Մատչելիության հղումներ

«Հայաստանում աշխատողի մեջքը պինդ չէ». արտահանող գործարար


Գործարար Սուրեն Բեկիրսկի

Գործարար Սուրեն Բեկիրսկի

Կառավարությունն իր վերջին նիստերից մեկում հաստատեց արտահանումը խթանելու հերթական ծրագիրը՝ խոստանալով աջակցել հայկական արտադրանքն արտաքին շուկա հասցնելու հարցում։

Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ Հովիկ Աբրահամյանը հանձնարարություններ է տվել և հորդորել էկոնոմիկայի նախարարին հետամուտ լինել դրանց կատարմանը: Մինչդեռ արտահանման դժվարություններին ամեն օր առնչվող «Տոսպ» ընկերության սեփականատեր Սուրեն Բեկիրսկին ասում է՝ Հայաստանում ոչ մի ռազմավարություն և ծրագիր օգուտ չի տա, քանի դեռ խաղի կանոնները ավելի շահավետ են ներմուծողների համար։

«Եթե բաժանենք երկու մասի՝ ստեղծող և վերաբաշխող: Այ, վերաբաշխողը բավականին արագ տեմպերով զարգանում է։ Ինչ-որ մի հաջողված բիզնես է լինում, միանգամից 2-րդ, 3-րդ օրը տեսնում ես, արագ-արագ բացվեցին։ Այսինքն, բիզնես բացելը հեշտ է, բայց մի հատ եկեք փորձենք հասկանալ ինչ բիզնեսներ են բացվում։ Դրանցից շատ քչերն են զբաղված ավելացված արժեք ստեղծելով։ Դա մեր տնտեսության պրոբլեմն է։ Դա հիվանդություն է»,- ասաց Բեկիրսկին։

Տրիկոտաժի ֆաբրիկան այսօր աշխատում է իր հնարավորությունների ընդամենը 20-25 տոկոսի չափով։ Անցած տարվա ընթացքում ստիպված է եղել մոտ 50 աշխատատեղ կրճատել։ Արդեն մի քանի տարի չի կարողանում վերագործարկել փակված արտադրամասերից մեկը։

Սուրեն Բեկիրսկին վստահ է՝ արտադրողը հաջող բիզնես կունենա միայն արտադրանքի առնվազն 75 տոկոսը արտաքին շուկա հանելու դեպքում։ Իրենք անցած տարի կարողացել են արտահանել միայն տրիկոտաժի 60 տոկոսը։ «Արտաքին շուկայում մրցակիցների հետ կռիվ տալու համար մեջքդ պետք է պինդ լինի։ Հայաստանում աշխատողի մեջքը պինդ չէ»,- ասում է գործարարը։

«2007 թվականին մենք տարեկան արտահանում էինք միայն 1 միլիոն դոլարի ծառայություն և միայն Եվրոպա, հետո նվազեց։ 2009 թվականի ճգնաժամը բավականին մեր մեջքը կոտրեց, գումարած՝ ներքին շուկայի՝ մեզ համար հասկանալի ու հայտնի ներքին խնդիրները։ Եթե բոլորը աշխատեն մի ձևով, մի խաղի կանոնով, այդ ժամանակ խնդիր չի ծագի, նա ստվերում է, սա ստվերում չի, ինքը արդեն՝ բիզնեսը կսկսի խախտողներին մեյդանից հանել»։

Գործարար Բեկիրսկին չի հերքում, որ վերջին 2-3 տարիներին արտադրողի նկատմամբ կառավարության մոտեցումները որոշ չափով փոխվել են։ Ավելի հաճախ են հավաքվում խաղի նոր կանոններ սահմանելու համար, սակայն, նրա կարծիքով, «հիվանդություն բուժելը երբեմն անհնար է, եթե ժամանակին միջոցներ չես ձեռնարկել»։

«Մեր էսօրվա պարապ, շուկայից կտրված իրավիճակը, ֆինանսական ցածր պոտենցիալը էսօրվա պրոբլեմը չի, դա 4-5 տարվա խնդիր է, էսօր ուղղակի նոր-նոր սկսեց իրան ցույց տալ, ու իրան ցույց է տալիս շատ ավելի վատ պայմաններում, քան էն ժամանակ, երբ որ սկսվեց։ Էն ճգնաժամը հիմա բոլորիս պուճուրիկ խաղալիք է թվում էսօրվա ճգնաժամի առաջ»,- ասում է գործարարը։

Արդեն 10 տարի տրիկոտաժի արտադրությամբ զբաղվող գործարարն արձանագրում է՝ այսօր հիվանդ տնտեսություն ունեցող Ռուսաստանը դժվար գործընկեր է, բայց կառավարության ճիշտ գործողությունների դեպքում կարելի է օգուտներ ստանալ՝ հաշվի առնելով, որ շատ ապրանքատեսակներ այսօր Հայաստան են ներմուծվում արժեզրկված ռուբլով։

«Ես չեմ կարող տրիկոտաժս տանեմ, զենքը վերցնեմ, ասեմ՝ տղերք, առեք։ Դա իմ ֆունկցիան չէ։ Բայց իմ տված ռուբլով կարելի է ինչ-որ բան առնել, ես էլ ստեղ հանգիստ նստեմ, փողն էլ ռուբլով չստանամ, դրամով ստանամ, իմ ուզած կուրսով։ Ֆիքսեք, ասեք՝ եղբայր ջան, վաղվանից 7 դրամ է։ Ես ինձ համար ֆիքսած ունենամ, նենց մի հատ բոնուս կստանամ չինացու, թուրքի, հնդիկի նկատմամբ։ Ես էդ շուկայում վարող կլինեմ, որովհետև մեջքս պինդ է լինելու։ Ես չեմ ասում, որ լուծումը շատ հեշտ է, բայց շատ ներողություն՝ դուք էլ պատասխանատվություն վերցրած մարդիկ եք»։

Գործարարն արձանագրում է՝ Ռուսաստանի հետ կնքված միջպետական պայմանագրերը Հայաստանի տնտեսությանը ոչ մի առավելություն չբերեցին.- «Մենք էն ժամանակ էլ ունեինք պայմաններ, բայց չէինք աշխատում, հիմա էլ ունենք պայմաններ, բայց չենք աշխատում, ոչ մի բան չփոխվեց։ Իրավունքը ունես, բայց չես անում»։

Պաշտոնական տվյալներով՝ 2015 թվականին նախորդ տարվա համեմատ դեպի Եվրամիություն արտահանումը նվազել է 5.2 տոկոսով, դեպի ԱՊՀ երկրներ՝ 25.3 տոկոսով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG