Մատչելիության հղումներ

Ռիչարդ Միլս․ «Քաջալերում ենք Հայաստանին հետամուտ լինել էներգակիրների դիվերսիֆիկացմանը»


Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլս, արխիվ
Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլս, արխիվ

Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանը պատասխանում է «Ազատության» հարցերին․

«Ազատություն»․ - ԱՄՆ-ը, Եվրամիությունը բազմիցս հորդորել են Հայաստանի իշխանություններին պատշաճ քննություն անցկացնել 2015 թվականի դեկտեմբերի 6-ի հանրաքվեում տեղ գտած ընտրախախտումների կապակցությամբ: Չնայած առկա են դիտորդների, լրագրողների բազմաթիվ հաղորդումները ընտրախախտումների վերաբերյալ, առայսօր [հարցումն ուղարկելու պահին. խմբագրություն] միայն մեկ հոգի է դատարանի վճռով պատժվել, այն էլ՝ պայմանական պատիժ է ստացել, ևս վեց քրեական գործ ուղարկվել է դատարան: Միացյալ Նահանգների կառավարությունը ինչպե՞ս է գնահատում 2015-ի դեկտեմբերի 6-ի հանրաքվեի ընտրախախտումների կապակցությամբ Հայաստանի իշխանությունների ձեռնարկած քայլերը:

Ռիչարդ Միլս․ - Մենք ողջունում ենք Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից մինչ այժմ ձեռնարկված նախնական քայլերը: Հաշվի առնելով ոչ-կուսակցական դիտորդների և Հայաստանի տարբեր քաղաքական կուսակցությունների կողմից ընտրախախտումների վերաբերյալ ներկայացված արժանահավատ հաղորդումները՝ մենք ակնկալում ենք, որ դատարաններ կներկայացվեն հավելյալ գործեր, ինչը կապացուցի, որ ՀՀ կառավարության պաշտոնյաները հավատարիմ են արժանահավատ հաղորդումներով թափանցիկ ու հրապարակային մեթոդների կիրառմամբ լիարժեք քննություններ իրականացնելու վերաբերյալ հրապարակավ ստանձնած պարտավորության կատարմանը:

Օգտվելով այս առիթից՝ մենք նաև կրկին կոչ ենք անում ՀՀ կառավարությանն ու խորհրդարանին նոր ընտրական օրենսգրքում ներառել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի առաջարկները՝ ապահովելու, որ հետագա ընտրությունները Հայաստանի ժողովրդի կողմից դիտարկվեն որպես արժանահավատ, լեգիտիմ և իրենց կամքի իրական արտացոլում հանդիսացող ընտրություններ:

«Ազատություն»․ - Հայաստանի ընդդիմադիր քաղաքական ուժերը, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները քաղաքական բանտարկյալ են համարում ազատազրկված Շանթ Հարությունյանին ու իր համակիրներին, ինչպես նաև Գևորգ Սաֆարյանին: Հայտնի է, որ վերջին շրջանում այդ մարդիկ դիմել էին հացադուլի և ջրադուլի՝ բարձրաձայնելով բանտում իրենց նկատմամբ կիրառված ճնշումների, ազատազրկման վատ, անապահով պայմանների մասին: Ի՞նչ դիրքորոշում ունի ԱՄՆ-ի կառավարությունը նշված անձանց բանտարկված լինելու փաստի առնչությամբ: Հորդորե՞լ եք արդյոք Հայաստանի իշխանություններին՝ վերացնել նրանց ազատազրկումը կամ բարելավել բանտարկության պայմանները:

Ռիչարդ Միլս․ - ԱՄՆ-ի դեսպանությունը տեղյակ է և շարունակում է երկու գործերին էլ հետևել: Մենք հնչեցրել ենք մեր մտահոգությունը նախնական կալանքի, ինչպես նաև նախնական կալանքի տակ գտնվողներին դատապարտյալների հետ պահելու փաստի վերաբերյալ. այս խնդիրը նաև հիշատակվում է Պետքարտուղարության մարդու իրավունքների մասին 2014 թվականի զեկույցի հայաստանյան հատվածում: Մենք ողջունում ենք արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի վերջին հայտարարությունը, որտեղ նա հստակեցրեց կալանքի տակ գտնվելու ժամանակահատվածում պարոն Սաֆարյանի ապահովությունը երաշխավորելու իր հանձնառությունը:

«Ազատություն»․ - Իրանի նկատմամբ միջազգային պատժամիջոցների չեղարկումից հետո հայաստանյան իշխանությունները, գործարար հանրությունը և փորձագետները բազմիցս արտահայտվել են հայ-իրանական տնտեսական, քաղաքական, ռազմական կապերի խորացման օգտին: Ի՞նչ դիրքորոշում ունի ԱՄՆ-ի կառավարությունը Հայաստան-Իրան տնտեսական, քաղաքական, ռազմական կապերի խորացման վերաբերյալ:

Ռիչարդ Միլս․ - Հայաստանն իր ցանկացած թվով երկրների հետո ամուր և փոխշահավետ հարաբերություններ կերտելու ինքնիշխան իրավունք ունի: Իրանի հարցում Միացյալ Նահանգների կառավարությունը երախտագիտությամբ է ընդունում այն դերակատարումը, որ Համատեղ համալիր գործողությունների պլանի ձևավորմանը հանգեցրած դիվանագիտական աշխատանքների հնարավորության ապահովման հարցում ունեցավ Հայաստանը՝ տարիների ընթացքում լիարժեքորեն հարգելով Իրանի նկատմամբ միջազգային հանրության պատժամիջոցները, նույնիսկ այն դեպքերում, երբ դա Հայաստանի ու Հայաստանի տնտեսության համար գին ուներ: Իսկ հունվարի 16-ին ազդարարվեց Իրականացման օրը, և բնական է, որ Հայաստանը սկսի մտածել, թե պատժամիջոցների վերացումը ինչ հետևանքներ կարող է ունենալ Իրանի հետ իր քաղաքական ու տնտեսական կապերի վրա:

«Ազատություն»․ - Արդյո՞ք ԱՄՆ-ի կառավարությունում գտնում են, որ էներգետիկ ոլորտում հայ-իրանական համագործակցության ընդլայնումը կարող է Հայաստանը էներգակիրներով ապահովելու այլընտրանքային միջոց լինել և թուլացնել էներգետիկ ոլորտում Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից:

Ռիչարդ Միլս․ - Մենք վաղուց ի վեր քաջալերում ենք Հայաստանին հետամուտ լինել էներգակիրների դիվերսիֆիկացմանը, մասնավորապես՝ դիտարկել այլընտրանքային/վերականգնվող աղբյուրներից և տարածաշրջանային ավելի լայն ինտեգրումից բխող հնարավորությունները, որոնք թույլ կտան մեծացնել էներգետիկ անվտանգությունն ու խուսափել գերկախվածությունից՝ որևէ մեկ կողմից կամ որևէ մեկ տեսակի էներգակրից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG