Մատչելիության հղումներ

Լևոն Զուրաբյան․ Քաղաքապետարանը «միտումնավոր բարդացրել է խնդիրը»


Երևանի քաղաքապետարանը արտոնել է մարտի 1-ին Հայ ազգային կոնգրեսի ու «Նոր Հայաստան»-ի հանրահավաքները Ազատության հրապարակում:

Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանի կարծիքով, ճիշտ կլիներ, որ մինչև մարտի 1-ի հանրահավաքի մասին իրազեկում ներկայացնելը «Նոր Հայաստան»-ը դիմեր իրենց՝ միասնական ծրագրեր մշակելու համար:

«Կարծում եմ, որ նրանք կոպտագույն քաղաքական սխալ են կատարել․ առանց մեզ հետ համաձայնության, առանց մեզ հետ քննարկման անգամ, զուգահեռ հայտարարեցին, որ հանրահավաք են անում, և զուգահեռ հայտ են ներկայացրել քաղաքապետարան», - «Ազատության» հետ զրույցում ասաց ընդդիմադիր գործիչը:

«Նոր Հայաստան»-ի ներկայացուցիչ Վարուժան Ավետիսյանը նախընտրեց չմեկնաբանել․ - «Կնախընտրեմ բանակցությունների փուլում մեկնաբանություններից զերծ մնալը և առհասարակ կենտրոնանալը հենց բանակցային գործընթացի վրա, որպեսզի արդյունքը լինի հնարավորինս շուտ և երկուստեք: Եվ առհասարակ մեր ամբողջ ժողովրդի համար ընդունելի»:

Լևոն Զուրաբյանը ընդգծեց, որ 2009-ից ի վեր ՀԱԿ-ն ամեն տարի մարտի 1-ին հանրահավաք է հրավիրում․ - «Երբ իշխանությունը փաստորեն կրակեց սեփական ժողովրդի վրա, այդ իրադարձություններից հետո մենք ռեգուլյալ, ամեն տարի անցկացնում ենք ավանդական հանրահավաք՝ նվիրված այդ ողբերգությանը: Մեր հետ են լինում այդ զոհերի ծնողները, մենք հանրությանը զեկուցում ենք, թե ինչ է արված Մարտի 1-ի ոճրագործության բացահայտման համար և այլն, և այլն»:

Ավետիսյանը հակադարձում է․ - «Ավանդականի փաստարկման վրա հիմնավորումներ կառուցելը ճիշտ չէ: Եթե այդ նույն տրամաբանությամբ շարժվենք, ապա, կարելի է ասել, որ նախկինում մենք մասնակցում էինք, քաղաքական կուսակցությունների մասին է խոսքը, ընտրությունների, ինչո՞ւ հանկարծ հայտվեցին ուրիշ ուժեր, որոնք էլի ուզում են մասնակցել ընտրություններին․․․ Կարծում եմ, պետք է ձեռնպահ մնալ առհասարակ այդ դրույթը կրկնելուց և դրա վրա փաստարկումներ կառուցելուց: Դա ճիշտ ճանապարհ չէ»:

Քաղբանտարկյալներին ազատ արձակելու, Մարտի 1-ի մեղավորներին ու սահմանադրական հանրաքվեն կեղծողներին պատժելու օրակարգով քաղաքական ուժերին՝ այդ թվում ՀԱԿ-ին, առաջարկելով մարտի 1-ին միասնական հանրահավաք անցկացնել՝ «Նոր Հայաստան» շարժումը նաև իրազեկում էր ներկայացրել քաղաքապետարան: Ավելի վաղ դիմել էր նաև ՀԱԿ-ը:

Երեկ քաղաքային իշխանությունները երկու ուժերին էլ թույլատրեցին մարտի 1-ին Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնել:

Լևոն Զուրաբյանի կարծիքով՝ քաղաքապետարանը «միտումնավոր բարդացրել է խնդիրը»․ - «Նման որոշում ընդունելը ոչ այլ ինչ է, քան իշխանության կողմից ուղղակի սադրանք: Լուծումները օրինական կային․ նրանք կարող էին որոշել տարբեր տեղերում տալ հնարավորություն, կամ ժամերը տարբեր լինեին, և նորից այդ հնարավորությունը կպահպանվեր՝ հետագայում բանակցելու, միգուցե, այնուամենայնիվ, միասնական դարձնեինք: Բայց քաղաքապետարանի որոշումը ուղղակի չի տեղավորվում ո՛չ օրինականության, ո՛չ քաղաքական տրամաբանության որևէ շրջանակի մեջ»:

Կոնգրեսը, այդուհանդերձ, չի մերժել «Նոր Հայաստան»-ի առաջարկը: Այն քննարկվում է: Զուրաբյանի կարծիքով, միասնական հանրահավաք անելու համար հարթակում կանգնած բոլոր ուժերը պետք է «նույն կարգախոսով հանդես գան», «հանրահավաքի ընթացքի մասին նույն պատկերացումներն ունենան»․ - «Իսկ այդպիսի բաները ոտքի վրա չեն արվում: Կարող է նման անհամաձայնությունը ուղղակի վնասակար լինի Մարտի 1-ի զոհերի հիշատակին պատշաճ ձևով հարգանքը տալու, բազմաթիվ այլ նպատակների համար, որ այդ հանրահավաքը իր առաջ դնում է»:

Ավետիսյանը, մինչդեռ, համոզված է, որ միասնական հանրահավաքը «միակ ճիշտ տարբերակն է»:

Հարցին՝ ՀԱԿ-ի հետ ընդհանուր հայտարարի չգալու դեպքում հնարավո՞ր է, որ հետաձգեն հանրահավաքը կամ փոխեն դրա անցկացման վայրը, Ավետիսյանն արձագանքեց․ - «Ես չեմ կարող այդ հարցին պատասխանել, որովհետև մենք ունենք կառավարման կոլեգիալ մարմին՝ քաղաքական խորհուրդը, որը որոշումներ է կայացնում, և ուստի ուղղակի իրավասու չեմ այդ հարցին այս պահին պատասխանելու»:

Լևոն Զուրաբյանն ասաց․ - «Մենք, բնականաբար, կաշխատենք այդ խնդիրը լուծել այնպես, ինչպես պատշաճ է հավասարակշիռ, լուրջ մի ուժի, որը միշտ բարձր է պահել Մարտի 1-ի ոճրագործության դատը»:

XS
SM
MD
LG