Մատչելիության հղումներ

ՀՀԿ-ն ՀՅԴ-ի հետ տևական համագործակցության հնարավորություն է տեսնում


Ըստ իշխանական աղբյուրների, Արծվիկ Մինասյանը և Դավիթ Լոքյանը նախարարի պաշտոններ կստանան:

Իշխանական շրջանակներից ստացվող տեղեկությունների համաձայն, Դաշնակցություն-Հանրապետական բանակցությունների արդյունքում դաշնակցական պատգամավոր Արծվիկ Մինասյանը կնշանակվի Էկոնոմիկայի նախարարի պաշտոնում: Տարածքային կառավարման նախարարի պաշտոնն էլ կստանձնի դաշնակցական Դավիթ Լոքյանը, ով տարիներ առաջ զբաղեցրել է Քաղաքաշինության նախարարի և Գյուղնախարարի պաշտոնները: Դաշնակցությանը կտրվի նաև 2 մարզպետի պաշտոն:

Իշխող Հանրապետականի խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը չցանկացավ հաստատել այս տեղեկությունը, սակայն, ի պատասխան մեր հարցին՝ արդյո՞ք Արծվիկ Մինասյանը կկարողանա Էկոնոմիկայի նախարարի պաշտոնում արմատական փոփոխություններ իրականացնել, Հանրապետականի խոսնակն ասաց, որ Մինասյանը խորհրդարանի ամենավառ դեմքերից է և արդեն ապացուցել է, որ պրոֆեսիոնալ կադր է:

«Երկիրը կշահի, պառլամենտը միգուցե կորցնի, որովհետև նման վառ անհատականություններ, հարգելով իմ շատ գործընկերներին, այդքան էլ շատ չեն: Ամենակարևորը՝ ինքն ազնիվ մարդ է, ազնիվ աշխատում է և, չեմ ուզում հիմա ասել, քանի դեռ Արծվիկը պառլամենտում է: Ինքը նեղ կուսակցական գործիչ չէ: Ինքը լայն մտահորիզոն ունեցող և ամենակարևորը՝ ազնիվ, սրտացավ, հայ քրիստոնյա մարդ է, որոնց անհրաժեշտությունը իշխանության մեջ, առավել ևս՝ քաղաքականության մեջ միշտ կա»,- «Ազատության» հետ զրույցում ասաց Էդուարդ Շարմազանովը:

«Որոշ վերլուծությունների համաձայն, ԲՀԿ-ն չի ցանկացել կարճ ժամանակահատվածում համագործակցել իշխանության հետ, որովհետև չեն արդարացել այդ կուսակցության ակնկալիքները՝ 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների հետ կապված: Կարո՞ղ ենք ասել, որ այս պահին Դաշնակցության հետ բանակցությունների շրջանակում քննարկվում են նաև առաջիկա խորհրդարանական ընտրություններից հետո ստեղծվելիք հնարավոր իրավիճակի հետ կապված հարցեր»:

«Ազատության» այս հարցին ՀՀԿ խոսնակն այսպես պատասխանեց՝ «Դաշնակցության հետ քննարկումները շարունակվում են, դեռևս չեն ավարտվել: Երբ կավարտվեն, կունենանք ամբողջական պատկերը, էն ժամանակ կխոսենք նաև ապագա համագործակցության ձևաչափերի և հնարավորության մասին: Որպեսզի ես արդարացնեմ նաև ձեր հեռուստադիտողների և ունկնդիրների սպասելիքները, ասեմ, որ Դաշնակցության հետ մեր համագործակցությունը ենթադրում է ծրագրային, գաղափարական հիմք ունեցող, երկարատև համագործակցություն»:

Թե ինչու իշխող Հանրապետականը համագործակցության առաջարկ արեց խորհրդարանում 5 պատգամավոր ունեցող Դաշնակցությանը՝ շրջանցելով մեծությամբ երկրորդ ուժին՝ ԲՀԿ-ին, Էդուարդ Շարմազանովը պարզաբանեց, թե ի սկզբանե ԲՀԿ-ի ղեկավարի օրակարգում Հանրապետականի հետ համագործակցության հարց չի եղել, և այդ մասին իրենք իմացել են մինչև Նաիրա Զոհրաբյանի երեկվա հրապարակային հայտարարությունը: «Նրանք երեկ հրապարակել են իրենց որոշումը, բայց մինչ որոշումը նրանց կուսակցության առաջնորդն անհնարին էր համարում Հանրապետականի հետ, գոնե այս 8-9 ամսվա ընթացքում, մինչև խորհրդարանական ընտրությունները, համագործակցության ձևաչափի խորացում»:

Մեկնաբանելով մամուլում շրջանառվող տեղեկությունները, թե ԲՀԿ-ի՝ կոալիցիա մտնել-չմտնելու հարցում մեծ դերակատարում ունի վարչապետ Հովիկ Աբրահամյանը, և հենց նրա որշումն է եղել, որ գոնե այս պահին ԲՀԿ-ն կոալիցիայի մաս չկազմի, Շարմազանովն ասաց․ - «Ես նման տեղեկություն չունեմ, կարող եք հարցնել ԲՀԿ-ի իմ գործընկերներին: Ես էլ նման բան լսել եմ մամուլից, բայց տեղեկությունների չեմ տիրապետում: Ինձ հայտնի չէ փաստ, որ ԲՀԿ-ն իր կոալիցիա մտնել-չմտնելու հարցը քննարկել է հարգելի պարոն վարչապետի հետ»:

Թե ինչու «Բարգավաճ Հայաստան»-ը հրաժարվեց համագործակցել Հանրապետականի հետ, ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը դա պայմանավորեց մի քանի գործոնով: Ի դեպ, նկատենք, որ Մելքումյանն ավելի վաղ կողմ էր արտահայտվել Հանրապետականի հետ համագործակցությանը: «Քո վերջին ժամանակահատվածի անցած ճանապարհը, քո կառույցների մարտունակությունը, նախորդ ժամանակահատվածում քո դիրքը և քո՝ դեպի 2017 թվական գնալու միտումները և իհարկե քո վարկանիշը: Այսինքն՝ դու որտե՞ղ ես, որ կշահես, կհաջողես: Ելնելով էդ բոլոր գործոններից, համադրում ենք․․․»,- ՀՀԿ-ի հետ ներկա փուլում չհամագործակցելու այս գործոնները թվարկեց Մելքումյանը:

ԲՀԿ-ական պատգամավորը խոստովանում է՝ անցած տարվա փետրվարյան հայտնի իրադարձություններից հետո, երբ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանին չարիք անվանեց, իսկ քիչ ավելի ուշ վերջինս հեռացավ քաղաքականությունից, «Բարգավաճ Հայաստան»-ը այլևս չունի նույն հնարավարությունները:

«Խարիզմատիկ լիդեր դու հիմա չունես․․․ ազդեցություն ԲՀԿ-ն ունի, մենք մեր վարկանիշը գիտենք, բայց ձև անել, որ ոչ մի բան չի փոխվել, մենք նույն հնարավորություններն ունենք, իհակե՝ ոչ»: Դիտարկմանը, թե արդեն անհետաքրքի՞ր եք Հանրապետականի համար, Մելքումյանն արձագանքեց․ - «Հարց ա, թե ով ա ում համար հետաքրքիր կամ անհետաքրքիր, եկեք, գիտե՞ք ինչ, էդ լրագրողական բաները չանենք, էլի: Դուք կարծում եք ես շատ պարզամիտ մա՞րդ եմ»: Այդուհանդերձ, Մելքումյանը վստահ է, որ անգամ փետրվարյան իրադարձություններից հետո, ԲՀԿ-ին «միանշանակորեն» կհաջողվի 2017-ին հայտնվել խորհրդարանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG