Մատչելիության հղումներ

logo-print

Նաիրա Զոհրաբյանը համոզված է, որ Հայկազ Բարսեղյանին սպանել են


Հայկազ Բարսեղյանի մայրը դատարանի բակում:

Հայկազ Բարսեղյանի մայրը դատարանի բակում:

«Անմարդկային սպանություն է տեղի ունեցել: Մի բանով պետք է աջակից լինենք, որ մեղավորները ստանան իրենց արժանի պատիժը», - ասաց ԲՀԿ նախագահը:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանն այսօր ներկա էր կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով դատավարությանը: Լրագրողների հետ զրույցում նա մի շարք հայտարարություններ արեց՝ խախտելով, ըստ գործով գլխավոր ամբաստանյալի պաշտպանի, անմեղության կանխավարկածը:

Զոհրաբյանը դատարան էր եկել, ինչպես ինքն ասաց՝ աջակցելու Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի 19-ամյա կուրսանտի հարազատներին։

Չնայած դատավարությունը դեռ սկզբնական փուլում է, պատգամավորը շտապեց հայտարարել՝ կուրսանտին սպանել են․ - «Անմարդկային սպանություն է տեղի ունեցել: Մի բանով պետք է աջակից լինենք, որ մեղավորները ստանան իրենց արժանի պատիժը»:

«Ազատության» դիտարկմանը, թե նախորդ դատական նիստին ամբաստանյալները հայտարարել են, որ իրենք չեն սպանել, իսկ գլխավոր ամբաստանյալ, ռազմական ինստիուտի արդեն նախկին պետի տեղակալ Զարմիկ Թևոսյանի որդու՝ Գնել Թևոսյանի պաշտպան Արա Զաքարյանը շեշտել էր, թե զինվորը ինքնասպանություն է գործել, Զոհրաբյանն արձագանքեց․ - «Ես դա համարում եմ ցինիզմի և լպիրշության ամենավերջին դրսևորում։ Ակնհայտ է, որ սպանություն է, ի՜նչ ինքնասպանություն: Չի կարելի այդքան անդաստիարակ և ցինիկ լինել։ Ամբողջ գործը նայել եմ, դրա համար եմ ասում՝ ցինիզմ է, որ մարդը կարող էր իրեն խոշտանգել ու ինքնասպան լինել»։

Ըստ նախաքննության, հիշեցնենք, անցած տարվա հունվարի 29-ին ինստիտուտի բակում պտտաձողի վրա կախված վիճակում հայտնաբերված կուրսանտին սպանել են 4 ծառայակիցները։

Դատարանն այսօր մի շարք ապացույցներ հետազոտեց։ Գլխավոր ամբաստանյալ Գնել Թևոսյանի պաշտպանը համոզված է՝ դատաքննության ընթացքում կապացուցի, որ իր պաշտպանյալը կապ չունի կուրսանտի մահվան հետ։

«Բոլորը պետք է հարգեն անմեղության կանխավարկածը, և որևիցե մեկը չպետք է իրեն թույլ տա հայտարարություն անել, որ տեղի է ունեցել սպանություն։ Ցավում եմ, որ պաշտոնյան նման հայտարարությամբ է հանդես գալիս, ինձ համար ուղղակի զարմանալի է, որ եթե դատավարությունը նոր է սկսվում, ինչպե՞ս կարող է պաշտոնյայի մոտ նման համոզմունք ձևավորվել», - ասաց Արա Զաքարյանը։

XS
SM
MD
LG