Մատչելիության հղումներ

Շաբոյանը չհստակեցրեց՝ ինչու է Ռուսաստանում բենզինը երկու անգամ էժան Հայաստանից


ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյան
ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյան

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նախագահ Արտակ Շաբոյանը այսօր այդպես էլ չհստակեցրեց, թե ինչու է Հայաստանում բենզինը գրեթե երկու անգամ թանկ նույն մաքսային տարածքում գտնվող Ռուսաստանից:

Ընդ որում, Հայաստանում բենզինի մեծածախ վաճառքով զբաղվում է Роснефть ընկերությունը, որը Ռուսաստանում բենզինը անհամեմատ ավելի էժան է վաճառում:

Այսօր Հայաստանում «ռեգուլյար» բենզինի մեկ լիտրը 390 դրամ է, Ռուսաստանում՝ 200- 210 դրամ: Նույն տեսակի բենզինը նկատելիորեն էժան է նաև հարևան Վրաստանում՝ 310 դրամ:

«Հիմնականում ներկրվում է Ռուսաստանի Դաշնությունից, բենզին ներմուծող ընկերությունների գնային փոփոխությունները ադեկվատ են ձեռքբերման գների փոփոխություններին։ Մեր օրենսդրության առումով մենք չարաշահման երևույթներ չենք տեսնում, գնային չարաշահման երևույթներ չկան, ավելին՝ մրցակցության պաշտպանության մարմնի խնդիրն է՝ պարզել՝ կա՞ն արդյոք շուկայում մուտքի խոչընդոտներ, թե՞՝ ոչ։ Մեր ուսումնասիրության արդյունքներով՝ այս շուկայում խոչընդոտներ, մրցակցության սահմանափակման երևույթներ չկան»,- այսօր հայտարարեց ՏՄՊՊՀ նախագահը։

«Ազատության» դիտարկմանը՝ այդ դեպքում ինչո՞ւ է բենզինը Մոսկվայում մոտ երկու անգամ էժան, Շաբոյանը պատասխանեց.- «Տնտեսվարողների բիզնես գործունեությունը մենք չենք կարող մեկնաբանել։ Եթե կան ընկերություններ, որ կգտնեն քաղաքներ, երկրներ, որտեղ ավելի էժան է բենզինը, կարող են ավելի էժան ձեռք բերել և ավելի շատ եկամուտ ստանալ, ապա կարող են հանգիստ այդ գործունեությամբ զբաղվել»։

Հայաստանի տնտեսությունում մոնոպոլիաների մասին հայտարարությունները նորություն չեն, բացառություն չէ նաև բենզինի շուկան: Շուրջ երկու շաբաթ առաջ էր, երբ իրանցի գործարար Արիշա Մոնջեզին «Ազատությանը» պատմեց, որ պատրաստ է եղել հայաստանյան գներից ավելի էժան բենզին վաճառել, սակայն իրեն խորհուրդ են տվել չմտնել այդ շուկա:

«Դե, Հայաստանի գործերը դուք ավելի լավ գիտեք։ Պատասխանը սենց է եղել, որ ավելի լավ է չխառնվենք բենզինի գործին»,- ասել էր գործարարը։

Այսօր կառավարության նիստում, Շաբոյանն ինքը խոստովանեց՝ բենզինի շուկայում այլևս «բարձր կենտրոնացվածություն է».- «2007 թվականից սկսած որոշակիորեն նվազել է ներմուծող ընկերությունների քանակը, 2006-2007թ.թ. 5-6 ընկերություններ են եղել, սակայն խոշոր ներմուծողները 2-3 ընկերություններ են եղել։ Այս պահին ներմուծում իրականացնում են երկու ընկերություններ»։

Այսօր «Ազատությունը» դիմեց Роснефть-ին և նրանից բենզին գնող հայաստանյան երկու ընկերություններին՝ «Ֆլեշ»-ին և «Սիփիէս օյլ քորփորեյշն»-ին, թե ինչո՞ւ է Հայաստանում բենզինը թանկ, սակայն պատասխան չստացանք:

«Հնարավո՞ր է այդ ընկերությունները պայմանավորվել են բարձր գնի շուրջ»,- դիմեցինք Շաբոյանին։ «Բացարձակապես նման խնդիր չկա»,- ասաց ՏՄՊՊՀ նախագահը։

Մինչդեռ «Իրազեկ քաղաքացիների միավորման» ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը պնդում է ճիշտ հակառակը՝ Հայատանում բենզինը անհամեմատ թանկ է, քան Ռուսաստանում, Վրաստանում և անգամ պատերազմի մեջ գտնվող Ուկրաինայում, որովհետև այստեղ գործ ունենք մոնոպոլ իրավիճակի հետ:

«Ներմուծումը տրված է մենաշնորհային մեկ կազմակերպության կամ մրցում են մի քանի կազմակերպություն, բայց մենաշնորհային է, և պահվում է այն գինը, որը պահվում է... խոսքը, մասնավորապես, Роснефть-ի մասին է, որը, ինչպես հայտնի է, Հայաստան բենզին առաքողն է կամ առնվազն այն կազմակերպությունն է, որը Հայաստանի մանրածախ ցանցերին բենզին է առաքում։ Եվ բավականին հետաքրքիր է, որ Роснефть-Армения-ն անցյալ տարի Հայաստանում վճարել է 3.3 միլիարդ դրամ հարկ, որոնց մեծ մասը շահութահարկ է։ Դա նշանակում է, որ անցյալ տարի Роснефть-ը Հայաստանում ունեցել է 15 միլիարդ դրամի շահույթ, ինչը շատ մեծ թիվ է և չէր կարող գոյանալ առհասարակ մրցակցային պայմաններում բենզինի վաճառքից»,- ասաց Իոաննիսյանը։

Երևանում վարորդները պատմում էին՝ երբ գործով մեկնում են Վրաստան, աշխատում են այնտեղ գնել բենզինը՝ էժան լինելու պատճառով: «Հայաստանում մենաշնորհ է երևի»,- ասում էին նրանք։

XS
SM
MD
LG