Մատչելիության հղումներ

ԵՄ-ն կոչ է անում լուրջ վերաբերվել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի զեկույցին


ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկի

ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկի

Եվրամիությունը կոչ է անում լուրջ վերաբերվել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի՝ հանրաքվեն գնահատող ամփոփիչ զեկույցին, որում դիտորդական առաքելությունը քննադատել էր Հայաստանի իշխանություններին:

Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին դիտորդների տված հանձնարարականների կատարումը կապեց Հայաստանի միջազգային հեղինակության հետ։

«Այո՛, Ընտրական օրենսգիրքն ու գործընթացները բարելավման կարիք ունեն, և զեկույցը դրա հերթական ապացույցն է: Լո՛ւրջ ընդունեք այն, կատարե՛ք տնային առաջադրանքը: Հայաստանի ժողովուրդը և պետությունը մեծապես կշահեն, եթե այդ հանձնարարականները, քննադատական մեկնաբանություններն ի կատար ածվեն»,- ասաց ԵՄ դեսպանը։

Եվրոպացի դիվանագետը մեկ առ մեկ թվարկում էր հանրաքվեի թույլ կետերը, որոնք դիտորդներն արձանագրել են զեկույցում՝ ընտրացուցակներ, քվեների հաշվարկ ու ամփոփում։

«ԺՀՄԻԳ-ի թիմը սեփական աչքերով տեսավ, թե ինչպես որոշ քվեներ զրոյացվեցին՝ դեմ գնալով նորմալ ընթացակարգին: Այսինքն մի բան իսկապես սխալ է, որ անգամ դիտորդների ներկայությամբ չի կանխվել արատավոր պրակտիկան: Առանց այս թերությունները հաղթահարելու միշտ լինելու է կասկածի մթնոլորտ, վստահության պակաս, Հայաստանի միջազգային հեղինակությունը դրանից միշտ տուժելու է»,- ասաց Սվիտալսկին։

Հույս հայտնելով, որ իշխանությունները կշարունակեն քննել խախտումների մասին ահազանգերը՝ միաժամանակ Եվրամիությունը կենտրոնանում է արդեն հաջորդ տարվա խորհրդարանական ընտրությունների վրա, որը, ինչպես դեսպանը գնահատեց, վճռորոշ կլինի Հայաստանի ապագայի համար.- «Ընտրական նոր օրենսգիրքը լակմուսի թուղթ է լինելու, թե սահմանադրական փոփոխություններն ուր կտանեն Հայաստանը: Լիահույս ենք, որ այն կվերացնի թերությունները, հանձնարարականները լրջորեն հաշվի կառնվեն և փորձ կարվի կոնսենսուսի հասնել քաղաքական բոլոր ուժերի հետ»:

Արձագանքելով «Ազատության» դիտարկմանը, թե ընդդիմությունը բարձրաձայնում է քաղբանտարկյալների մասին, Պյոտր Սվիտալսկին վկայակոչեց միջազգային զեկույցները։

«Լավ չէ, որ միջազգային հեղինակավոր կազմակերպությունները, ինչպես, օրինակ, Human Rights Watch-ը, համոզմունք ունեն, որ այս կամ այն անձի ձերբակալությանը անհրաժեշտ է հրապարակային գնահատական տալ: Դա չի նպաստում Հայաստանի լավ հեղինակության ձևավորմանը Եվրոպայում, միջազգային հարթակներում»,- ասաց դեսպանը՝ պնդելով, որ այս հարցով կառուցողական քննարկում է ունեցել իշխանությունների հետ ու համոզված է, որ մտահոգություններին պատշաճ լուծում կտրվի:

Եվրամիության պատվիրակության ղեկավարը լավատես է դեկտեմբերից Հայաստանի հետ սկիզբ առած բանակցությունների մասով, չնայած չի մոռացել սեպտեմբերի 3-ը, երբ տարիներ շարունակ բանակցված փաստաթուղթը վերջին պահին մի կողմ դրվեց: Դիվանագետը հույս ունի, որ հիմա գոնե դրա քաղաքական մասը կընդունվի։

«Չնայած Ասոցացման համաձայնագրի տապալմանը, Հայաստանն ամեն տարի 50 միլիոն եվրո է ստանում Եվրոպական միությունից: Սա բավական մեծ գումար է, Վրաստանը ասոցացվել է, Հայաստանից էլ մեծ երկիր է, և 100 միլիոն է ստանում: Հարևանության ծրագրում դուք երկրորդն ենք տրամադրվող գումարի չափով»,- հիշեցրեց դեսպանը:

XS
SM
MD
LG