Մատչելիության հղումներ

Ձերբակալությունից անմիջապես հետո Պերմյակովն իր մեղքը չի ընդունել. ցուցմունք


Վալերի Պերմյակովը դատարանի դահլիճում
Վալերի Պերմյակովը դատարանի դահլիճում

Ավետիսյանների սպանության գործով այսօրվա դատական նիստին ցուցմունք տվեց Բայանդուրի ուղեկալի հրամանատար Միխայիլ Խաչատրյանը, ով պնդեց, թե ինքն է ծառայակցի հետ հայ-թուրքական սահմանին հայտնաբերել ու ձերբակալել Վալերի Պերմյակովին:

«Հունվարի լույս 13-ի գիշերը ես սահմանային ուղեկալում ծառայություն էի իրականացնում սերժանտ Սումբուլյանի հետ։ Երբ ժամանեցինք մեր ծառայության վայրը, լապտերի լույս նկատեցինք։ Մեր՝ «կանգնի՛ր, ո՞վ է գալիս» բացականչությունից հետո անծանոթը պատասխանեց՝ «ես յուրային եմ, գալիս եմ մերոնց մոտ»։ Ես նախազգուշական կրակոց արձակեցի դեպի օդ, սերժանտ Սումբուլյանին հրամայեցի լիցքավորել զենքը և պահել անծանոթի վրա։ Զննությամբ անծանոթի մոտ երեք հեռախոս եմ հայտնաբերել և դրամական միջոցներ։ Դրանից հետո ավագ սերժանտ Մախսուդյանին հրաման եմ տվել ինձ օգնել կապել անծանոթին։ Այդ ընթացքում ինձ զանգահարեց զորամասի հրամանատարը, ես նրան փոխանցեցի ողջ տեղեկությունը։ 20-30 րոպեից ժամանեց զորամասի հրամանատարը և իր հետ տարավ անծանոթին»,- պատմեց Խաչատրյանը։

Պերմյակովին, ըստ իր ցուցմունքի, առաջինը հայտնաբերած զինծառայողը պնդեց՝ ձերբակալությունից անմիջապես հետո Պերմյակովն իր մեղքը չի ընդունել.- «Ասաց՝ «ո՛չ, ոչինչ չեմ արել»։

Ռուսական սահմանապահ ջոկատի աշխատակից Խաչատրյանի ցուցմունքը մոտ երկու ժամ տևեց: Տուժողի իրավահաջորդները բազմաթիվ հարցեր ունեին, մասնավորապես՝ քանի՞ հոգով են Պերմյակովին ձերբակալել, ո՞ւր են տեղափոխել, արդյոք այդ ամենին մասնակցե՞լ են հայկական կողմի ներկայացուցիչներ: Փաստաբան Լուսինե Սահակյանը հետաքրքրվեց՝ ի՞նչ գիտեին, որ հայտնաբերվածը հենց որոնվող զինծառայողն է։

«Ցուցումներ են հասցրել, որ կորել է ծառայողը, լուսանկարը... »,- ասաց Խաչատրյանը։

Տուժող կողմի փաստաբանները հակասություններ գտան վկայի նախաքննական և դատարանում տված ցուցմունքներում: Պատասխանելով տուժողի իրավահաջորդների հարցերին՝ զինծառայողը պնդեց, թե սահմանապահները Պերմյակովի որոնողական աշխատանքները սկսել էին դեռ գիշերով՝ բազայից նրա անհետանալուց քիչ հետո: Երբ հարց հնչեց՝ ինչո՞ւ չէիք նշել դա նախաքննության ժամանակ, զինծառայողը պատասխանեց՝ հայ քննիչները չէին հարցրել: Պատասխանելով փաստաբանների հարցերին՝ վերջինս պատմեց նաև, թե Պերմյակովի ձերբակալությունից հետո տարածք է այցելել սահմանապահ զորքերի օպերատիվ խումբը, կատարվածի մասին տեղյակ են պահել հրամանատարությանն ու Պերմյակովին տեղափոխել զորամաս՝ «ՈւԱԶ» մակնիշի մեքենայով, և միայն այս ամենից հետո կատարվածի մասին տեղյակ պահել հայկական կողմին:

Տուժողի իրավահաջորդներից Երեմ Սարգսյանը ուշադրություն հրավիրեց Պերմյակովի ձերբակալության արձանագրությանը.- «Կարևոր էր այն փաստը, որ երբ վարչական ձերբակալման են ենթարկել, դա բլանկ է, բլանկի վերևի հատվածում տպագիր նշված է, որ այսինչի ձերբակալման մասին հայտնվել է Շիրակի մարզի դատախազին, ներքևում ամսաթվի ու ստորագրության համար տեղ է թողնված, ինչը նշանակում է՝ իրենց համար կարգ է դա, որ պետք է անմիջապես գրավոր տեղեկացնեն մարզի դատախազին, նաև նշեն, թե երբ են տեղեկացրել։ Այդ նշումը չկար, ինչը նշանակում է, որ չեն էլ տեղեկացրել Շիրակի մարզի դատախազին, դա արդեն խախտում է»։

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչները միջնորդեցին, որ հաջորդ նիստին ցուցմունք տա սահմանապահ ջոկատի հրամատար Սերգեյ Մերզլիկինը, սակայն դատարանը հրավիրեց վկայություն տալու Երազգավորս գյուղի բնակչին: Աշոտ Ալեքսանյանը միայն ասաց, որ ավտոմեքենաների տեղաշարժ է նկատել, որն էլ անհանգստացրել է իրեն.- «Երկու ավտո տեսել եմ, չթողեցին մոտիկ գնայի, մութ-մութ էր»։

Եվս երկու սահմանապահի հարցաքննությունից հետո դատական նիստը ավարտվեց, հաջորդ նիստը կկայանա փետրվարի 12-ին։

XS
SM
MD
LG