Մատչելիության հղումներ

Human Rights Watch-ը Ռուսաստանին մեղադրում է Սիրիայում կասետային ռումբեր կիրառելու մեջ


Սիրիա - Անադան քաղաքը հերթական ռմբակոծությունից հետո, փետրվար, 2016թ.
Սիրիա - Անադան քաղաքը հերթական ռմբակոծությունից հետո, փետրվար, 2016թ.

Ըստ զեկույցի, այդ հարձակումներից բազմաթիվ խաղաղ բնակիչներ են տուժում։

Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը Ռուսաստանին մեղադրում է Սիրիայում կասետային ռումբեր կիրառելու մեջ։

Նախօրեին հրապարակած զեկույցում իրավապաշտպանների ներառած տվյալների համաձայն՝ Ռուսաստանը հունվարի 26-ից կասետային ռումբ է օգտագործել Սիրիայի մասնավորապես հինգ բնակավայրերում իրականացրած առնվազն 14 ռազմական գործողությունների ընթացքում, այդ թվում՝ երկրի հյուսիսում գտնվող Անադան քաղաքի զինվորական հոսպիտալի վրա օդային հարձակումների ժամանակ։

«Կասետային ռումբեր են կիրառվել նաև ռազմավարական նշանակություն ունեցող բնակավայրերի՝ Հալեպի, Դամասկոսի, Իդլիբի, Հոմսի և Համայի նկատմամբ վերահսկողություն հաստատելուն ուղղված ռազմական գործողությունների ընթացքում», - ասվում է իրավապաշտպան կազմակերպության զեկույցում։

Հաղորդվում է նաև, որ այդ հարձակումների զոհ է դարձել առնվազն 37 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ կանայք և երեխաներ, իսկ տասնյակ մարդիկ էլ վիրավորվել են։ Հալեպի վրա վերջին հարձակումը առնվազն 20 հազար մարդու ստիպել է լքել Սիրիան։

Զեկույցի հեղինակները մատնանշում են յոթ դեպք, երբ կասետային ռումբեր են կիրառվել հենց այն օրերին, երբ Ժնևում ընթանում էին սիրիական հակամարտության կարգավորմանն ուղղված՝ ՄԱԿ-ի նախաձեռնած բանակցությունները։

Զեկույցը հիմնված է ականատեսների վկայությունների վրա և փաստաթղթերի, որոնք լրագրողներին են տրամադրել բուժաշխատողները։

Զեկույցի հեղինակները կոչ են անում Ռուսաստանին և Սիրիային՝ հրաժարվել կասետային ռումբերից։ Իրավապաշտպան կազմակերպության՝ դեռևս անցյալ տարվա դեկտեմբերին հրապարակած զեկույցի համաձայն, սեպտեմբերի 30-ից, երբ ռուսները սկսել էին Սիրիայում իրենց օդային արշավը, 9 բնակավայրերում արձանագրվել է կասետային ռումբի կիրառման առնվազն 20 դեպք։

Կասետային ռումբը արտաքինից սովորական ռումբ կամ հրթիռի մարտագլխիկ հիշեցնող բարակ պատերով պատյան է, որում տեղադրվում են տասնյակ փոքրիկ ռումբեր կամ ականներ։ Այդ զինատեսակի դեմ տարիներ տևած արշավի արդյունքում 2010 թվականին ստորագրվել է «Կասետային զենքի արգելման» պայմանագիրը։ Այսօրվա դրությամբ դրան միացել է 18 պետություն, սակայն այդ ցանկում չկան կասետային զենքի խոշոր արտադրողները՝ Միացյալ Նահանգները, Ռուսաստանը, Չինաստանը։ Պայմանագիրը մերժել են ևս մի քանի երկրներ, այդ թվում՝ Իսրայելը և Սիրիան։

Ըստ միջազգային մեկ այլ՝ Amnesty International իրավապաշտպան կազմակերպության անցած դեկտեմբերին հրապարակած զեկույցի, Սիրիայում ռուսական օդուժի հարվածներից զոհվել է առնվազն 200 խաղաղ բնակիչ։

Պաշտոնական Մոսկվան հերքում է այս բոլոր մեղադրանքները և պնդում, որ հարվածներ է հասցնում բացառապես «Իսլամական պետության» ահաբեկչական խմբավորումների և այլ ջիհադիստ զինյալների դիրքերին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG