Մատչելիության հղումներ

logo-print

«Չե'ք անցկացնի» նախաձեռնության անդամն էլ ԵԱՀԿ / ԺՀՄԻԳ-ի զեկույցը խիստ է համարում, բայց ոչ բավարար:

Իշխող Հանրապետականը վստահեցնում է՝ այժմ մշակվող նոր Ընտրական օրենսգրքով ընտրական գործընթացներն առավել վստահելի դարձնելու համար լրացուցիչ մեխանիզմներ կմշակվեն:

ԵԱՀԿ / ԺՀՄԻԳ-ի փորձագիտական խմբի վերջնական զեկույցին ծանոթանալուց հետո Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովի նախագահ, հանրապետական Հովհաննես Սահակյանը «Ազատությանն» ասաց՝ երբ խորհրդարան բերվի նոր Ընտրական օրենսգրքի նախագիծը, իր կարծիքով, շատերի մոտ ընտրական գործընթացների նկատմամբ հավատը կվերականգնվի։

«Մենք իսկապես կունենանք այն լրացուցիչ մեխանիզմները, որոնք թույլ կտան ավելի, այսպես ասած՝ գործուն քայլերով վերահսկել: Եվ թերահավատներին կամ․․․ չգիտեմ, այն կազմակերպություններին և քաղաքացիներին, ովքեր մի փոքր թերահավատորեն են վերաբերվում, էդ լրացուցիչ մեխանիզմները միգուցե նաև լրացուցիչ ազդակ լինեն, որ հավատը վերականգնվի»,- ասաց Սահակյանը:

Նա ընդունում է, որ ընտրական գործընթացի հանդեպ վստահությունը նաև կուսակցությունների վստահված անձինք են ձևավորում։ ԵԱՀԿ / ԺՀՄԻԳ-ի զեկույցում նշված դեպքը հիշեցրինք՝ դիտորդներն արձանագրել են, որ Հանրապետականի վստահված անձինք «էականորեն միջամտել են քվեների հաշվարկի գործընթացին»։ Դիտորդներն առաջարկել էին կուսակցություններին իրավական և քաղաքական պատասխանատվություն ստանձնել իրենց վստահված անձանց վարքագծի համար։ Հովհաննես Սահակյանի կարծիքով, խոսքը քրեական պատասխանատվություն ենթադրող արարքների մասին չէ։

«Խոսքը չի վերաբերում քրեական հանցագործությանը կամ քրեաիրավական հարթության մեջ որևէ արարքի, քայլի: Խոսքը կոնկրետ գործողության, այն էլ՝ կուսակցության լիազորությամբ․․․ իհարկե՝ պետք է պատասխանատվություն կրի»:

Հանրապետականի հետ կոալիցիա կազմելու հարցով բանակցող Դաշնակցությունում ևս կողմ են կուսակցությունների պատասխանատվության բարձրացմանը։ ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Լիլիթ Գալստյանի կարծիքով, փաստաթղթում լրջորեն մատնացույց են արվել ընտրական գործընթացի թերությունները: Գալստյանն, այդուհանդերձ, ընդգծում է՝ այս խնդիրների մասին առաջին անգամը չէ, որ դիտորդները բարձրաձայնում են։

«Հատկապես այս զեկույցը խիստ շահեկան եմ դիտում, որովհետև թերությունների առումով շատ շահեկան փաստարկներ կան և մատնացույց են արված թերությունները: Եթե մենք կարողանանք լրջագույն փոփոխություններ անել թե օրենսդրական դաշտում, ինչու չէ՝ նաև մեր վերաբերմունքում, դրանից կշահի մեր պետությունը: Զեկույցին, նախ և առաջ, պետք է վերաբերվել իբրև Հայաստանում քաղաքական իրողության բարեփոխմանն ուղղված փաստաթղթի»,- ասաց ՀՅԴ ներկայացուցիչը:

Միջազգային դիտորդները նաև նշել էին, որ սահմանադրական հանրաքվեն կազմակերպվեց «առանց ԵԱՀԿ / ԺՀՄԻԳ-ի հանձնարարականների ուղղությամբ որևէ նշանակալի քայլ կատարելու», որոնց նպատակն էր ամրապնդել ընտրական գործընթացի հանդեպ հասարակության վստահությունը։ Լիլիթ Գալստյանի կարծիքով, այս հարցում միայն իշխանությունները չէ, որ մեղավոր են։

«Անշուշտ առաջին հերթին իշխանության բացթողումն է, բայց էստեղ պատասխանատվության իրենց բաժինն ունեն նաև քաղաքական ուժերը, ինչ-որ իմաստով՝ նաև քաղաքացիական հասարակությունը, որովհետև միայն էս բոլոր ուժերի մոբիլիզացված, նվիրված, շահագրգիռ վերաբերմունքի արդյունքում մենք կկարողանանք Հայաստանում քաղաքական իրողություններ փոխել, ավանդույթներ շտկել»,- շարունակեց Լիլիթ Գալստյանը:

Սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարող «Չե՛ք անցկացնի» նախաձեռնության անդամ Արշակ Մուսախանյանն էլ պնդում է, որ միջազգային դիտորդների կողմից երկու ընտրատեղամասերում արձանագրված ճնշումները և «Ոչ»-ի քվեների անհետանալու դեպքերը համատարած են եղել: Նա կարևորում է, որ զեկույցում նաև քաղաքական պատասխանատվության մասին է խոսվում: Դիտորդների գնահատականները խիստ է համարում, բայց ոչ՝ բավարար։ «Դա այն չէ, ինչ մենք սպասում էինք, որովհետև դրա միակ ադեկվատ արձագանքը կլիներ այն, որ նրանք հայտարարեն՝ ընտրությունները ոչ լեգիտիմ են և դրանք չի կարելի համարել կայացած»,- գնահատեց Մուսախանյանը:

XS
SM
MD
LG