Մատչելիության հղումներ

Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Ագարակ քաղաքում երեկ ուշ երեկոյան տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքի առթիվ։ Պարզվել են դեպքի հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, երկու անձ ձերբակալվել է։

Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ փետրվարի 4-ին ժամը 22:15 Մեղրիի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել Սյունիքի մարզի Ագարակ քաղաքի 53-ամյա բնակիչ Հարություն Բադալյանը՝ կրծքավանդակի առաջնային պատի, ձախ գոտկային շրջանի, ձախ ազդրի ծակած կտրած վերքեր, որովայնի ծակած, կտրած թափանցող վերքեր, բարակ աղու ճարպոնի, աղու միջընդերքի վնասում, դեմքի սալջարդ վերքեր և քթոսկրի կոտրվածք ախտորոշումով:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը։ Քննությամբ պարզվել է, որ ժամը 20:30-ի սահմաններում «առերևույթ հանցագործություն կատարած անձինք, նախնական համաձայնությամբ, ուրիշի գույքն ավազակության եղանակով հափշտակելու դիտավորությամբ, որպես զենք օգտագործվող սուր կտրող-ծակող առարկաներով զինված, դիմակավորված, ապօրինի մուտք են գործել Հ. Բադալյանի բնակարանին կից հագուստի վաճառասրահ, կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով՝ Հ. Բադալյանին նստեցրել են աթոռին, կապկպել կպչուն ժապավենով, սուր կտրող-ծակող գործիքով բազմաթիվ հարվածներ հասցրել որովայնի շրջանին և հափշտակելով վաճառասրահում եղած հագուստեղենն ու այլ ապրանքներ՝ դիմել փախուստի»:

Գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով՝ «ավազակություն, որը կատարվել է առողջությանը ծանր վնաս պատճառելով»:

«Օպերատիվ ձեռնարկված քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է ավազակային հարձակում կատարած անձանց ինքնությունը, ովքեր հանդիսանում են Կապան քաղաքի բնակիչներ։ Երկու կասկածյալները հայտնաբերվել են և ձերբակալվել։ Նախաքննությունը շարունակվում է», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG