Մատչելիության հղումներ

logo-print

ՀՀԿ-ի վստահված անձին մեղադրանք է առաջադրվել լրագրողի աշխատանքը խոչընդոտելու համար


ՀՀ հատուկ քննչական ծառայությունում (ՀՔԾ) քննվող քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի օրը՝ 2015 թվականի դեկտեմբերի 6-ին, թիվ 5/28 տեղամասում Հանրապետական կուսակցության վստահված անձ Արթուր Խուրշուդյանն իր դիտավորյալ գործողություններով խոչընդոտել է «hetq.am» կայքի ներկայացուցչի՝ Դիանա Ղազարյանի, ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ընթացքը լուսաբանելու լիազորությունների ազատ իրականացմանը:

Խուրշուդյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 1-ին մասով, հայտնում է ՀՔԾ-ն։

Համաձայն ՀՔԾ-ի հաղորդագրության՝ 2015 թվականի դեկտեմբերի 6-ին՝ ժամը 14:25-ին, ՀՀԿ վստահված անձ Արթուր Խուրշուդյանը, ներս է մտել Երևան քաղաքի Բաղրամյան 76 հասցեում գործող թիվ 5/28 տեղամաս և զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցչի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու դիտավորությամբ, մոտենալով hetq.am էլեկտրոնային կայքի խմբագրության հանձնարարությամբ հանրաքվեի ընթացքը լուսաբանող լրագրող Դիանա Ղազարյանին՝ պահանջել է դադարեցնել նկարահանումները, նյութերի նախապատրաստումը և հեռանալ տեղամասից, սակայն վերջինս շարունակել է իր լրագրողական գործունեությունը: Այնուհետև Խուրշուդյանը վերցրել է Ղազարյանի դյուրակիր համակարգիչն ու դուրս եկել տեղամասից՝ իր դիտավորյալ գործողություններով խոչընդոտելով վերջինիս կողմից ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ընթացքը լուսաբանելու լիազորությունների ազատ իրականացմանը:

Քրեական գործի նախաքննությունը ավարտվել է և մեղադրական եզրակացությամբ հանձնվել դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG