Մատչելիության հղումներ

Ալիևը Սիրիային նվիրված համաժողովին ավելի շատ խոսել է Հայաստանի մասին


Բրիտանացի ոստիկանները հսկում են դահլիճը, որտեղ ընթանում է «Օժանդակություն Սիրիային» համաժողովը, Լոնդոն, 4-ը փետրվարի, 2016թ.

Բրիտանացի ոստիկանները հսկում են դահլիճը, որտեղ ընթանում է «Օժանդակություն Սիրիային» համաժողովը, Լոնդոն, 4-ը փետրվարի, 2016թ.

Տնտեսական ճգնաժամում հայտնված Ադրբեջանը Մերձավոր Արևելքի փախստականներին օգնելու խոստումներ է հնչեցնում։

ՄԱԿ-ի նախաձեռնությամբ կազմակերպված «Օժանդակություն Սիրիային» համաժողովին մասնակցելու նպատակով աշխարհի գերտերությունների, Եվրամիության բարձրաստիճան ղեկավարների հետ Լոնդոն էր ժամանել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Համաժողովի նպատակը Սիրիայի և հարևան երկրների բնակչությանը հումանիտար օգնություն հատկացնելու համար ֆինանսական միջոցներ հավաքելն է։ Հայաստանը, որը վերջին տարիներին 12 հազարից ավելի սիրիացի փախստական է ընդունել, այս համաժողովին ներկա չէր։

Մինչդեռ սիրիական հակամարտության հարցում երբևէ քաղաքական կամ ռազմական ակտիվություն չդրսևորած Ադրբեջանը հայտարարում է, թե շարունակելու է աջակցել միջազգային ջանքերին՝ սիրիական հակամարտության կարգավորման հարցում: Սիրիական ճգնաժամին Ադրբեջանի ղեկավարը ժամանակ առ ժամանակ անդրադառնում էր, սակայն ոչ թե մտահոգություն հայտնելու կամ կարեկցանքի խոսքեր հնչեցնելու, այլ հիմնականում Արևմուտքին քննադատելու համար։ Ալիևը Եվրոպային և Միացյալ Նահանգներին էր մեղադրում սիրիական արյունալի պատերազմի համար։ Վերջին անգամ Ալիևը Սիրիայից խոսել էր հունվարի 10-ին՝ կառավարության նիստի ընթացքում։

«Այդ մարդկանց ճակատագիրն անշուշտ մեզ մտահոգում է, քանի որ ժամանակին մենք նույնպես բախվել էինք մարդասիրական ահռելի աղետի»,- ասել էր Ադրբեջանի ղեկավարը։

Ուշագրավ է, սակայն, որ սիրիական պատերազմի սկսվելուց ի վեր փախստականների ճակատագրով մտահոգված Ադրբեջանը ընդամենը չորս սիրիացի ընտանիք է ընդունել։ Այս մասին «Թուրան» գործակալությանը հայտնել են ՄԱԿ-ի փախստականների հարցերով գործակալության Բաքվի գրասենյակից։

Նախագահ Ալիևի ելույթն էլ լոնդոնյան համաժողովին ոչ այնքան սիրիացի փախստականներին օգնելու մասին էր, որքան Ադրբեջանի նորագույն պատմության՝ ադրբեջանական մատուցմամբ։

«Մենք ցավ ենք ապրում սիրիացի փախստականների վիճակի համար». սա թերևս Սիրիային վերաբերող այն եզակի միտքն էր, որն Ադրբեջանի նախագահը հնչեցրեց իր երկարաշունչ ելույթում։

Ալիևի ելույթը հիմնականում Հայաստանի մասին էր։ «Հայաստանի ագրեսիվ քաղաքականության հետևանքով Ադրբեջանը 1 միլիոն փախստական ունի, և մենք շատ լավ ենք հասկանում փախստականների հետ կապված խնդիրը»,- ասել է Ադրբեջանի նախագահը՝ շարունակելով.- «1994 թվականին Ադրբեջանի և Հայաստանի միջև հրադադար հաստատվեց։ Ցավոք, այդ ժամանակ բանակցությունների ընթացքում չհաջողվեց լուրջ առաջընթացի հասնել այդ հակամարտության հարցում, և չնայած ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի չորս բանաձևերին՝ հայկական զինուժը Ադրբեջանի բռնազավթված տարածքներից դուրս բերելու մասին, արդեն 20 տարի է՝ Հայաստանը անտեսում է այդ բանաձևերը»։

Առայժմ հայտնի չէ, թե որքան գումար է հանգանակել Ադրբեջանը սիրիացի փախստականներին օգնելու նպատակով կամ որն է նրա ներդրումը սիրիական ճգնաժամի կարգավորման հարցում։

Լոնդոնյան համաժողովի ավարտին հայտնի դարձավ, որ անհրաժեշտ 10 միլիարդ դոլարը հավաքվել է։ Այդ գումարները կուղղվեն Մերձավոր Արևելքի պատերազմներից տուժած մարդկանց՝ փախստականների համար կստեղծվեն աշխատատեղեր, կիրականացվեն կրթական ծրագրեր։ Հավաքված գումարը ավելին է, քան ՄԱԿ-ն էր խնդրում։

XS
SM
MD
LG