Մատչելիության հղումներ

Լոռու մարզում խոշորացված նոր համայնքի ղեկավարի՝ Թումանյան քաղաքին միավորված վեց գյուղերի համայքապետի պաշտոնին միայն մեկ թեկնածու է հավակնում՝ գործող քաղաքապետ Լևոն Զավարյանը:

Առաջիկա կիրակի կայանալիք ընտրություններից առաջ Հանրապետական կուսակցության թեկնածուն հասցրել է լինել միավորվող բոլոր գյուղերում և նախընտրական խոստումներ տալ: Գյուղացիները մինչդեռ թերահավատ են: Խոստումներ շատ են լսել, աչքի տեսածին են հավատում:

«Էլի նույնը պարապությունը պտի լինի, ոչ մի բան էլ չի լինի»։ «Պետք ա տենաս, աշխատես, փողը ստանաս, ջեբումդ դնես, նոր հավատաս»,- ասում էին գյուղացիները։

Դեռ տարեսկզբին կառավարության որոշմամբ միավորված համայնքներում դադարեցվեցին գյուղապետերի ու ավագանու անդամների լիազորությունները, նշանակվեցին նոր ընտրություններ: Ապրիլի 1-ից գյուղապետարաններում կաշխատեն միայն երկուսը՝ գյուղի ներկայացուցիչն ու օպերատորը: 29-ամյա Լենան Քարինջի գյուղապետարանում էր աշխատում, խոշորացումից հետո զրկվել է աշխատանքից ու ամսական 35 հազար դրամ եկամտից: Այլ աշխատատեղ գյուղում չկա:

«Իմ երեխեքին պապաս ա պահում. կարող էի էրեխեքիս ինչ-որ շոր առնեի էդ 35 հազարով։ Ես չեմ կարող ամեն անգամ պապայիս ասեմ՝ գումար տուր»։

Մինչ գյուղացիները կրճատումներից են խոսում, Թումանյանի քաղաքապետ Լևոն Զավարյանը այլ տեսանկյունից է նայում հարցին՝ մեծ խնայողություններ են անում:

«Խոսքի՝ Մարցում 7 հոգի աշխատող ունեն։ Ես գյուղապետին ասի՝ 7-ն ի՞նչ են անում, հիմա 2 հոգի մնալու է, երրորդը ջուր մատակարարարողն է։ 4 հոգի կրճատվեց։ Մենակ էդ աշխատողների կրճատումն են ասում, բայց դրա հետ միասին էդ բենզինի ծախսերը, այլ տնտեսական ծախսեր, այլ ծախսեր, օգնություններ կան և այլն, սաղ գալիս ա, դառնում մի ընդհանուր բյուջե»,- ասաց Զավարյանը։

Զավարյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ առաջնահերթ պատրաստվում է լուծել գյուղերի ճանապարհների նորոգման, փողոցների լուսավորության, ջրագծերի կառուցման, համայնքային կենտրոնների ստեղծման խնդիրները: Գյուղացիներն իրենց հերթին մատնանշում են աշխատատեղի բացակայությունը, ինչի պատճառով գյուղերն օրեցօր դատարկվում են:

«Ինչ արտադրում է, չի կարում իրացնի, էլ գյուղացին ո՞նց լավ կլինի»։ «Ով ուզում ա գա, ուզում են միացնեն, ուզում են չմիացնեն, եթե աշխատանք չունենք, թեկուզ Ամերիկա գնամ, շատ դժվար է»,- ասում են գյուղացիները։

Զավարյանն ասում է՝ աշխատատեղի խնդիրը գյուղերում կարելի է լուծել մսի և կաթի վերամշակման արտադրամասեր բացելով ու ջերմոցային տնտեսություններ հիմնելով, բայց թե ինչպես և ինչ միջոցներով ՝չգիտի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG