Մատչելիության հղումներ

logo-print

«Պատժամիջոցները չեղարկելու գինը` Ղրիմի վերադարձ»


Ֆրանսիա - Եվրախորհրդարանի շենքը Ստրասբուրգում

Ֆրանսիա - Եվրախորհրդարանի շենքը Ստրասբուրգում

Եվրոպական խորհրդարանը խստացնում է Ռուսաստանի նկատմամբ որդեգրած դիրքորոշումը։ Եթե նախկինում Եվրամիության օրենսդիրներն ակնարկում էին, թե տարատեսակ պատժամիջոցները հնարավոր կլինի մեղմել կամ չեղարկել Ուկրաինայի հարցով Մինսկի համաձայնությունները կատարելու դեպքում, ապա հիմա ներկայացվում է նոր պահանջ` «պատժամիջոցները չեղյալ կհայտարարվեն, երբ Ուկրաինան կվերականգնի հսկողությունը Ղրիմի նկատմամբ»։

Այդ պահանջը տեղ է գտել Եվրախորհրդարանի բանաձևում, որը եվրոպացի օրենսդիրներն ընդունել են երեկվա լիագումար նիստում` քվեների 472 կողմ, 79 դեմ, 33 ձեռնպահ հարաբերակցությամբ։

Փաստաթղթում ասվում է, որ «Եվրախորհրդարանը սատարում է Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը` այդ պետության միջազգայնորեն ճանաչված սահմաններում»։

Բանաձևը, որի առանցքային թեման Ղրիմում մարդու իրավունքների ոտնահարման, մասնավորապես՝ թաթարներին ճնշելու խնդիրն է, հրապարակվել է Եվրախորհրդարանի պաշտոնական կայքէջում։

Եվրախորհրդարանը «բռնակցում» է որակում Ղրիմի միավորումը Ռուսաստանին։ Բանաձևի հենց առաջին կետը սահմանում է Մոսկվային ներկայացված պահանջը` «վերադարձնել Ղրիմը»։

Դա օրենսդիրները համարում են «Ռուսաստանի հետ հարաբերությունները բարելավելու, այդ թվում պատժամիջոցները չեղարկելու պայմաններից մեկը»։

13-րդ կետով Եվրախորհրդարանը Եվրոպական խորհրդին կոչ է անում «պահպանել անմիջապես Ղրիմին վերաբերող պատժամիջոցները, որոնց համաձայն արգելվում է Ղրիմից Եվրոպա ամեն տեսակի արտադրանքի ներմուծումը, Եվրոպայից Ղրիմ որոշ ապրանքների և տեխնոլոգիաների արտահանումը և ներդրումները»։

Այդ կարգը, ըստ բանաձևի, կարող է վերանայվել միայն այն ժամանակ, երբ Ղրիմն ամբողջապես կհայտնվի Ուկրաինայի իրավասության ներքո։

Եվրոպացի օրենսդիրները դատապարտում են «թերակղզու բնակիչների, մասնավորապես թաթարների իրավունքների աղաղակող ոտնահարումները»։

Բացի այդ, բանաձևում դատապարտվում է «Ռուսաստանի կողմից Ղրիմի աննախադեպ ռազմականացումը, որը բացասական ազդեցություն է գործում տնտեսական և սոցիալական կյանքի վրա»։

XS
SM
MD
LG