Մատչելիության հղումներ

Փոստանջյան. «Չպետք է թույլ տանք, որ բանտախցում լինեն քաղաքական հայացքների համար անձինք»


Զարուհի Փոստանջյանը՝ օմբուդսմենի պաշտոնում ընտրվելու դեպքում իր առաջին քայլերի մասին։

«Մենք չպետք է ունենանք քաղաքական հայացքների համար բանտախցում մարդիկ, իսկ մենք այսօր ունենք։ Առաջինը պետք է անդրադառնամ այն բոլոր բողոքներին, որոնք վերաբերում են մեր՝ քաղաքական հայացքների համար հետապնդվող անձանց»։ Այդ մասին «Կիրակնօրյա վերլուծական Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը՝ ի պատասխան հարցի, թե որը կլինի առաջին քայլը, եթե ընտրվի օմբուդսմենի պաշտոնում։

Նրա խոսքով, եթե նույնիսկ հայտարարվում է, որ Հայաստանը չունի քաղաքական հայացքների համար բանտարկյալներ, դա լոկ հայտարարություն է։ «Երբ որ մեր քաղաքացիները գնում են Եվրոպա ու այնտեղ ապաստան խնդրում, նրանք ներկայացնում են հիմնավորումներ, և նրանցից շատերը հենց ստանում են քաղաքական հայացքների համար որպես հետապնդվող կարգավիճակ, և սրանք ապացուցված են, այնպես չէ, որ ես ուղղակի ասում եմ։ Այս գործերը վաղը հասնելու են Մարդու իրավունքների եվրոպական դատարան, և Եվրոպական դատարանը Հայաստանի Հանրապետությանը պատժելու է, և հենց այս տեսանկյունից միայն մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի թույլ չտանք, որ բանտախցում լինեն իրենց քաղաքական հայացքների համար անձինք», - ասաց Փոստանջյանը։

Պատգամավորը նշեց, որ երկրորդ կարևոր քայլով պետք է անդրադարձ կատարվի բանակում տեղի ունեցած սպանություններին։ «Որովհետև մենք խնդիր ունենք։ Ասօր հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ մենք, ըստ էության, պատերազմի մեջ ենք, և բանակը շատ կարևոր նշանակության ինստիտուտ է, մենք այնտեղ պետք է ունենանք կարգուկանոն։ Այս երկուսը շատ կարևոր են, իհարկե՝ նաև մնացած բոլոր հարցերը՝ ընտրական օրենսդրությունից սկսած, ընտրական իրավունքների խախտումներ և այլն», - ասաց Փոստանջյանը։

Հարցին, թե ինչպե՞ս է պատրաստվում օգնել հասարակ քաղաքացուն, ով ամենօրյա կյանքում, կենցաղում ենթարկվում է ճնշումների, պատգամավորը պատասխանեց. - «Բոլոր խնդիրները իհարկե պետք է լինեն ուշադրության կենտրոնում։ Քաղաքացու կողքին պետք է կանգնած լինի մարդու իրավունքների պաշտպանը, նա պետք է զգա, որ իրեն ոչ միայն լսում են տվյալ պետական հաստատությունում, այլև իր կողքին կանգնած պաշտպան կա, որը կարող է իր հետ գնալ պետական հաստատություն և պետական հաստատությունից պահանջել իրավունքի իրացում։ Դա պետք է լինի»։

Փոստանջյանն ընդգծեց, որ օմբուդսմենի ինստիտուտը լուրջ ինստիտուտ է, և եթե կարողանան Հայաստանում այդ ինստիտուտի բոլոր գործառույթները իրականացնել, ապա մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում կբարելավվի։ «Հենց դա է պատճառը, որ իշխանությունները չեն ցանկանում այս ինստիտուտը տրամադրել իրապես անկախ մարդու, որն իրենց ենթակա չի լինի և իրենց հանձնարարականները չի կատարի», - ասաց ընդդիմադիր պատգամավորը։

Հիշեցնենք, իշխող Հանրապետական կուսակցությունն այս պաշտոնում առաջադրեց արդարադատության փախնախարար Արման Թաթոյանի թեկնածությունը։ Հարցին, թե արդարացվա՞ծ է Թաթոյանի առաջադրումը, և պատրաստվո՞ւմ է մրցել նրա հետ, Փոստանջյանը պատասխանեց. - «Մրցելու եմ։ Ամենակարևոր օրենքի պահանջն այն է, որ նա պետք է հանրության կողմից վայելի վստահություն, հանրությունը պետք է իրեն դրականորեն ճանաչի, մինչդեռ ես կարծում եմ, որ պարոն Թաթոյանին մեր հանրությունը չի ճանաչում»։

Դիրտարկմանը, թե Թաթոյանն իր առաջին հարցազրույցում ասել է, որ կաշկանդված չի լինելու, կանգնելու է քաղաքացու կողքին, ընդդիմադիր պատգամավորն այսպես արձագանքեց. - «Մեր հանրապետությունում տեղի են ունեցել բազմաթիվ իրադարձություններ, որոնք կապված են եղել մարդու իրավունքների պաշտպանության հետ, և Արման Թաթոյան հանրության կողմից հայտարարություններով հանդես եկեղ անձ ես չեմ ճանաչում, ես իրեն գիտեմ որպես գործադիր իշխանության ներկայացուցիչ և որպես փորձագետ: Գործնականում ինքը դա ցույց չի տվել, հանրությունը դրան ծանոթ չէ, ես էլ նույնպես ծանոթ չեմ»։

«Կիրակնօրյա վերլուծական Թամրազյանի հետ» հաղորդաշարի փետրվարի 7-ի թողարկումը ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․

XS
SM
MD
LG