Մատչելիության հղումներ

ՀՀԿ․ «Դաշնակցությունը պետք է լիարժեք պատասխանատվություն կրի»


Ընդունելով հանդերձ, որ Հանրապետականը «հրեշտակների հավաքատեղի չէ», ՀՅԴ-ն իշխող ուժի հետ համագործակցությամբ, դրական փոփոխությունների հույս ունի:

Իշխող Հանրապետականը պնդում է, որ Դաշնակցությունը իշխանության մաս կազմելով՝ հավասարապես ամբողջական պատասխանատվություն կրի և՛ դրական, և՛ բացասական զարգացումների համար: Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի փոխանցմամբ, հենց այդօրինակ համագործակցություն է ենթադրում կոալիցիոն կառավարությունը:

«Դա նշանակում է, որ ինչպես նախկինում, տարանջատումներ չանեն, երբ մեր կոալիցիոն գործընկերները կոալիցիայից դուրս էին գալիս և սկսում էին մեկնաբանություններ տալ այն ոլորտների մասին, որոնք որ իրենք ղեկավարել են: Այսինքն՝ իրենք գործ ունեն այս երկու ոլորտի հետ, մնացածի հետ գործ չունեն: Բայց որտե՞ղ մնաց կոալիցիոն համագործակցությունը: Կոալիցիոն համագործակցությունը մենք պատկերացնում ենք, որ ամբողջ պատասխանատվությունը․․․ և՛ դրականին են իրենք տեր, և՛ բացասականին»,- այսօր խորհրդարանում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Վահրամ Բաղդասարյանը: Նա չբացառեց՝ հնարավոր է Դաշնակցության հետ հուշագիր ստորագրվի, այժմ նաև այդ հարցն է քննարկվում:

Դաշնակցությունում, մինչդեռ, չեն մոռանում՝ «իշխող Հանրապետականը հրեշտակների հավաքատեղի չէ»: Այդուհանդերձ, նրանց հետ համագործակցությունը, դաշնակցական Աղվան Վարդանյանի համոզմամբ, կարող է թեկուզ փոքր, բայց դրական փոփոխություններ առաջացնել:

«Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Հանրապետականը զվարթնոց չի, այսինքն՝ հրեշտականոց, հրեշտակարան, հրեշտակների հավաքվելու վայր: Նույնիսկ Դաշնակցությունը զվարթնոց չի, էրեխեք ջան: Եթե մենք համոզված չլինենք, որ ճիշտ բան ենք անում, վստահ եղեք՝ չենք անի»,- ՀՅԴ խմբակցության ճեպազրույցի ժամանակ հայտարարեց խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:

«Ազատության» հարցին ի պատասխան, և՛ Հանրապետական խմբակցության ղեկավարը, և՛ ՀՅԴ խմբակցության քարտուղարն ընդգծեցին՝ 2 ուժերի միջև մի քանի շաբաթ շարունակվող քննարկումները վերաբերում են ոչ թե կարճաժամկետ համագործակցությանը, այլ 2017-ի խորհրդարանական ընտրություններին և դրանից հետո ստեղծվելիք իրավիճակին:

Վահրամ Բաղդասարյան․ - «Այս բանակցություններով մենք պահի խնդիր չենք լուծում: Այս բանակցությունները միտված են ապագային»: Աղվան Վարդանյան․ - «Բնական է, որ խոսվում է նաև ապագայի մասին: Բնականաբար, յուրաքանչյուր քաղաքական ուժ կես տարվա համար չի պլանավորի իր անելիքները»:

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսում հանուն ժողովրդի գործելու և մարդկանց հույս ներշնչելու՝ Հանրապետականի ու Դաշնակցության ազնիվ մղումներին չեն հավատում: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի խոսքով, ժողովրդավարական երկրներում ընտրություններից մեկ տարի առաջ կոալիցիաներ չեն կազմում, այն էլ այն դեպքում, երբ իշխող Հանրապետականը մեծամասնություն ունի: Հետևաբար, ըստ Զուրաբյանի, և՛ Հանրապետականը, և՛ Դաշնակցությունը ունեն իրենց սեփական շարժառիթները:

«Շատ լավ գիտեն, որ վիճակը երկրում շատ վատ է, տնտեսական վիճակը վատթարանում է, և ցանկանում են պատասխանատվության բեռը թեթևացնել, բաժանելով այն այլ կուսակցությունների հետ: Կհարցնեք՝ իսկ Դաշնակցությունն ինչո՞ւ է այդ խնդրի մեջ մտնում, դրա բացատրությունն էլ կարելի է շատ հանգիստ տալ՝ որովհետև Դաշնակցությունը որևէ հույս չունի, որ Հայաստանում նորմալ ընտրություններով, հենվելով ռեյտինգի վրա, կարող է ընտրվել: Դրա համար նա իր միակ հույսը դրել է, որ, օգտագործելով ադմինիստրատիվ լծակները, Հանրապետականի հետ միասին մի կերպ մտնի պառլամենտ: Սա է ամբողջ բացատրությունը»,- պարզաբանեց Լևոն Զուրաբյանը:

Դաշնակցության և Հանրապետականի միջև վերջին շրջանում զարգացող հարաբերությունները Զուրաբյանին «հուզիչ դրամա» են հիշեցնում: Նա «սերիալի սցենարիստներին» հորդորում է փոխել սցենարը, քանի որ այն կարող է ձանձրացնել: «Ամեն օր կա՛մ ամուսնանում են, կա՛մ բաժանվում են, կա՛մ ներում են իրար, հետո նորից են նեղանում․․․»,- պատկերավորեց Լևոն Զուրաբյանը: Իշխող Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի արձագանքը չուշացավ՝ «Բնականաբար, բոլոր տանը մնացածները նման հայտարարություններ են անում»:

XS
SM
MD
LG