Մատչելիության հղումներ

ԲՀԿ ներկայացուցիչը տուգանվեց 500 հազար դրամով՝ ուրիշի փոխարեն քվեարկելու համար


Նոր Նորքի դատարանն այսօր արագացված ընթացակարգով քննեց ու պահանջվածից էլ մեղմ պատիժ սահմանեց ընտրակեղծարար Նարինե Հովհաննիսյանի համար՝ նրանք տուգանելով 500 հազար դրամով։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչը, լինելով հանձնաժողովի անդամ, կեղծ տվյալներ էր լրացրել գրանցամատյանում ու մի քանի անգամ քվեարկել ուրիշի փոխարեն։ Ինչո՞ւ, ո՞ւմ կամ ինչի՞ համար. մոտ 30 րոպե տևած նիստի ընթացքում այս մասին ընդհանրապես չխոսվեց։ Ամբողջությամբ ընդունելով մեղադրանքը՝ Հովհաննիսյանը միայն նշեց, որ անգիտակցաբար է մի քանի անգամ քվեարկել ուրիշի փոխարեն։

«Ես ինձ մեղավոր եմ ճանաչում, զղջում եմ, խնդրում եմ սահմանել մեղմ պատիժ»,- ասաց նա։

Տասը հոգանոց բազմազավակ ընտանիքում ապրող, գործազուրկ ԲՀԿ-ականը որպես պատիժը մեղմացնող հանգամանք դատարան էր բերել հարևանների գրությունը՝ իր մարդկային արժանիքների մասին։

Ընտրակեղծիքի դրդապատճառները պարզել չփորձեց նաև պետության ներկայացուցիչ մեղադրող դատախազը։ Չառարկելով արագացված դատաքննության դեմ՝ նա պահանջեց ընդամենը 600 հազար դրամով տուգանել Նարինե Հովհաննիսյանին, թեև արարքի համար տուգանքից բացի նախատեսվում է մինչև 3 տարի ազատազրկում։

Դատարանում չբարձրացված հարցերի պատասխանները փորձեցինք ստանալ նիստից հետո։ «Ազատության» հետ զրույցում 32-ամյա ԲՀԿ-ականը միայն նշեց՝ պատժից դժգոհ չէ։

«Դատավճիռը չեմ բողոքարկելու»,- նաև ասաց նա։

Նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնած սահմանադրական փոփոխություններին աջակցած ԲՀԿ-ում բացառում են, որ հանձնաժողովում իրենց ներկայացուցիչը կուսակցության ցուցումով է կատարել արարքը։

«Հակառակը՝ հստակ հարցադրում է եղել, որ որևէ տիպի ընտրախախտում պետք է բացառել։ Եվ էս վեկտորը շարունակում ենք»,- ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը։

Նույն դատարանում այսօր սկսվեց նաև Կարինե Ստեփանյանի դատավարությունը։ Մանկապարտեզի տնօրենը, լինելով հանձնաժողովի անդամ, ստորագրել ու քվեարկել էր «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Մանե Թանդիլյանի փոխարեն։ Սահմանադրական իրավունքից զրկված Թանդիլյանը տուժող չի ճանաչվել։ «Դ!եմ եմ» քաղաքացիական նախաձեռնությունից հայտնի ակտիվիստին, սակայն, ավելի շատ այլ բան է մտահոգում.- «Այդ մարդը տարիներ շարունակ ի՞նչ սերունդ է դաստիարակում։ Դա ինձ չտեսնված է մտահոգում, որովհետև իմ երեխաներն էլ են գնացել այդ մանկապարտեզ։ Ուզում եմ՝ ամեն մայր, ծնող զգա, որ իր երեխաներին դաստիարակում է մի մարդ, որը կեղծում է ընտրությունները, ինչը քրեական հանցագործություն է»։

Հանրորեն վտանգավոր արարքի համար մեղադրվող մանկապարտեզի տնօրենն արագացված դատավարությունից բացի այսօր միջնորդեց նաև արգելել տեսանկարահանումը։ Ընդունելով, որ կեղծիքի է գնացել, պնդեց՝ չի ցանկանում, որ վարկաբեկվի իր արժանապատվությունը։

«Երբ որ հիշում են արժանապատվությունը, թող դա անեն ճիշտ ժամանակին։ Կեղծելուց առաջ էր պետք հիշել արժանապատվության մասին»,- նկատեց Մանե Թանդիլյանը։

Կարինե Ստեփանյանի դեմ վճիռը կհրապարակվի առաջիկա ուրբաթ։

XS
SM
MD
LG