Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ի ԱԽ-ն պատժամիջոցներ կսահմանի Հյուսիսային Կորեայի դեմ


ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մուն, արխիվ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մուն, արխիվ

ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դեսպանը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն ամեն ինչ կանի, որ ապահովի պատժամիջոցների սահմանումը։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն այս գիշեր անցկացրած արտակարգ նիստում որոշել է կոշտ պատժամիջոցներ սահմանել Հյուսիսային Կորեայի դեմ։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը դատապարտել է հրթիռի արձակումը: Անվտանգության խորհրդի նիստից հետո ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների դեսպան Սամանթա Փաուերը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն ամեն ինչ կանի, որ ապահովի նոր պատժամիջոցների սահմանումը։ Մոսկվան ու Պեկինը ևս խիստ քննադատել են Հյուսիսային Կորեային։

Երեկ՝ փետրվարի 7-ին վաղ առավոտյան, հիշեցնենք, Հյուսիսային Կորեան հեռահար հրթիռ է արձակել։

Հյուսիսային Կորեայի պետական հեռուստաընկերությունը հայտարարել է, թե երկրի առաջնորդ Քիմ Յոնգ Ունի հրամանով արձակված հրթիռը «լիակատար հաջողությամբ» ուղեծիր է հասցրել կորեական «արբանյակը»:

Հարավային Կորեայի և ԱՄՆ-ի ռազմական գերատեսչությունները, մինչդեռ, հայտարարել են, որ իրականում տեղի է ունեցել բալիստիկ հրթիռի փորձարկում, որը միջուկային մարտագլխիկ տեղափոխելու հնարավորություն ունի: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մի շարք բանաձևերով արգելել էր Հյուսիսային Կորեային նման փորձեր անցկացնել: Սակայն արգելքը ոչ միայն անտեսվեց, այլև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի մեկնարկին Ռուսաստանում Հյուսիսային Կորեայի դեսպանությունը հաղորդագրություն տարածեց՝ նշելով, որ Փհենյանը այսուհետ շարունակելու է հրթիռային այս ծրագիրը։

Նշենք՝ Հարավային Կորեան հայտարարել է, թե կասկածներ կան, որ այդ բալիստիկ հրթիռի դետալները ռուսական են, Մոսկվան սա հերքել է, իսկ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը Սեուլի այս մեղադրանքը «հայկական ռադիոյի» անեկդոտի հետ է համեմատել։

Ավելի վաղ՝ հունվարին, Հյուսիսային Կորեան հայտարարել էր ջրածնային ռումբի փորձարկման մասին:

XS
SM
MD
LG