Մատչելիության հղումներ

Գալուստ Սահակյանն ընդունել է Սերբիայի Ազգային ժողովի նախագահին


Լուսանկարը՝ Հայաստանի Ազգային ժողովի

Լուսանկարը՝ Հայաստանի Ազգային ժողովի

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Երևան ժամանած Սերբիայի Ազգային ժողովի նախագահ Մայա Գոյկովիչի գլխավորած պատվիրակությանը:

Ազգային ժողովի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Գալուստ Սահակյանը նշել է, որ Հայաստանի համար անակնկալ էր ԵԽԽՎ-ի վերջին նստաշրջանում հակահայկական երկու բանաձևերին սերբական պատվիրակության գրեթե բոլոր անդամների աջակցելու փաստը, ինչը, նրա խոսքով, հակասում է երկու երկրների միջև «բազմամյա բարեկամական հարաբերությունների ոգուն, ինչպես նաև Սերբիայի պաշտոնական դիրքորոշմանը Ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ»:

Գալուստ Սահակյանն անհրաժեշտություն է համարել երկու երկրների խորհրդարանների միջև ակտիվ երկխոսության ձևավորումը և նշել, որ այդպիսով, գուցե, հնարավոր կլինի շտկել Սերբիայի պատվիրակության քվեարկության հետևանքով ստեղծված իրավիճակը:

Անդրադառնալով տարածաշրջանային հարցերին՝ Ազգային ժողովի նախագահը նշել է, որ Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը, որի հանգուցալուծումը Հայաստանը տեսնում է միջազգային հանրության կողմից ընդունված միակ ձևաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության շրջանակում:

«Չնայած նրան, որ Ադրբեջանն ամեն կերպ փորձում է խոչընդոտել հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը՝ մենք շարունակելու ենք հավատարիմ մնալ հակամարտությունը բանակցային ճանապարհով լուծելու մեր դիրքորոշմանը՝ չտրվելով հակառակ կողմի սադրանքներին», - ընդգծել է Սահակյանը:

Անդրադառնալով Հայաստանի և Սերբիայի միջև տնտեսական սերտ կապերի ձևավորմանը, խորհրդարանի նախագահն ասել է. - «Պետք է երկուստեք օգտագործել առկա ներուժը շոշափելի արդյունքների հասնելու համար՝ ի նպաստ երկու ժողովուրդների բարօրության»:

Գալուստ Սահակյանը նշել է, որ Հայաստանի արտաքին քաղաքականության կարևորագույն հարցերից է նաև Հայոց ցեղասպանության ճանաչումը՝ ընդգծելով, որ Հայաստանն ամեն ջանք գործադրելու է միջազգային հանրության կողմից Հայոց ցեղասպանության լիարժեք ճանաչմանը հասնելու համար:

Մայա Գոյկովիչը, կարևորելով գործակցությունը միջազգային կառույցներում, առաջարկել է երկու խորհրդարանների համագործակցությունն ակտիվացնել:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ նա նշել է, որ Ղարաբաղի հիմնախնդիրը պետք է կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, մադրիդյան սկզբունքների հիման վրա:

Նա երախտիքի խոսք է հայտնել Հայաստանին՝ Կոսովոյի հարցում Սերբիայի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG