Մատչելիության հղումներ

logo-print

Ընտրակեղծարարը՝ «սկզբունքային և գաղափարական»


Քվեարկություն ընտրատեղամասերից մեկում, արխիվ

Քվեարկություն ընտրատեղամասերից մեկում, արխիվ

Դատարանում այս անգամ ևս փորձ չարվեց՝ հասկանալու կրկնաքվեարկության շարժառիթը:

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատարանի վճռով այդպես էլ չի պարզվի, թե արդյո՞ք ինչ-որ մեկի պատվերով կամ հրահանգով է ընտրակեղծարարության մեջ մեղադրվող ուսանող Գևորգ Խաչատրյանը, ով այսօր դատարանում իրեն լիովին մեղավոր ճանաչեց, կրկնակի քվեարկություն կատարել: Ինչպես մինչ օրս քննված նմանատիպ մյուս գործերի պարագայում է եղել, մեղադրյալն այսօր ևս դատարանում միջնորդություն ներկայացրեց՝ խնդրելով չանդարադառնալ իր արարքի շարժառիթներին ու գործը քննել արագացված կարգով։

Պետության շահերը պաշտպանող դատախազը, ով նախաքննության փուլում միանշանակ դեմ էր արտահայտվել արագացված դատավարությանը, այսօր մտափոխվեց։ Ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտի ուսանողը նիստից հետո էլ չպատասխանեց հարցին՝ ինչու՞ է «Այո»-ի օգտին կրկնակի քվեարկությունկատարել:

Խաչատրյանի փաստաբանը, մինչդեռ, «գիտի ընտրակեղծարարության դրդապատճառը», պնդում է՝ գործազուրկ մոր հետ սոցիալապես անապահով ընտանիքում, տատ ու պապի թոշակով ապրող 19-ամյա երիտասարդը վաղվա օրվա մասին է մտածել։ «Երիտասարդ է, քննարկում է եղել շրջապատում, ընկերների հետ, ինստիտուտում, արդյունքում՝ բոլորն էլ այն կարծիքին են եղել, որ այս սահմանադրական բարեփոխումները խիստ անհրաժեշտ են մեր երկրի համար: Նա էլ դա ընդունել է բավականին լուրջ, հանուն իր սկբունքների փորձել է երկրորդ անգամ գնալ քվեարկել»,-ասաց փաստաբան Ժաննա Կոթիկյանը։

Հանրորեն վտանգավոր արարքի համար դատարանի առջև կանգնած Գևորգ Խաչատրյանին պաշտպանող փաստաբանը զարմանում է՝ ինչու՞ հասարակությունը չի հավատում, որ ընտրակեղծարարները կարող են լինել նաև սկբունքային գաղափարականներ։ «Վատն այն է, որ մենք հավատը կորցրել ենք, մեր երիտասարդների նկատմամբ, մեր ազգի նկատմամբ, բնակչության նկատմամբ և չենք հավատում, չենք ուզում պատկերացնել, որ մարդիկ կարող են հանուն իրենց սկզբունքների իսկապես նաև այնպիսի արարք կատարել, որպեսզի սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ «Այո»-ի տարբերակն անցնի»,- շարունակեց փաստաբանը:

Խաչատրյանի վճիռը կհրապարակվի առաջիկա ուրբաթ օրը: Ի դեպ, 40 տարուց ավելի իրավապահ համակարգի հետ առնչվող նրա փաստաբանը երկու օր առաջ դատարանում պաշտպանում էր մեկ այլ՝ իր խոսով՝ դարձյալ «սկզբունքային» մի ընտակեղծարարի շահերը։

XS
SM
MD
LG