Մատչելիության հղումներ

Վատիկանը Հայոց ցեղասպանությունն անվանում է «1915-ի ողբերգական իրադարձություններ»


Վատիկան - Հռոմի Ֆրանցիսկոս պապը, Ամենայն Հայոց Գարեգին երկրորդ և Մեծի Տանն Կիլիկիո Արամ առաջին կաթողիկոսները Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Սուրբ Պետրոսի տաճարում մատուցված Պատարագի ավարտին, 12-ը ապրիլի, 2015թ․
Վատիկան - Հռոմի Ֆրանցիսկոս պապը, Ամենայն Հայոց Գարեգին երկրորդ և Մեծի Տանն Կիլիկիո Արամ առաջին կաթողիկոսները Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Սուրբ Պետրոսի տաճարում մատուցված Պատարագի ավարտին, 12-ը ապրիլի, 2015թ․

Ավելի քան 9 ամիս տևած դադարից հետո Թուրքիայի դեսպան Մեհմեդ Պաչաջըն վերադառնում է Վատիկան: Այդ մասին երեկ ուշ երեկոյան հայտարարեց Թուրքիայի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Թանյու Բիլգիչը:

Պաշտոնական Անկարան Սուրբ Աթոռի հետ բնականոն դիվանագիտական հարաբերությունների ձևաչափին վերադառնալու մասին հայտարարեց Վատիկանի կողմից հատուկ հայտարարության հրապարակումից մի քանի ժամ անց: Այդ հայտարարության մեջ Հռոմի Կաթոլիկ եկեղեցին Հայոց ցեղասպանությունը որակում է որպես «1915 թվականի ողբերգական իրադարձություններ»:

«Բոլոր շահագրգիռ կողմերի պատմաբաննների և հետազոտողների համար արխիվները բացելու` Թուրքիայի կողմից շարունակաբար բարձրաձայնվող հանձնառությունը գնահատելի է: Նման քայլը հնարավորություն կտա ավելի լավ հասկանալ այն ցավն ու տառապանքները, որոնց միջով անցել են պատերազմական կացության, հակամարտության ճիրաններում հայտնված մարդիկ` առանց տարբերակում դնելու նրանց ազգային կամ կրոնական պատկանելության մեջ: Դա վերաբերում է նաև 1915 թվականի ողբերգական իրադարձություններին», - նշված է Սուրբ Աթոռի երեկ տարածած հայտարարության մեջ:

«Անցյալի ցավագին իրադարձությունները չպետք է մոռացվեն: Փոխարենը դրանք պետք է մանրակրկիտ կերպով հետազոտվեն ու արտացոլվեն, որպեսզի այդպիսով հնարավոր լինի հասնել հիշողության ապաքինմանն ու մաքրագործմանը: Այդ ամենն անհրաժեշտ է ժողովուրդների և անհատների միջև հաշտեցման, միմյանց ներելու համար», - հայտարարում է Սուրբ Աթոռը:

Չսահմանափակվելով 1915 թվականի իրադարձություններով` Վատիկանն իր հայտարարության մեջ հիշատակում է նաև հայկական զինյալ խմբերի՝ 1970-ականներին Եվրոպայում ծավալած գործունեության մասին:

«Ցավի և տառապանքների մասին հիշողությունները վերաբերում են ինչպես հեռու անցյալի, այնպես էլ համեմատաբար վերջերս տեղի ունեցած իրադարձություններին` մասնավորաբար Սուրբ Աթոռում Թուրքիայի դեսպան Թահա Ջարըմի` ահաբեկչական խմբավորման կողմից 1977 թվականին կատարված սպանությանը», - նշված է Վատիկանի մամուլի ծառայության կողմից երեկ տարածված հայտարարության մեջ:

Վատիկանում Թուրքիայի դեսպանը սպանվել էր 1977 թվականի հունիսի 9-ին: Թուրք դիվանագետի սպանության պատասխանատվությունը ստանձնել էր «Հայոց ցեղասպանության արդարության մարտիկներ» խմբավորումը, որը, ըստ մի շարք աղբյուրների, ստեղծվել էր 1975 թվականին Հայ հեղափոխական դաշնակցության կողմից:

Վատիկանն այս հայտարարությունը տարածելու համար որպես առիթ օգտագործեց Հոռմի պապի հանդիպումը պատմաբան Ռինալդո Մարմարայի հետ: Վերջինս երեկ Վատիկանում տեղի ունեցած ավանդական մեծ ընդունելության ավարտին Ֆրանցիսկոս պապին է ներկայացրել 1657 թվականի Դարդանելի երկրորդ ճակատամարտի մասին իր աշխատությունը, որը պատմում է թուրքական և պապական նավատորմերի հակամարտության մասին: 17-րդ դարում տեղի ունեցած այդ ճակատամարտում հաղթանակ տոնեցին օսմանցիները, ինչի արդյունքում Միջերկրական ծովի կղզիներից մեկը` Կրետեն մոտ 200 տարով հայտնվեց Օսմանյան կայսրության գերիշխանության ներքո:

Ինչ վերաբերում է Վատիկան - Թուրքիա հարաբերություններում ծագած վերջին ճգնաժամին, ապա դրա պատճառը, հիշեցնենք, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներն էին: Անցած տարվա ապրիլին Սուրբ Պետրոսի տաճարում մատուցված Պատարագի ընթացքում Ֆրանցիսկոս պապը 1915 թվականի իրադարձությունները անվանել էր «20-րդ դարի առաջին ցեղասպանություն»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG