Մատչելիության հղումներ

logo-print

Ջեյմս Քլափեր․ «2016-ին ԼՂ հակամարտության սրման հավանականություն կա»


ԱՄՆ-ի Ազգային հետախուզության ծառայության տնօրեն Ջեյմս Քլափեր, արխիվ

ԱՄՆ-ի Ազգային հետախուզության ծառայության տնօրեն Ջեյմս Քլափեր, արխիվ

ԱՄՆ-ի Ազգային հետախուզության ծառայության տնօրենը հանդես է եկել ամենամյա զեկույցով, որում անդրադարձել է նակին ԽՍՀՄ-ի տարածքում ծագած հակամարտություններին:

Միացյալ Նահանգների Ազգային հետախուզության ծառայության տնօրեն Ջեյմս Քլափերն իր ամենամյա զեկույցում նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը 2015 թվականին մնացել է բարձր:

«Բաքվի շարունակական վերազինումը՝ զուգորդված Ադրբեջանի տնտեսական պայմանների վատթարացման հետ, 2016 թվականին մեծացնում են հակամարտության սրման հավանականությունը: Ադրբեջանի հրապարակային մերժողականությունը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ պահանջներից հրաժարվելու հարցում և Հայաստանի դժկամությունը իր հսկողության տակ գտնվող տարածքները հանձնելու հարցում շարունակելու են բարդացնել խաղաղ կարգավորման հնարավորությունը»,- արձանագրում է Ջեյմս Քլափերը:

Գնահատելով Վրաստանում ստեղծված իրավիճակը՝ նա նշել է, որ ռուսական քարոզչության ավելացման պայմաններում Թբիլիսին պետք է մեծացնի ջանքերը եվրաատլանտյան ինտեգրացիայի հարցում:

«Լարվածությունը Ռուսաստանի հետ հարաբերություններում շարունակում է մնալ բարձր, և մեր գնահատմամբ, Ռուսաստանը կմեծացնի ճնշումները Թբիլիսիի նկատմամբ», - հավելում է Քլափերը:

Ըստ Ազգային հետախուզության ծառայության տնօրենի, այդ գնահատականը պայմանավորված է Եվրամիության և ՆԱՏՕ-ի հետ Վրաստանի ավելի սերտացած հարաբերություններով:

Կոնգրեսականներին ներկայացված այդ զեկույցում անդրադարձ կա նաև «Միացյալ Նահանգներում բնակվող ահաբեկիչների» և «Իսլամական պետության» ծայրահեղականների հետ կապված սպառնալիքներին, Հյուսիսային Կորեայի միջուկային փորձարկումների և Ռուսաստանի գործունեությանը:

Ջեյմս Քլափերը հատուկ ուշադրություն է հրավիրել «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորմանը: Միացյալ Նահանգների Ազգային հետախուզության ծառայության տնօրենն ասել է՝ «նրանք անցած 15 ամիսներին փորձել են կամ իրականացրել են հարձակումներ Սիրիայից և Իրաքից դուրս»:

Քիմիական զենքի կիրառման նախադեպերի առնչությամբ Միացյալ Նահանգների Ազգային հետախուզության ծառայության տնօրենը նշել է․ - «Քիմիական զենքերը շարունակել են սպառնալիք հանդիսանալ Սիրիայում և Իրաքում: Դամասկոսը կիրառել է քիմիական զենք՝ ընդդիմության դեմ, մի քանի անգամ այն բանից հետո, երբ Սիրիան միացել է քիմիական զենքերի մասին համաձայնագրին: «Իսլամական պետությունը» նույնպես կիրառել է քիմիական զենք Իրաքում և Սիրիայում»:

Ջեյմս Քլափերը ռուսական ռուբլու անկմանը, բնակչության շրջանում առկա դժգոհություններին անդրադառնալով՝ նկատել է, որ ռուսական իշխանությունները նյարդայնանում են նման արձագանքներից:

Նա գնահատել է նաև ռուս-ուկրաինական հարաբերությունները՝ նշելով՝ 2016 թվականին անհրաժեշտ է երկարաձգել Մինսկի համաձայնագրի ժամկետը:

Միացյալ Նահանգների Ազգային հետախուզության ծառայության տնօրենն ասել է, որ «շփման գծում և անջատողականների հսկողության տակ գտնվող տարածքներում հրադադարի խախտումները բարդացնում են քաղաքական կարգավորումը և իրավիճակի լարվածության մեծացման հնարավորությունը պահպանվում է»:

Ջեյմս Քլափերի գնահատմամբ, Ուկրաինան պետք է շարունակի դիմակայել լուրջ մարտահրավերներին՝ փոփոխություններ կատարելով Սահմանադրության մեջ:

XS
SM
MD
LG