Մատչելիության հղումներ

Այ Վեյվեյ․ Սահմանները մարդկանց բաժանում են երկու խմբի


Չեխիա – Չինացի ակտիվիստ և արվեստագետ Այ Վեյվեյը իր «Զոդիակի գլուխներ» քանդակաշարի ինստալյացիայի ֆոնին, Ազգային պատկերասրահ, Պրահա, 5-ը փետրվարի, 2016թ․

Չեխիա – Չինացի ակտիվիստ և արվեստագետ Այ Վեյվեյը իր «Զոդիակի գլուխներ» քանդակաշարի ինստալյացիայի ֆոնին, Ազգային պատկերասրահ, Պրահա, 5-ը փետրվարի, 2016թ․

Աշխարհահռչակ չինացի արվեստագետը իր 12 քանդակները բերել էր փայլուն կտորներով փաթաթված

Աշխարհահռչակ չինացի արվեստագետ, ակտիվիստ Այ Վեյվեյն իր վերջին «Զոդիակի գլուխներ» գործով Պրահայում մասնակցում է Ազգային պատկերասրահի 200-ամյակին նվիրված «Մեծահոգություն» ցուցահանդեսին:

Այ Վեյվեյը ցուցահանդեսի բացմանն իր 12 քանդակները բերել էր փայլուն կտորներով փաթաթված: Պրահայի Կարլի համալսարանում հանդիպման ժամանակ չինացի արվեստագետը բացատրեց, որ այդ քայլով ընդդիմանում է Չեխիայում փախստականների դեմ առկա բացասական տրամադրություններին:

«Հունաստանում սահմանին տեսնում էի՝ ինչպես են հղի կանայք, երեխաներ գալիս... գալիս էին շատ վատ վիճակում: Կամավորները փորձում էին նրանց փաթաթել տաք վերմակներով։ Ես էլ իմ քանդակներն եմ փաթաթել, դրանով ես ընդդիմանում եմ մարդասիրության վերացմանը։ Ես ընդդիմանում եմ, քանի որ մարդիկ գալիս են մի տեղ, որտեղ հույս ունեն փրկվել, սակայն նման վերաբերմունքի են արժանանում»,- ասել է Այ Վեյվեյը:

Հունաստան – Չինացի ակտիվիստ Այ Վեյվեյը (աջից) օգնում է Լեսբոս կղզի ժամանող աֆղանստանցի փախստականներին, 25-ը հունվարի, 2016թ․

Հունաստան – Չինացի ակտիվիստ Այ Վեյվեյը (աջից) օգնում է Լեսբոս կղզի ժամանող աֆղանստանցի փախստականներին, 25-ը հունվարի, 2016թ․

Արվեստագետը սկսել է զբաղվել փախստականների իրավունքների պաշտպանությամբ: Արդեն մեկ ամիս է՝ նա արվեստանոց է բացել Հունաստանի Լեսբոս կղզում: Վերջերս նա լուսանկարվել է ծովի ափին անշարժ պառկած՝ նմանակելով խեղդված 2-ամյա Ալան Քուրդիի հայտնի նկարը: Դրանով իսկ չինացի արվեստագետը ևս մեկ անգամ ուշադրություն է հրավիրում փախստականների խնդրի վրա:

Չինաստանի իշխանությունների ընդդիմախոս արվեստագետը ոչ վաղ անցյալում զրկված է եղել ճանապարհորդելու իրավունքից: Երկրի իշխանությունների դեմ գործելու պատճառաբանությամբ Չինաստանի ոստիկանությունը խլել էր Այ Վեյվեյի անձնագիրը 2011 թվականին և 81 օր կալանքի տակ պահել նրան: Արվեստագետն իր անձնագիրը հետ է ստացել միայն չորս տարի անց:

Հատված Կարլի համալսարանում Այ Վեյվեյի հետ զրույցից

«Ազատություն» - Ի՞նչ եք կարծում՝ արդյո՞ք ժամանակակից աշխարհում մարդկանց կարելի է երկու դասակարգի բաժանել. մարդիկ, ովքեր կարող են ազատ ճամփորդել ու մարդիկ, ովքեր զրկված են այդ հնարավորությունից:

Այ Վեյվեյը - Ցավոք սրտի՝ սահմանները միշտ եղել են։ Դրանք մարդկանց բաժանում են երկու խմբի՝ նրանք, ովքեր ուժ ունեն, և նրանք, ովքեր անզոր են:

Մարդու համար պայքարը չի գնահատվում, քանի որ մարդու էությունը եսասեր է ...

Մարդկությունը շատ առումներով զարգացել է, բայց այս առումով մենք պարզունակ ենք մնացել։ 300.000 փախստականները վատ պայմաններում են գոյատևում, կան մարդիկ, ինչպես, օրինակ, Տիբեթում, երբեք անձնագիր չեն ունենա: Այլ շատ վայրերում մարդկանց իրավունքները չեն ճանաչվում:

Այնպես որ մարդիկ, ովքեր իշխանություն ունեն, իրավունքներ ունեն, պետք է գործեն:

«Ազատություն» - Դուք ասում եք, որ արվեստը ակտիվիզմ է, ակտիվիզմը՝ արվեստ: Ի՞նչ եք կարծում՝ ինչպիսի՞ն պետք է լինի ակտիվիստը, որպեսզի իրեն վստահեն, չէ՞ որ կան նաև կեղծ ակտիվիստներ կեղծ ժողովրդավարական համակարգերում:

Այ Վեյվեյը - Մարդու համար պայքարը չի գնահատվում, քանի որ մարդու էությունը եսասեր է, շատ պրակտիկ: Մենք չպետք է մտածենք, որ պայքարողներն ավելի բարձր մարդիկ են, ավելի մեծ բարոյականություն ունեն: Հակառակը, մենք պետք է փորձենք մեր զգացմունքներով կիսվել, երբ շփվում ենք ուրիշների հետ: Եթե այդ կոմունիկացիան չկա, այդպիսի ակտիվիզմն անարդյունավետ է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG