Մատչելիության հղումներ

Պետաիրավական հանձնաժողովը օմբուդսմենի թեկնածուների դիմումներ առայժմ չի ստացել


Խորհրդարանական խմբակցությունների մեծամասնությունում Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածության շուրջ որոշումներ դեռ չեն կայացրել:

Որպես իշխող քաղաքական ուժի ամենահավանական թեկնածու շրջանառվում է Արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանի անունը: 34-ամյա Թաթոյանը իրավաբանական գիտությունների թեկնածու է, փոխնախարարի պաշտոնը զբաղեցնում է 2013-ի վերջից, նույն թվականից նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի կառավարության լիազոր ներկայացուցչի տեղակալն է:

«Փոխնախարար Արման Թաթոյանը կարող է շատ լավ օմբուդսմեն լինել», - «Ազատության» հետ զրույցում ասաց խորհրդարանի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը (ՀՀԿ): - «Բավականին կազմակերպված, խելացի երիտասարդ կադր է»:

Սահակյանի խոսքով՝ ՀՀԿ-ն ամենայն հավանականությամբ որոշում կկայացնի վաղը գումարելիք խմբակցության նիստում․ - «Բոլոր թեկնածուների շարքում նաև այդ թեկնածուի անունը կքննարկենք»:

Նրա փոխանցմամբ, օմբուդսմենի թեկնածուների դիմումներ պետաիրավական հարցերի հանձնաժողովը դեռ չի ստացել․ - «Ես կարծում եմ, 3-4 թեկնածու առնվազն մենք կունենանք․․․ Օրինակ, Զարուհի Փոստանջյանը, Տիգրան Ուրիխանյանը նույնպես ունի թեկնածու: Մենք, բնականաբար, ունենք, և մեր հանձնաժողովի հանրապետական բոլոր անդամները հանդես կգան մեկ թեկնածուով»:

Այս հանձնաժողովում ներկայացված են խորհրդարանական բոլոր խմբակցությունները: Արծվիկ Մինասյանի խոսքով՝ թեկնածու առաջադրել-չառաջադրելու շուրջ քննարկումները Դաշնակցությունում դեռ շարունակվում են:

Հայ ազգային կոնգրեսը ևս, ինչպես ասաց Գագիկ Ջհանգիրյանը, որոշում չունի:

«Օրինաց երկիր»-ը, Հովհաննես Մարգարյանի խոսքով, պետաիրավական հանձնաժողովում քննարկումների ժամանակ կպաշտպանի Զարուհի Փոստանջյանի թեկնածությունը: Ավելի վաղ ընդդիմադիր այս պատգամավորի թեկնածությունն առաջադրելու պատրաստակամություն էր հայտնել անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը: «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավորները այսօր Հեղինե Բիշարյանի աշխատասենյակում հյուրընկալել էին Փոստանջյանին:

«Գնահատելով նաև իր սկզբունքայնությունը, համարձակությունը․․․ Այսօրվա դրությամբ մենք չենք որոշելու, թե ով է լինելու մարդու իրավունքների պաշտպանը: Այդուհանդերձ կարծում եմ, որ ինքը արժանի է առաջադրվելու», - իր կարծիքը փոխանցեց Հովհաննես Մարգարյանը:

Օմբուդսմենի թեկնածու կարող է առաջարկել Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ: Սակայն հանձնաժողովը առաջարկված թեկնածություններից կընտրի ու խորհրդարանի քննարկմանը կներկայացնի միայն մեկին:

Հովհաննես Մարգարյանը դժգոհ է մի քանի օր առաջ հաստատված այս կարգից․ - «Այսօր մենք ականատես եղանք առաջին ծաղիկին, որ այս սահմանադրական բարեփոխումները, որ թմբկահարվում էր, թե պետք է վերջ դնենք քաղաքական մենիշխանությունը և անձնիշխանությանը, ավելի խորացավ: Ես չեմ պատկերացնում մեկ պատգամավորի թեկնածություն և համարենք մրցակցային և ժողովրդավար ընտրությունը, եթե ուզես-չուզես այդ մի թեկնածուն է»:

Զարուհի Փոստանջյանը կարծում է, որ մարդու իրավունքների պաշտպանի ընտրություններին չմասնակցելը սխալ կլինի․ - «Չի կարելի նահանջել»: Նրա համոզմամբ՝ օմբուդսմենը պետք է լինի մարդու իրավունքների պաշտպանության նվիրյալ․ - «Բոլոր այն պաշտոնյաները, ովքեր նախկինում եղել են արատավորված, ովքեր ներկայացրել են ուժային կառույցներ, և այդ ուժային կառույցները գիտենք, որ մեր մոտ ունեն արատավոր ընկալում, ապա ես չեմ կարծում, որ տվյալ պաշտոնյաները լավագույն թեկնածուներն են»:

Հանձնաժողով դիմումներ ներկայացնելու վերջնաժամկետը լրանում է փետրվարի 9-ին, ժամը 18-ին: Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուին, Հովհաննես Սահակյանի խոսքով, հանձնաժողովը կընտրի փետրվարի 12-ին:

XS
SM
MD
LG