Մատչելիության հղումներ

ԵՄ-ն Վրաստանի հետ ազատ վիզային ռեժիմ սահմանելու օրենսդրական առաջարկով հանդես կգա


Գիորգի Կվիրիկաշվիլի,
Գիորգի Կվիրիկաշվիլի,

«Օրենսդրական առաջարկը կներկայացվի արդեն առաջիկա շաբաթների ընթացքում»,- հայտարարել է ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանը:

Արդեն մի քանի շաբաթից Եվրամիությունը կարող է հանդես գալ Վրաստանի հետ ազատ վիզային ռեժիմ սահմանելու օրենսդրական առաջարկով: Այս մասին Բրյուսելում երկօրյա այցով գտնվող Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ հանդիպման ավարտին հայտարարել է Եվրամիության հարևանության քաղաքականության և ընդարձակման գծով հանձնակատար Յոհաննես Հանը:

«Օրենսդրական առաջարկը կներկայացվի արդեն առաջիկա շաբաթների ընթացքում: Դա բավական արագորեն կկատարվի, ինչին Վրաստանն իրոք արժանի է: Երկիրը կատարել է այս ուղղությամբ ստանձնած բոլոր պարտավորությունները` լուրջ առաջընթաց արձանագրելով: Այժմ արդեն որոշողը կլինեն Եվրամիության անդամ պետությունները և Եվրոպական խորհրդարանը»,- հայտարարել է Յոհաննես Հանը:

Նախնական գնահատականների համաձայն՝ Վրաստանի քաղաքացիները 90 օր ժամկետով Շենգենյան համաձայնագրի մաս կազմող Եվրամիության պետություններ այցելելու հնարավորություն կստանան արդեն հունիս կամ հուլիս ամիսներից: Եվրամիության ներքին գործերի, միգրացիայի և քաղաքացիության հարցերով հանձնակատար Դիմիտրիս Ավրամոպուոլսը, սակայն, առայժմ խուսափում է հստակ ժամկետներ նշել:

«Վրաստանի քաղաքացիների համար սահմանվող ազատ վիզային ռեժիմի ժամկետների մասին հնարավոր կլինի խոսել միայն Եվրամիության խորհրդի և Եվրոպական խորհրդարանի կայացրած վերջնական որոշումներից հետո: Մարտի սկզբին էլ ես կայցելեմ Վրաստան` այս ուղղությամբ ձեռնարկվելիք մեր հետագա քայլերը քննարկելու նպատակով»,- նշել է հանձնակատարը:

Եթե Եվրամիություն-Վրաստան հարաբերություններում առաջընթացն ակնհայտ է, ապա նույնը չես ասի ՆԱՏՕ-ի մասին: Վաղը Բրյուսելում կայանալիք ՆԱՏՕ-Վրաստան խորհրդի հերթական նիստից առաջ Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավար Յենս Ստոլտենբերգը հերթական անգամ ակնարկեց, որ իր ղեկավարած կառույցի ներսում Վրաստանի անդամակցության հարցը շարունակում է տարակարծությունների պատճառ հանդիսանալ: Պատասխանելով վրաց լրագրողուհու հարցին՝ Ստոլտենբերգը բացառեց, որ Վրաստանը կարող է անդամակցել ՆԱՏՕ-ին՝ շրջանցելով Անդամակցության գործողությունների ծրագրի փուլը, մի տարբերակ, որի մասին վերջերս հաճախ են խոսում վրացական քաղաքական դաշտի ներկայացուցիչները:

«Անդամակցության գործողությունների ծրագիրը այն քաղաքական կարգավիճակն է, որ շնորհվում է դաշնակիցների կողմից միաձայն` կոնսենսուսի հիման վրա: Այնպես որ մինչև ՆԱՏՕ-ին անդամակցությունը պետք է է համաձայնություն ձեռք բերել Վրաստանին գործողությունների ծրագիր առաջարկելու հարցում»,- ասել է Ստոլտենբերգը:

Վրաստանի` Անդամակցության գործողությունների ծրագրի շուրջ ՆԱՏՕ-ի անդամ պետությունները չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ արդեն շուրջ մեկ տասնամյակ: Հիմնական ընդդիմախոսներն են Գերմանիան և Ֆրանսիան:

XS
SM
MD
LG