Մատչելիության հղումներ

Կառավարությունը մտադիր է չեղյալ համարել Մարզահամերգային համալիրը վաճառելու որոշումը


Մարզահամերգային համալիր

Մարզահամերգային համալիր

Կառավարությունը մտադիր է չեղյալ համարել անցած տարվա իր որոշումը՝ Մարզահամերգային համալիրի վաճառելու մասին:

Գործադիրի վաղվա նիստի օրակարգում է որոշման նախագիծ, որով ոչ միայն չեղարկվում է համալիրի վաճառքի որոշումը, այլև լուծարվում է «ՆՏԱԱ ինվեստմենտ գրուպ» ընկերության հետ կնքված առքուվաճառքի պայմանագիրը, որովհետև ընկերությունը սահմանված ժամկետում չի կատարել գույքի դիմաց վճարումը:

Անցած տարվա օգոստոսին կառավարությունը որոշեց համալիրը 30 միլիոն դոլարով վաճառել դրանից ընդամենը օրեր առաջ հիմնադրված ու անհայտ «ՆՏԱԱ ինվեստմենտ գրուպ»-ին, որը պարտավորվել էր բացի նշված 30 միլիոնից առաջիկա չորս տարիներին կատարել ևս 100 միլիոն դոլարի ներդրում: Ընդ որում, իշխանությունները որոշեցին համալիրը վաճառել գնահատվածից ավելի քան երկու անգամ էժան. կառույցը և հարակից 9.5 հեկտար հողամասը գնահատվել էր 60.7 միլիոն դոլար:

Հարցերից մեկն այն էր, թե կառավարությունն ինչո՞ւ որոշեց առանց մրցույթի և հենց «ՆՏԱԱ ինվեստմենտ գրուպ»-ին վաճառել հանրապետական նշանակության հուշարձանը:

Համալիրը պաշտպանության նախարարության հաշվեկշռում է, և այն վաճառելու առաջարկը գործադիրին ներկայացրած նախարար Սեյրան Օհանյանը նույնպես այդ հարցին չէր անդրադարձել. փոխարենը պատմել էր, թե նորահայտ ընկերությունը ինչի է պատրաստվում վերածել համալիրը: «Ստեղծել հյուրանոցներ, փակ ջրաշխարհ, համերգային դահլիճներ, հանդիպումների սրահներ, ռեստորաններ խանութներ»,- մանրամասնել էր նախարարը։

Կառավարության այդ նիստում Օհանյանը չէր ասել, սակայն հետո ընդունված որոշումից հայտնի դարձավ, որ ընկերությունը մտադիր է նաև խաղատուն կառուցել համալիրում՝ փաստորեն Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի անմիջական հարևանությամբ: Ի դեպ, որոշումը կայացնելիս կառավարությունում ոչ մեկը հարց չբարձրացրեց՝ որքանո՞վ է նպատակահարմար Ծիծեռնակաբերդում խաղատուն կառուցել:

Հարցերը միայն շատացան, երբ պարզվեց, որ կառույցի համար 130 միլիոն դոլար վճարել պատրաստվող «ՆՏԱԱ ինվեստմենտ գրուպ»-ը գրանցված է հսկայական ճաք ունեցող ու վթարային հիշեցնող շենքում, նույն հասցեում, ուր գտնվում է ընկերության միակ հիմնադիրի՝ Արմեն Զավենի Գևորգյանի բնակարանը:

Տնտեսագետ Արտակ Մանուկյանի խոսքով՝ օրենսդրության համաձայն, եթե որևէ ընկերություն մասնակցում է պետական գնումների, կնքում է պայմանագիր և հետո չի կատարում պարտավորությունները, պետք է տույժ վճարի: Մինչդեռ, կառավարության վաղվա նիստի համար նախատեսված որոշման նախագծում որևէ խոսք չկա նման տույժի մասին:

«Ադեկվատ կառավարությունները նման ռիսկերից խուսափելու համար բանկային երաշխիքներ են պահանջում և այլն. անկեղծ ասած, այն փաստաթղթերից, որոնք հրամցվում են հասարակությանը, պարզ չէ՝ արդյոք եղե՞լ են նման ներդրումային պահանջներ, որովհետև բազմիցս խոսվել էր, որ «ՆՏԱԱ ինվեստմենտ գրուպ»-ը չի կարող լինել արդյունավետ սեփականատեր մի քանի գործոնների պատճառով։ Դա ապացուցվեց, բայց այս դեպքում կարելի է նաև վստահաբար ապացուցված համարել, որ կառավարությունը ևս լուրջ մոտեցումներ և լուրջ բանակցային ընթացակարգ չի իրականացրել»,- ասաց փորձագետը։

Մանուկյանը «անլուրջ» գնահատեց «ՆՏԱԱ ինվեստմենտ գրուպ»-ի ներդրումային ծրագիրը, որը սոսկ մեկ էջ էր՝ ընդհանուր բնույթի ձևակերպումներով.- «Չկային որևէ կարգի հաշվարկներ, թե ինչ սոցիալ-տնտեսական էֆեկտ կունենա, և այդ 100 միլիոնը հենց ինքը, միջազգային փորձն է դա ասում, որ կլորացված թվերով պայմանագրերը մեծ հաշվով նշանակում են, որ դա աչքաչափ է, ոչ թե դրա տակ լուրջ ներդրումային նախագիծ կա և այլն։ Առավելս ևս չկան բաշխումներ՝ առաջին, երկրորդ, երրորդ տարում ինչքան ներդրումներ են իրականացնելու այդ 100 միլիոնից։ Եթե դա չկա, ուրեմն օդից վերցված թվեր են»։

XS
SM
MD
LG