Մատչելիության հղումներ

Նախարար. Զինվորականությունը պետք է հեռու մնա քաղաքականությունից


Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյան, արխիվ

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյան, արխիվ

Սեյրան Օհանյանը քննադատում է պայմանագրային զինծառայողի քաղաքացիական ակտիվությունը, մինևնույն ժամանակ պաշտպանում «Այո»-ի քարոզարշավին իր մասնակցությունը։

Զինվորականությունը պետք է հեռու մնա քաղաքականությունից. պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր այսպես արձագանքեց «Ազատության» հարցին, թե արդյոք նրա՞ հրահանգով է քաղաքացիական ակտիվիստ, պայմանագրային զինծառայող Տիգրան Մազմանյանն ազատվել աշխատանքից։

«Կարծում եմ՝ այսօր յուրաքանչյուր զինվորական պետք է իր գործով զբաղվի, և չեմ կարծում, թե այդ հիմքը ունի Տիգրանը, որ մեղադրի Զինված ուժերի ղեկավարությանը։ Ինքը զբաղվել է քաղաքականությամբ, Զինված ուժերը այսօր պետք է քաղաքական չեզոքություն պահպանեն, առավել ևս՝ մեկ անգամ զգուշացվել է, դրա համար ինքն իր ցանկությամբ դուրս է եկել բանակից։ Ավելին ասելու ես ոչինչ չունեմ»,- ասաց նախարարը։

Մինչդեռ բողոքի ակցիաների ակտիվ մասնակից, արդեն նախկին զինվորական Տիգրան Մազմանյանը պնդում է՝ աշխատանքից ազատվել է Սեյրան Օհանյանի հրահանգով։ 21-ամյա երիտասարդի խոսքով, ճնշումները սկսվել են անցյալ տարվանից, երբ Շանթ Հարությունյանի ազատության համար խաղաղ հավաքի ու երթի իրազեկում է ներկայացրել Երևանի քաղաքապետարան։

«Նոյեմբերի 5-ին մտա հրամանատարի մոտ, զրույցը գնաց, ու զանգ ա գալիս իրա հեռախոսին։ Խոսելուց հասկացա, որ նախարարի հետ է խոսում, ասում էր՝ «պարո՛ն նախարար, 10 րոպեից ես Ձեզ պատասխան կտամ»։ Թղթերն էր դրած դեմը, ասաց՝ «հիմա որոշումդ ասա՛, մասնակցո՞ւմ ես էսօրվա ցույցին, թե՞ ստորագրում եմ, դուրս ես գալիս աշխատանքից»։ Էդ պահին ընտրեցի ծառայությունը շարունակելը»,- պատմեց Մազմանյանը։

Շաբաթներ առաջ՝ մարտական հերթապահությունից հետո, Մազմանյանը կրկին կանչվել է հրամանատարի սենյակ, այս անգամ արդեն ստորագրել է ազատման դիմումի տակ.- «Գնում եմ հրամանատարի մոտ, սեղանին դրված է լինում իմ անձնական ֆեյսբուքյան էջը՝ արդեն տպած-հանած, բա՝ «չգիտե՞ս ինքը ով ա, խի՞ ես իրա հետ նկարվում»։ Ասում եմ՝ «ընկերս է, կապ չունի ով է, ում տղեն ա, ինքը իմ հարազատն է, իմ ընկերն է, ես իրա հետ նկարվել եմ, էդ արդեն իմ անձնականն է»»։

Նախկին զինվորականի համար անհասկանալի է՝ ինչո՞ւ իր վերադասը՝ պաշտպանության նախարարը կարող է զբաղվել քաղաքականությամբ, իսկ ինքը՝ ոչ։

«Սահմանադրական բարեփոխումների հետ կապված հենց առաջինը ինքը տեսանյութ հրապարակեց և քարոզ արեց՝ «այո» քվեարկեք։ Կոպիտ ասած՝ ոնց որ հրաման տա, որ «այո» քվեարկեք»,- ասաց Մազմանյանը։

Լրագրողներն էլ այսօր բանակը քաղաքականությունից հեռու պահելու կոչ անող նախարարին հիշեցրին՝ նա առաջինն էր պետական պաշտոնյաներից, ով մասնակցեց Սերժ Սարգսյանի նախաձեռնած սահմանադրական փոփոխությունների «Այո»-ի քարոզին։

«Ես քաղաքական պաշտոնի անձնավորություն եմ, քաղաքական թիմի անդամ եմ, և այդ քարոզչության շրջանակներում ես ներկայացրել եմ, թե ինչպիսին է այսօր անվտանգության համակարգը և նոր Սահմանադրությամբ ինչպիսին է լինելու։ Եթե դուք մեր զորամասերում գնաք որևիցե մի տեղ հարցնենք, թե այնտեղ զբաղվե՞լ են քարոզչությամբ, այն ժամանակ կգաք և ինձ կասեք»,- ասաց Օհանյանը։

«Ազատության» հարցին՝ արդյոք նրա այս հայտարարությունը նշանակո՞ւմ է, որ եթե այսուհետ բանակում աշխատող ցանկացած անձ շարունակի քաղաքացիական ակտիվություն դրսևորել, հեռացվելու է Զինված ուժերից, նախարարը պատասխանեց.- «Զինվորականները պետք է զբաղվեն իրենց գործով»։

XS
SM
MD
LG