Մատչելիության հղումներ

logo-print

Մի շարք տնտեսագետներ, սակայն, դրանում վտանգավոր ոչինչ չեն տեսնում։

Դրամը շարունակում է սահուն կերպով արժեզրկվել։ Հետաքրքիր զուգադիպությամբ հայաստանյան շուրջ երկու տասնյակ բանկերում ազգային արժույթը շաբաթվա ընթացքում միանման է արժեզրկվում՝ օրական 2 դրամով։ Մեկ դոլարի արժեքն այսօր արդեն մոտենում էր 500 դրամի հոգեբանական սահմանագծին։

Նույն պատկերն է նաև տարադրամի փոխանակման կետերում: Դրանց աշխատակիցները, սակայն, վստահեցնում են՝ փոխարժեքն արհեստականորեն չեն բարձրացնում, հիմք են ընդունում ԿԲ-ի տվյալները։ Հաշվի առնելով ռուսաստանյան զարգացումները, փորձագետները կանխատեսում են, որ առաջիկա օրերին դրամը դոլարի նկատմամբ կարող է արժեզրկվել ևս մի քանի կետով։ Տնտեսագետները, սակայն, դրանում վտանգավոր ոչինչ չեն տեսնում։

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյան․ - «Եթե տնտեսական ազդակները ցույց են տալիս, որ համարժեք աճ մենք չունենք, անպայման դա սահուն արժեզրկվելու է, որպեսզի մենք արտահանում գոնե ապահովենք, և ցնցումներ չլինեն: Եթե դու սահուն արժեզրկում ես, ցնցումից խուսափում ես: Էնպես որ 500-ը անպայման կանցնի մոտ ժամանակներս»:

Տնտեսագետ Ատոմ Մարգարյան․ - «Կարելի է ասել, որ ներկա դրությամբ փոխարժեքն իսկապես արտացոլում է այն տնտեսական իրողությունները, այն գործոնները, որոնք պայմանավորում են փոխարժեքը: Դրամավարկային քաղաքականության պատասխանատուները լավ հասկանում են, որ գլոբալ փոփոխությունների՝ ռուսական ռուբլու արժեզրկման, տարածաշրջանի երկրների փոխարժեքների, այսպես ասենք՝ սահուն կամ կտրուկ դեվալվացիայի պայմաններում փոխարժեքը պահել օլիմպիական կայունության վիճակում սխալ է»:

Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանի համար ևս դրամի արժեզրկումը հասկանալի է՝ տրասֆերտները զգալիորեն նվազել են, կրճատվել են արտահանման ծավալները։ Նրա պնդմամբ, ԿԲ-ն չպետք է նախորդ տարիների նման փորձի արհեստականորեն պահել դրամի փոխարժեքը։ «Վերջին 7-8 տարիներին Կենտրոնական բանկն արդեն էդ դասը ստացել է: 2009 թվականի մարտի 3-ը հիշու՞մ եք: Հսկայական միջոցներ լցվեցին շուկա, մոտավորապես 800 միլիոն դոլարին համարժեք: Էդ փողն ընդամենը գնաց էդ սնիկերս բան ներմուծողներին, հասարակությունը համարյա չօգտվեց: Ի վերջո եղավ էդ պայթյունը, երբ մի օրվա ընթացքում շուրջ 30 տոկոսով [դրամը] արժեզրկվեց»,- հիշեցրեց Բագրատ Ասատրյանը:

Տնտեսագետների կարծիքով, դրամի արժեզրկումը կարող է նպաստել տեղական ապրանքների արտահանմանը: Հայաստանում, սակայն, ներկրումը 3 անգամ գերազանցում է արտահանմանը, և դրամի արժեզրկումը հանգեցնելու է սպառողական գների աճին: Դոլարով է գնվում գազը, դիզվառելիքը։ Փորձագետները, սակայն, նշում են՝ թանկացումից հնարավոր է խուսափել, քանի որ էներգակիրների գինը միջազգային շուկայում մոտ 4 անգամ նվազել է։ «Հայտնի է, որ նավթը վերջին 1,5 տարվա ընթացքում մոտ քառապատիկ էժանացել է, գազի գները ածանցյալ են նավթի գնից, և պետք է վաճառողները, տվյալ դեպքում՝ «Ռոսնեֆտ» ընկերությունը, ինչպես նաև «Գազպրոմ»-ը, ըստ էության վերանայեն վաճառքի գները, սակագները: Եվ այս պայմաններում արդեն փոխարժեքի փոփոխությունը, դրամի արժեզրկումն այդքան ցավոտ չի լինի»,- ասում է Ատոմ Մարգարյանը:

2014 թ․ նոյեմբերին ևս դրամը դոլարի նկատմամբ կտրուկ՝ մոտ 20 տոկոսով արժեզրկվեց՝ մեկ դոլարի դիմաց 400 դրամից հասնելով 480-ի։ Այն ժամանակ էլ ԿԲ-ն շտապեց հայտարարել, որ դրամի արժեզրկումը կնպաստի արտահանմանը։ Արտաքին առևտուրը, սակայն, ճիշտ հակառակ պատկերն ունեցավ՝ նախորդ տարվա ընթացքում այն անկում ապրեց, ավելի քան 26 տոկոսով կրճատվեց դեպի Ռուսաստան արտահանումը։

Տարադրամի անկայուն՝ լողացող փոխարժեքը գրավիչ չէ նաև ներդրողների համար։ Տնտեսագետների պնդմամբ, տարիներ շարունակ Հայաստանի կառավարությունն այդպես էլ հակաճգնաժամային ծրագիր չմշակեց, որի գործարկմամբ փոխարժեքի տատանումների դեպքում հնարավոր կլիներ աջակցել տնտեսվարողներին:

XS
SM
MD
LG