Մատչելիության հղումներ

Ուսումնասիրություն․ Արարատյան դաշտում տասնյակ գյուղեր ջրազրկված են ձկնաբուծության պատճառով


Արարատյան դաշտում առնվազն 30 գյուղ զրկված է խմելու և ոռոգման ջրից իրար հետևից բացվող ձկնաբուծարանների և ջրային պաշարների անարդյունավետ կառավարման պատճառով՝ փաստում է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ուսումնասիրությունը։

Վիճակը շտկելու համար Միացյալ Նահանգների կառավաությունը 3 միլիոն դոլար է տրամադրում Հայաստանին՝ Արարատյան դաշտում ստորերկրյա ջրերի պաշարները վերականգնելու համար։

Գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Քարեն Հիլիարդը կարևորում է ծրագիրը՝ փաստելով, որ այս տարածքը ապահովում է Հայաստանի գյուղատնտեսական արտադրանքի 40 տոկոսը․ - «Այստեղ մի քանի խնդիրներ կան: Առաջին հերթին՝ ձկնաբուծությունը բավականին արագ, ինչ-որ տեղ՝ անկառավարելի էր զարգանում և ապօրինի ջրօգտագործողներ կային: Բացի այդ, նախկինում արտեզյան ջուրը շատ էժան էր, գրեթե ձրի, ինչը նպաստում էր ջրի անխնա օգտագործմանը»:

Մինչև 2015 թվականը ձկնարտադրողները մեկ խորանարդ ջրի դիմաց վճարում էին ընդամենը 5 լումա։ Ամիսներ առաջ կատարված փոփոխությամբ նրանց համար ստորերկրյա ջրի մեկ խորանարդի արժեքը սահմանվեց 50 լումա, այն դեպքում, երբ գյուղացիները ոռոգման համար վճարում են 22 անգամ ավելի՝ 11 դրամ։ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը հորդորում է կառավարությանը վերանայել դրույքաչափերը։

Բնապահպանները ողջունեցին, ձկնաբույծները՝ քննադատեցին այս ծրագիրը, որը մեծացնում է վերահսկողությունը ջուր օգտագործողնեի նկատմամբ։ Կարծիքների բախումն այսօր անգամ անձնական վիրավորանքների հասավ։

Ձկնարտադրողների շահերը պաշտպանող Արթուր Աթոյանը կասկածի տակ դրեց ԱՄՆ գործակալության ուսումնասիրությունը, որի համաձայն Արարատյան դաշտում վերջին 10 տարիներին ստորերկրյա ջրային պաշարները նվազել են 3 անգամ։

«Արդյո՞ք միտում չկա ձկնաբուծության ոլորտը ձկնաբուծության ոլորտը մենաշնորհացման տանելու», - հարցրեց Աթոյանը:

Մինչդեռ բնապահպան Լևոն Գալստյանը, համեմատելով երկրի համար ձկնաբուծարանների տված օգուտներն ու վնասները, պնդեց՝ բազմաթիվ օրենսդրական արտոնություններ ստացած, անգամ շահութահարկից ազատված ձկնաբույծները պարզապես վատնում են բնական պաշարները:

«Ձկնարդյունաբերողները վերցնում են ամենալավ որակի ջուրը և դրա համար վճարում են ընդամենը 50 լումա: Գյուղացին ոռոգման ջրի համար վճարում է 11 դրամ: Հիմա՝ ո՞րն է մեզ համար ավելի առաջնահերթ, ձկնարդյունաբերությո՞ւնը, որ հնարավորության տանք զարգանա և մեր դարավոր պաշարները վերացնի, որը կարող է ոչ թե երեք, այլ 300 տարում էլ չվերականգնվի, թե՞ նպաստենք, որ մարդիկ կարողանան լուրջ գյուղատնտեսությամբ զբաղվել Արարատյան դաշտում», - հարցնում է բնապահպանը:

Ատորերկրյա ջրերն անխնա վատնելու համար քննադատվող ձկնաբույծների շարքում նաև պաշտոնյաներ կան։ Պետական ռեգիստրում ձկնաբուծությամբ և իրացմամբ զբաղվող առնվազն 5 ընկերություն կա, որ ամբողջությամբ կամ մասնակի գրանցված է վարչապետ Հովիկ Աբրահամյանի ու նրա մերձավորների անունով։ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Քարեն Հիլիարդն ասաց՝ ուշադրություն չեն դարձրել, թե ովքեր են տերերը, թեև չթաքցրեց՝ ունեն որոշակի տեղեկություններ․ - «Մենք չգիտենք ում են պատկանում ձկնաբուծարանները և պարզելը մեր խնդիրը չէր։ Գիտենք՝ կան դեպքեր, երբ այլ անուններով են գրանցված ձկնաբուծարանները։ Բայց գիտենք նաև, որ անգամ մեծ ձկնաբուծարանները չափից դուրս շատ ջուր էին օգտագործում, ընդ որում հաճախ՝ ապօրինի և չէին վճարում ջրի դիմաց»։

XS
SM
MD
LG