Մատչելիության հղումներ

logo-print

«Նոր Հայաստան»-ը և ՀԱԿ-ը բանակցում են միասնական հանրահավաք անցկացնելու շուրջ


«Հիմնադիր խորհրդարան»-ի նախագահ Գարեգին Չուգասզյանը «Ազատության» տաղավարում, արխիվ

«Հիմնադիր խորհրդարան»-ի նախագահ Գարեգին Չուգասզյանը «Ազատության» տաղավարում, արխիվ

«Նոր Հայաստան»-ը այսօր սկսեց բանակցությունները «Հայ ազգային կոնգրես»-ի հետ՝ մարտի 1-ին միասնական հանրահավաք անցկացնելու օրակարգով։ Հանդիպումից հետո «Հիմնադիր խորհրդարան»-ի նախագահ Գարեգին Չուգասզյանը չբացառեց ընդդիմադիր երկու ուժերի նույն հարթակ բարձրանալը։

«Բանակցությունները չեն ավարտվել, ընթացքի մեջ են։ Մարտի 1-ի շուրջ դիրքորոշումներն էինք քննարկում, և որևիցե բան չեմ բացառում»,- ասաց նա։

Քաղաքապետարան իրազեկում են ներկայացրել թե՛ ՀԱԿ-ը և թե՛ «Նոր Հայաստան»-ը, առաջինը՝ Կոնգրեսը: Ըստ «Հավաքների ազատության մասին» օրենքի՝ եթե կա երկու հավաքների մասնակիցների բախման վտանգ, ապա քաղաքային իշխանությունները ավելի ուշ դիմած ուժին՝ տվյալ դեպքում «Նոր Հայաստան»-ին պետք է պայմաններ առաջադրեն։

«Քաղաքապետարանը պետք է ընդամենը հետևի օրենքին»,- ասաց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։

Զուրաբյանը պնդում է՝ մինչև այսօրվա բանակցությունները միայն մամուլից է տեղեկացել, որ Ժիրայր Սեֆիլյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորած ուժը առաջարկել է միասնական հանրահավաքի օրակարգ՝ քաղբանտարկյալներին ազատ արձակելու, «Մարտի 1»-ի մեղավորներին և սահմանադրական հանրաքվեն կեղծողներին պատժելու պահանջներով։

«Մեզ համար խնդիր չկա։ Մենք մեր ծրագիրը ունենք, անում ենք էն, ինչ արել ենք ութ տարի շարունակ։ Մենք ավանդաբար միշտ անցկացրել ենք մարտի 1-ի հանրահավաքը։ Մեզ համար, իհարկե, անհասկանալի է, թե ինչու պետք է զուգահեռ լինեն այլ դիմումներ»,- ընդգծեց Զուրաբյանը։

Գարեգին Չուգասզյանը լավատեսությամբ էր խոսում միասնական հանրահավաքի հնարավորության մասին. այս օրերին «Նոր Հայաստան»-ը հանդիպումներ է անցկացնում նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ, որի առանցքային գործիչներից է Նիկոլ Փաշինյանը: Փաշինյանին դեռ դեկտեմբերին անձամբ Ժիրայր Սեֆիլյանն էր կանչել հրապարակ։ Ընդդիմադիր պատգամավորը, սակայն, իշխանափոխության ճանապարհային քարտեզի բացակայության պատճառաբանությամբ չմիացավ շարժմանը:

XS
SM
MD
LG