Մատչելիության հղումներ

Վարչապետ․ Գազի գնի իջեցման հնարավորությունը ակնհայտ է


«Գազպրոմ-Արմենիա»-ի շենքը Երևանում

«Գազպրոմ-Արմենիա»-ի շենքը Երևանում

Տնտեսության և բնակչության համար գները պետք է լինեն մատչելի և շահավետ, ընդգծում է Հովիկ Աբրահամյանը:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարեց, թե ակնհայտ է գազի գնի իջեցման ոչ միայն անհրաժեշտությունը, այլև հնարավորությունը:

Նախքան օրակարգային հարցերի քննարկմանն անցնելը Աբրահամյանը նշեց. - «Հայաստանի Հանրապետության տնտեսավարողների համար էական է իրենց արտադրանքի մրցունակությունը չխաթարող էներգակիրների գինը: Մենք շահագրգռված ենք, որ հանրապետության էական ենթակառուցվածք հանդիսացող «Գազպրոմ-Հայաստան» ընկերությունը լինի կայուն և խելամտորեն շահութաբեր, սակայն տնտեսության և բնակչության համար ևս գները պետք է լինեն մատչելի և շահավետ: Գազի սպառման ծավալների նվազումը ակնհայտորեն վկայում է, որ ընկերությունը կարող է ունենալ ավելի մեծ հասույթներ՝ ավելի ցածր գների դեպքում»:

Վարչապետը կարծիք հայտնեց, որ «Գազպրոմ-Հայաստան» ընկերության ղեկավարությունը «մեծ անելիքներ ունի այս բիզնես տրամաբանությունը հանրությանը և իր վերադասին ներկայացնելու գործում, ինչի արդյունքում թե՛ «Գազպրոմ» ընկերության, թե՛ Ռուսաստանի Դաշնության համար հստակ կդառնա մեր բանակցային առաջարկի փոխշահավետ բնույթը»:

«Կարծում եմ, որ համաշխարհային տնտեսության և աշխարհաքաղաքական զարգացումներով պայմանավորված, ակնհայտ է գազի գնի իջեցման ոչ միայն անհրաժեշտությունը, այլև հնարավորությունը», - ընդգծեց Հովիկ Աբրահամյանը:

Հիշեցնենք, դեռ հունվարի կեսերին վարչապետը հայտնել էր, որ էներգակիրների գների վերանայման հարցով Հայաստանի իշխանությունները դիմել են Ռուսաստանի իշխանություններին և ակնկալում են ստանալ հարցի դրական լուծում, այնուհետև հրապարակվեց գազի գնի շուրջ հայ-ռուսական բանակցությունների փաստը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG