընտրություններից հետո, և երկու-երեք ուժեր միավորվում են, ունենում են մեծամասնություն։ Այս առումով սա, բնականաբար, դասական կոալիցիա չէ։ Ի՞նչ կդնենք անունը․․․ կարծում եմ՝ սա համագործակցություն է, և բառերի հետևից ընկնելը բան չի ավելացնում», - «Ազատության» հետ զրույցում ասաց Վարդանյանը։

Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խոսնակ Էդուարդ Շարմազանովը, երեկ ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո հայտարարեց, որ ՀՀԿ-ն ունի նախնական համաձայնություն՝ ապագայում ՀՅԴ-ի հետ միասնաբար աշխատելու։

Հարցին, թե 2017 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո ևս այս համագործակցությունը կշարունակվի՞, Վարդանյանը պատասխանեց. - «Ի՞նչ է լինելու 2017 թվականին, ո՞ր քաղաքական ուժն ինչպե՞ս է մասնակցելու, ի՞նչ արդյունքներով է մասնակցելու․․․ բնականաբար, այսօր պատասխանել այդ հարցերին՝ շատ թեական կլինի։ Շատ ավելի կարևոր է, որ մենք իսկապես լրջորեն նախապատրաստվենք 2017 թվականին, ունենանք նոր ընտրական օրենսգիրք, որը կմեծացնի վստահությունը ընտրությունների հանդեպ, թույլ չի տա արհեստական կամ այլ ձևերով որևէ քաղաքական ուժի առավելություններ ունենալ և, թերևս, առաջին անգամ, ես հույս ունեմ, որ մենք կունենանք լավ ընտրություններ, որովհետև քննարկումներն այդ հունով են գնում։ Ինչ կլինի այդ ընտրությունների արդյունքում, այն ժամանակ արդեն կքննարկենք։ Բնականաբար, մեր համագործակցությունը միտված է ապագային, մեկ տարվա համագործակցություն չէ սա»։

Հանրաքվեից առաջ Դաշնակցությունը պնդում էր, որ սահմանադրական փոփոխություններով իրական իշխանափոխության հնարավորություն է ստեղծվում։ Հարցին՝ եթե այդ մեխանիզմը կա, ինչո՞ւ է Դաշնակցությունը ոչ թե գնում փոփոխության, այլ ընտրություններից մեկ տարի առաջ գնում է իշխանության մաս կազմելու, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը պատասխանեց. - «Որովհետև սահմանադրական փոփոխությունները մենք արել ենք նրա համար, որ երկրում բան փոխվի։ Երկրում բան փոխելու համար մեր մասնակցությունը, պատասխանատվությունը, աշխատանքը մենք այսօր անհրաժեշտ ենք գտնում։ Կա առաջարկություն իշխող կուսակցության կողմից, և մենք պահվենք մեր մատի հետևում և ասենք՝ «ոչ, մենք ստեղծել ենք պայմաններ, մեկ տարի հետո կգանք իշխանափոխություն կանե՞նք»։ Ոչ, իշխանափոխություն մենք մեր համար չենք ասում, մենք ասում ենք՝ «Հայաստանում պետք է լինեն այնպիսի պայմաններ, այնպիսի ընտրական համակարգ, որը հնարավորություն տա ժողովրդի քվեով իշխանափոխություն իրականացնել»։

Ըստ Վարդանյանի, այսօր կա աշխատելու դաշտ, և ՀՅԴ պատրաստ է աշխատել։ «Գիտեք, դժվար է այս ամենածանր տնտեսական, նաև սոցիալական այս բարդագույն պայմաններում գնալ նման պատասխանատվության, բայց սա Դաշնակցությունն է։ Ուրիշներն այսօր փորձում են հեռու փախչել, պոպուլիստական ինչ-որ բաներ անել, մտածել հաջորդ ընտրություններում մի քանի ձայն ավել հավաքելու մասին։ Մեզ համար սա չէ էականը, մեզ համար էականը՝ երկրում որակական փոփոխություններն են, մեր քաղաքացիների մոտ դրական ակնկալիք առաջացնելը։ Կարծում եմ՝ դա մեզ հաջողվելու է», - ասաց Վարդանյանը։

XS
SM
MD
LG