Մատչելիության հղումներ

Մահացած նորածնի հայրը մեղադրում է բժիշկներին


Հիվանդասենյակ Արտաշատի մարզային հիվանդանոցում:

Հիվանդասենյակ Արտաշատի մարզային հիվանդանոցում:

Տիգրան Անտոնյանը համոզված է, որ բժիշկները սխալ որոշում են կայացրել:

Մակար Անտոնյանը իր նորածին երեխայի մահված մեջ մեղադրում է Արտաշատի բժիշկներին․ - «Բժշկուհին տեղում չի եղել: Ես գիտեմ, որ բժշկուհին տանն է եղել: Ուշացումով է եկել․․․ Էդ սաղ հարցեր են․․․ մի վայրկյանը մարդ ա փրկում»:

Անտոնյանը դիմել է ոստիկանության Արտաշատի բաժին՝ դատաբժշկական փորձաքննություն անցկացնելու պահանջով:

Նշում է, որ անպայման հասնելու է նրան, որ մեղավորները պատժվեն․ - «Չեմ ասում՝ տանեն նստացնեն: Սաղս էլ գիտենք, որ չեն նստացնելու։ Ինձ ոչ մի բան պետք չի: Ես ընդամենը ուզում եմ, որ տուգանք մուծի, որ ինքը ֆինանսապես տուժվի ու իմանա, որ լավ, առողջ էրեխեքին իրանք իրավունք չունեն տենց վարվեն»:

Վանաձորցի Անուշ Հարությունյանի փոխանցմամբ, երբ հղի էր իր առաջնեկով, տեղի բժիշկները չէին նկատել առկա խնդիրները․ փոքրիկը, բարեբախտաբար, փրկվել էր մայրաքաղաքում անցկացված հետազոտության շնորհիվ:

Հիմա, երբ սպասում է երկրորդ երեխային, Անուշն այլևս չի վստահում Վանաձորի բժիշկներին․ - «Եթե հնարավորություն ունենան, ինձ թվում է, բոլորն էլ կգան Երևան»:

Վանաձորի պոլիկլինիկայի տնօրեն Նվարդ Քոչարյանը հաստատում է, որ հիվանդները հաճախ նախընտրում են ուղեգիր վերցնել ու մայրաքաղաքում բուժվել․ - «Երևի Երևանի հիվանդանոցները ավելի շատ են ապահովված վերջին, նորագույն տեխնիկայով, դրա համար նրանք գնում են այնտեղ»:

Մարզային պոլիկլինիկաներից շատերն արդեն մի քանի տասնամյակ չեն վերանորոգվել, օգտագործում են հիմնականում խորհրդային տարիներից ժառանգած սարքավորումները:

Մարզերում տրամադրվող բուժօգնության որակին վերաբերող հարցին Առողջապահության նախարարությունից «Ազատության»-ն արձագանքեցին, թե Համաշխարհային բանկի տրամադրած միջոցներից վերջին տարիներին այդ ուղղությամբ ծախսվել է ավելի քան 60 միլիոն դոլար՝ մարզային հիվանդանոցների մոտ մեկ երրորդը վերանորոգելու համար:

Նախարարության ծրագրերի իրականացման գրասենյակի հիվանդանոցային ցանցի բարելավման բաղադրիչի համակարգող Դավիթ Մելիք-Նուբարյանի խոսքով՝ այս հարցով պետք է զբաղվեն գլխավորապես մարզպետարանները, այդուհանդերձ՝ նախարարությունը ևս աջակցում է․ - «Տասնյակ տարի մարզային բժշկական հաստատությունները ուշադրությունից դուրս էին, ու այդ ընթացքում ենթակառուցվածքներն էլ էին եկել, դարձել վատ վիճակի, բժշկական սարքավորումներն էին մաշվել: Եվ մարդկանց մոտ ձևավորվել էր մոտեցում, որ պետք է բուժվել Երևանում: Հետզհետե, ինձ թվում է, մենք կունենանք այստեղ էլ առաջընթաց: Արդեն իսկ ունենք․ բոլոր արդիականացված բժշկական կենտրոններում անխտիր արդիականացումից հետո նկատվում է հիվանդների այցելության զգալի աճ»:

Այնուամենայնիվ, անգամ վերանորոգված հիվանդանոցներում մասնագետների պակաս կա․ նախարարություն կայքում մարզերում բժիշկների թափուր աշխատատեղերի երկար ցանկ է տեղադրված:

«Պարբերաբար նախարարն անձամբ հանդիպումներ է իրականացնում վերջին կուրսի ուսանողների հետ, խրախուսում է, ներկայացնում է, որ արդեն ունենք լավ կենտրոններ», - փոխանցեց Մելիք-Նուբարյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG