Մատչելիության հղումներ

Եվրոպայի ֆուտբոլի ազգային ֆեդերացիաները հայտարարում են Ջաննի Ինֆանտինոյին սատարելու մասին


Ջաննի Ինֆանտինո, արխիվ

Ջաննի Ինֆանտինո, արխիվ

Հայաստանը ևս իր աջակցությունն է հայտնել ՖԻՖԱ-ի նախագահի ընտրություններում Ինֆանտինոյի թեկնածությանը։

Եվրոպայի ֆուտբոլի ազգային ֆեդերացիաները հայտարարում են ՖԻՖԱ-ի` Ֆուտբոլի ասոցիացիաների միջազգային ֆեդերացիայի նախագահի պաշտոնում Ջաննի Ինֆանտինոյի թեկնածությունը պաշտպանելու մասին։

«Ես լավ եմ ճանաչում Ինֆանտինոյին, նա շատ կոմպետենտ և հուսալի անձնավորություն է», - գերմանական DPI պարբերականի հետ զրույցում հայտարարել է Իտալիայի ֆուտբոլի ազգային ֆեդերացիայի նախագահ Կառլո Տավեկիոն։

Իտալացի ֆուտբոլային գործչի համոզմամբ՝ Ինֆանտինոն այն մարդն է, ով կարող է ապահովել ՖԻՖԱ-ի կայունությունն ու անկախությունը։

Իտալիայից բացի, Ինֆանտինոյի թեկնածությունը պաշտպանում են նաև Հայաստանը, Բելառուսը, Սլովենիան, Նորվեգիան, Շվեդիան, Գերմանիան։

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան (ՀՖՖ), ծանոթանալով Ինֆանտինոյի նախընտրական ծրագրին, հայտարարել էր, թե գնահատելով ներկայացված ծրագրի կարևորությունը՝ իր աջակցությունն է հայտնում նրա թեկնածությանը։ «Կառույցը կսատարի վերջինին՝ ընտրվելու պարագայում իր ծրագրային դրույթներն իրականացնելու գործում», - նաև ասված էր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հաղորդագրությունում։

Ծագումով իտալացի շվեյցարաբնակ 45-ամյա Ջաննի Ինֆանտինոն 2009 թվականից զբաղեցնում է ՈւԵՖԱ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը։

Օրեր առաջ Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում լրագրողների հետ հանդիպմանը նա հայտարարել էր, թե վստահ է՝ փետրվարի 26-ին հենց ինքն է դառնալու ՖԻՖԱ-ի նոր նախագահը։

Կոռուպցիոն սկանդալի կենտրոնում հայտնված ՖԻՖԱ-ի նոր նախագահի ընտրությունները տեղի կունենան փետրվարի 26-ին՝ Ցյուրիխում։ Ինֆանտինոյից բացի, այդ պաշտոնի համար պայքարում են Ասիայի ֆուտբոլային կոնֆեդերացիայի նախագահ շեյխ Սալման բին Իբրահիմ ալ-Խալիֆան, Հորդանանի արքայազն, ՖԻՖԱ-ի փոխնախագահ Ալի բին ալ- Հուսեյնը, ՖԻՖԱ-ի գլխավոր քարտուղարի նախկին տեղակալ Ժերոմ Շամպանը և Հարավային Աֆրիկայի բնակարանաշինության նախկին նախարար Տոկիո Սեկսվալեն:

Մեկնաբանելով սպասվող ընտրություններն ու պատասխանելով հարցին՝ արդյոք պարտության դեպքում մնալո՞ւ է ՈւԵՖԱ-ում, Ինֆանտինոն ասել է. - «Ես այստեղ այդ հարցի համար չեմ։ Փետրվարի 26-ին ես եմ դառնալու ՖԻՖԱ-ի նոր նախագահը»։

Ֆուտբոլային գործիչը խոստովանել էր, որ իր առաջադրվելու որոշման վրա ազդել է Միշել Պլատինիի հետ կապված իրավիճակը։

ՖԻՖԱ-ի էթիկայի հանձնաժողովը, հիշեցնենք, 8 տարով ֆուտբոլից հեռացրել է կազմակերպության նախագահ Զեպ Բլատերին և ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիին, նրանց արգելված է անգամ մուտք գործել մարզադաշտ:

Երկու պաշտոնյաների լիազորությունների կասեցումը պայմանավորված էր ենթադրաբար նրանց մասնակցությամբ տեղի ունեցած կոռուպցիոն գործարքների հետաքննությամբ։

«Հուսով եմ, որ Էթիկայի հարցերի հանձնաժողովի հետաքննությունը կիրականացվի սեղմ ժամկետներում և կօգնի մաքրել Պլատինիի անունը կեղտերից։ Բայց առանց Պլատինիի իմ նպատակը փոխվել է՝ ես ուզում եմ լինել ՖԻՖԱ-ում թիվ մեկը», - հայտարարել է Ինֆանտինոն։

XS
SM
MD
LG