Մատչելիության հղումներ

ԵՄ-ն բարեփոխումներով է պայմանավորում ցուցաբերելիք աջակցության չափը


Շվեդիայի և Հայաստանի արտգործնախարարներ Մարգոտ Վալստրյոմը և Էդվարդ Նալբանդյանը համատեղ մամուլի ասուլիսում: Երևան, 9-ը փետրվարի, 2016 թ․

Շվեդիայի և Հայաստանի արտգործնախարարներ Մարգոտ Վալստրյոմը և Էդվարդ Նալբանդյանը համատեղ մամուլի ասուլիսում: Երևան, 9-ը փետրվարի, 2016 թ․

Հայաստան - Եվրամիություն բանակցությունների մեկնարկից երկու ամիս անց պաշտոնական Երևանին կրկին հիշեցնում են, որ Հայաստանն ավելի մեծ աջակցություն կստանա Եվրամիությունից միայն ավելի շատ բարեփոխումների դիմաց:

Արևելյան գործընկերության նախաձեռնող երկրներից Շվեդիայի արտգործնախարար Մարգոտ Վալստրյոմի ու Հայաստանի արտգոծնախարար Էդվարդ Նալբանդյանի՝ այսօր Երևանում կայացած համատեղ ասուլիսին Վալստրյոմը հայտարարեց․ - «Շվեդիան այն երկրների խմբում է, որոնք ջանք են գործադրում Արևելյան գործընկերությունը առաջ մղելու և այն Եվրամիության օրակարգում որպես գերակայություն ամրագրելու համար: Դուք կարող եք վստահել մեզ, հույս դնել մեզ վրա: Արևելյան գործընկերության հետ կապված, թերևս, ավելի անհատական մոտեցման ականատեսը կլինենք: Սա նշանակում է երկրների հետ առանձին-առանձին գործ ունենալ՝ կիրառելով «ավելին՝ ավելիի դիմաց» սկզբունքը: Կարծում ենք, ակտիվացված շփումները առաջ գնալու լավագույն ճանապարհն են, որովհետև պետք է հստակ իմանանք, թե այստեղ ինչ է կատարվում, ինչ առաջընթաց ունեն բարեփոխումները: Շրջանակային համաձայնագրի կնքումը այս ամենի լավագույն ցուցիչը կլինի»:

Նոր շրջանակային համաձայնագրի շուրջ Հայաստանի ու Եվրամիության բանակցությունները մեկնարկել են անցած դեկտեմբերին Բրյուսելում՝ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի ու Եվրամիության արտաքին քաղաքականության ու անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի մասնակցությամբ: Սպասվում է, որ Մոգերինին հաջորդ ամիս կայցելի Երևան, ինչը կարող է նոր թափ հաղորդել բանակցություններին:

Օրվա երկրորդ կեսին ընդունելով Մարգոտ Վալստրյոմին՝ Հայաստան - Եվրամիություն բանակցություններից է խոսել նաև նախագահ Սերժ Սարգսյանը՝ մեծապես գնահատելով Եվրամիության աջակցությունը Հայաստանում իրականացվող բարեփոխումներին:

Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը, ով ևս հանդիպել է Մարգոտ Վալստրյոմին՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ միասին, «Ազատության» հետ զրույցում ասաց, թե Հայաստանի իշխանությունները միջազգային հանրության առջև երեք քննություն ունեն հանձնելու, որոնցից առաջինը սահմանադրական հանրաքվեն էր․ - «Դժբախտաբար, Հայաստանի իշխանությունները ձախողեցին առաջին քննությունը: Երկրորդ քննությունը Ընտրական օրենսգիրքն է, որը հետևելու է սահմանադրական հանրաքվեին: Եվ վերջապես՝ 2017 թվականի մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունները: Դրանք վճռական նշանակություն են ունենալու Հայաստանի ապագայի համար, և առաջիկա ընտրությունների արդյունքները շատ ավելի կարևոր են, քան նախորդ ընտրություններինը»:

XS
SM
MD
LG