Մատչելիության հղումներ

Դսեղի կրակոցների գործով կասկածյալը ձերբակալվել է


Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են Դսեղ գյուղի բնակիչ Ա. Խաչատրյանին հրազենային վնասվածք պատճառելու մի շարք հանգամանքներ, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։ Կասկածյալը ձերբակալվել է և հարցաքննվել։ Հայաստանի քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ՝ նա հայտարարել է, որ իրեն պատկանող որսորդական հրացանով անզգուշաբար կրակելու հետևանքով է Խաչատրյանին պատճառել վնասվածք:

Հիշեցնենք, փետրվարի 1-ին՝ ժամը 21:15-ին, Դսեղի առողջության կենտրոնից ահազանգ էր ստացվել, որ իրենց մոտ ձախ սրունքի հրազենային վնասվածքով բուժօգնություն է ստացել Ա. Խաչատրյանը, ով հետո տեղափոխվել է «Վանաձորի բժշկական կենտրոն», այնուհետև՝ Երևանի թիվ 1 Հերացու անվան համալսարանական հիվանդանոցային համալիր: Հաջորդ օրը դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի (դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը) և 235-րդ հոդվածի 1-ին մասի (ապօրինի կերպով հրազեն ձեռք բերել, պահելը) հատկանիշներով:

Նախնական տվյալներով՝ 42-ամյա Խաչատրյանը հրազենային վնասվածքն ստացել է «Դսեղի առողջության կենտրոն» ՊՈԱԿ-ի մոտակայքում:

Քրեական գործով ձեռնարկված քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով ոստիկանության աշխատակիցների կողմից բերման է ենթարկվել, ձերբակալվել և հարցաքննվել։

«Նախաքննությունը շարունակվում է, կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների օբյեկտիվ, բազմակողմանի և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։ Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու նպատակով կասկածյալից վերցվել են փորձանմուշներ և նշանակվել է փորձաքննություն», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG