Մատչելիության հղումներ

Թալիշ խմբագիրը ՄԻԵԴ-ում շահեց Ադրբեջանի դեմ դատը


«Թոլիշի Սադո» թերթի խմբագիր Հիլալ Մամեդով, արխիվ
«Թոլիշի Սադո» թերթի խմբագիր Հիլալ Մամեդով, արխիվ

Եվրադատարանը “Давай до свиданья” հայտնի տեսանյութի հեղինակի գործով Բաքվին պարտավորեցրեց վճարել 15 հազար 500 եվրո։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը «Թոլիշի Սադո» («Թալիշի ձայն») թերթի խմբագիր Հիլալ Մամեդովի գործով որոշել է, որ Ադրբեջանում նրա իրավունքները խախտվել են։

Եվրոպական դատարանի հինգշաբթի օրը հրապարակած վճռում նշված է, որ 2012 թվականի հունիսին ձերբակալված Մամեդովի նկատմամբ ոստիկանները բռնություններ են կիրառել, վիրավորել են նրա ազգային արժանապատվությունը։

Դատարանը նշել է, որ նրա իրավունքները խախտվել են կրկնակի՝ Մամեդովը խոշտանգումների է ենթարկվել, ինչպես նաև չեն հետաքննվել նրա բողոքները։

Դատարանի որոշմամբ, Ադրբեջանի իշխանությունները 13 հազար եվրո են վճարելու Մամեդովին՝ որպես փոխհատուցում, ինչպես նաև 2 հազար 500 եվրո՝ դատական ծախսերի համար։

Contact.az կայքը հիշեցնում է, որ Մամեդովը ձերբակալվել էր ինտերնետում Աստարայի շրջանի Թանգիյուրդ գյուղում տեղի ունեցած հարսանիքի տեսագրությունը Youtube-ում տեղադրելուց մի քանի օր հետո։

Այդ հայտնի՝ “Давай до свиданья” տեսանյութի մասին նա մեկնաբանություն էր գրել, թե ընդամենն այդ մի տեսանյութով նա Ադրբեջանն ավելի հայտնի դարձրեց, քան իշխանությունները՝ «Եվրատեսիլ»-ի անցկացման վրա մեծ գումարներ ծախսելով։

Ազգությամբ թալիշ, թալիշական թերթի խմբագիր Հիլալ Մամեդովը Բաքվի ծանր հանցագործությունների դատարանի կողմից 2013 թվականին դատապարտվել է հինգ տարվա ազատազրկման՝ թմրանյութերի վաճառքի, պետական դավաճանության և էթնիկ ատելություն հրահրելու մեղադրանքներով։

Amnesty International միջազգային իրավապաշտպան հեղինակավոր կազմակերպությունը նրան ճանաչել է խղճի բանտարկյալ։

Կազմակերպությունը խղճի բանտարկյալ է ճանաչել նաև Ադրբեջանում բանտարկված իրավապաշտպան և հայտնի փաստաբան Ինթիգամ Ալիևին։ Երեկ հայտնի դարձավ, որ Իրավաբանների եվրոպական ընկերակցությունը Մարդու իրավունքների պաշտպանի մրցանակը շնորհել է հենց նրան։ Այս ընկերակցությունը ընդգրկում է մոտավորապես մեկ միլիոն իրավաբանների՝ եվրոպական 32 երկրներից։

Ինթիգամ Ալիևը հարկերը թաքցնելու մեղադրանքով ձերբակալվել է 2014 թվականին, հաջորդ տարի Բաքվի դատարանի կողմից դատապարտվել է յոթուկես տարվա ազատազրկման։

«Թուրան» գործակալության փոխանցմամբ, նա նամակ է գրել Իրավաբանների եվրոպական ընկերակցությանը՝ նշելով, որ չնայած բանտային խիստ գրաքննությանը, ինքը աջակցության նամակներ է ստանում բանտարկված Խադիջա Իսմայիլովայից և մյուս իրավապաշտպաններից ու լրագրողներից, ինչպես նաև ընկերներից ու ծանոթներից։

«Մեր սերն ավելի ուժեղ է, քան նրանց ատելությունը։ Որովհետև մեր դավանած արժեքներն են խաղաղությունը, ժողովրդավարությունը և մարդու իրավունքները, իսկ իշխանությունների արժեքներն են ագահությունը և բռնությունը», - գրել է Ինթիգամ Ալիևը Իրավաբանների եվրոպական ընկերակցությանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG