Մատչելիության հղումներ

Սիրիայի հարցով բանակցություններն ընդհատվեցին, պատերազմը շարունակվում է


Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Ստաֆան դե Միստուրա

Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Ստաֆան դե Միստուրա

Սիրիայի հարցով բանակցություններն ընդհատվեցին, պատերազմը Սիրիայում շարունակվում է։ Ասադի զորքերի հաջող հարձակումների ֆոնին Արևմուտքն ու Ռուսաստանն իրար մեղադրում են խաղաղ գործընթացը խաթարելու մեջ։

Ժնևյան բանակցությունները մեկնարկից երկու օր անց ընդհատվեցին։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Ստաֆան դե Միստուրան։ «Ես եկել եմ այն եզրակացության, որ մեկ շաբաթ տևած նախապատրաստական աշխատանքները պետք է շարունակել»,- ասել է Միստուրան։

ՄԱԿ-ի բանագնացը հավաստիացրել է, որ սա ո՛չ վերջն է, ո՛չ էլ բանակցությունների ձախողում։ Առավելագույնը մինչև փետրվարի 25-ը բանակցությունը պետք է վերսկսել, ընդգծել է դիվանագետը՝ առանց հստակեցնելու բանակցությունների ընդհատման պատճառները։

Սիրիայի կառավարությունն ու ընդդիմությունն իրար են մեղադրում գործընթացը ձգձգելու մեջ։ Բանակցությունների ընդհատման հարցն անկասկած կդառնա այսօր Սիրիայի հարցով դոնոր երկրների՝ Լոնդոնում մեկնարկած համաժողովի թեման։ ՄԱԿ-ը անցյալ ամիս դիմել էր միջազգային հանրությանը՝ խնդրելով 7.73 միլիարդ դոլար հատկացնել Սիրիայի և հարևան երկրների ավելի քան 22 միլիոն բնակչությանը հումանիտար օգնություն տրամադրելու նպատակով։

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին, ելույթ ունենալով այս համաժողովին, հայտարարել է, թե պայմանավորվել է իր ռուսաստանցի գործընկեր Սերգեյ Լավրովի հետ՝ քննարկելու հրադադարի պահպանման հնարավորությունները։ Դե Միստուրան, ով նույնպես մասնակցում է այս համաժողովին, ավելի վաղ շվեյցարական RTS հեռուստաընկերության եթերում հայտարարել էր, թե առանց կրակի դադարեցման հումանիտար օգնությունը հնարավոր չէ Սիրիա հասցնել։ Նրա խոսքով՝ այդ օգնությունը կարիքավորներին չի հասնում ո՛չ անձրևի ու վատ եղանակի պատճառով։

Սիրիայի հարցով բանակցությունների ընդհատումը անակնկալ չէր։ Կողմերը և գործընթացին հետևողները կանխատեսում էին, որ բարդ է լինելու, սակայն ոչ ոք չէր սպասում, որ բանակցությունները կընդհատվեն մեկնարկից ընդամենը երկու օր անց։ Թեև ՄԱԿ-ի բանագնացը պնդում է, որ սա ձախողում չէ, այլ ժամանակավոր դադար, սակայն մեկնաբանները նկատում են, որ այդ բանակցությունները՝ որպես այդպիսին, չէին էլ սկսվել։ Հաղորդվում է, որ նախատեսված հանդիպումներից անգամ մեկը չկայացավ։

Այս օրերին Ժնևում աշխատող լրագրողները փաստում էին, որ կողմերը խուսափում էին անգամ նույն ժամին ՄԱԿ-ի ներկայացուցչության շենքում լինել։

Իսկ մինչ այդ, սիրական պատերազմը թեժանում է. լրատվամիջոցները հայտնում են սիրիական բանակի հաջողությունների մասին։ Ռուսական աղբյուրները փոխանցում են, որ սիրիական բանակը ռազմավարական նշանակության տարածքներ է նվաճել, որ ռուսական օդուժը շարունակում է ջախջախել ահաբեկիչներին ու նրանց դիրքերը։

Արևմուտքը, մինչդեռ, հայտարարում է, որ սիրիական բանակի հաջողությունները խափանում են Ժնևում բանակցությունների կազմակերպումը, և Ռուսաստանի թիրախը ոչ թե ահաբեկիչներն են, այլ սիրիական ընդդիմությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG