Մատչելիության հղումներ

20 հազար դոլար՝ երեխաներին նորակառույց ճանապարհների հետ «վարվելը բացատրելու համար»


Ազգային ժողովի նիստ, արխիվ
Ազգային ժողովի նիստ, արխիվ

Կառավարության ներկայացուցիչները այսօր փորձում էին ԱԺ պատգամավորներին վստահեցնել, որ վարկային միջոցները նպատակային են ծախսելու։

Ճանապարհաշինարարական ծրագրերի համար ավելի քան 150 միլիոն դոլարի վարկ վերցնելու համաձայնագրերը այսօր խորհրդարանում բուռն քննարկումների պատճառ դարձան։

Պաշտոնյաները փորձում էին պատգամավորներին վստահեցնել, որ գումարները նպատակային են ծախսելու։ Տրանսպորտի փոխնախարար Արթուր Առաքելյանը մանրամասն ներկայացրեց հաշվարկները։ Պարզվեց, որ 20 հազար դոլարով մասնագետներ են ուղարկելու մարզեր, որ երեխաներին բացատրեն, թե ինչպես պետք է օգտվեն նորակառույց ճանապարհներից։

«Կգնան պրոֆեսիոնալ ձևով կներկայացնեն՝ ինչպես վարվել ճանապարհի հետ, ինչպես մոտենալ, ինչպես հատել։ Շատ օգտակար մի գործիք է, ոչ թանկարժեք»,- ասաց փոխնախարարը։

40 միլիոն դոլարով էլ նախարարությունը պատրաստվում է 4 մարզերում՝ Շիրակում, Սյունիքում, Կոտայքում և Գեղարքունիքում ճանապարհներ վերանորոգել։ Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը զայրացած հայտարարեց, որ վերջին 8 տարիներին կառավարությունը արդեն 3.5 միլիարդ դոլարի վարկ է վերցրել, բայց դրանք արդյունավետ չեն ծախսվել։

«Կարո՞ղ եմ հարցնել հանրապետության նախագահին, որը բերել է էս վարկերը, և հանրապետության վարչապետին՝ էս ի՞նչ եք անում։ Ես ենթադրում եմ, որ էդ վարկերի մի մասը դուրս է գրվում ու գրպանվում է»,- ասաց նա։

Բագրատյանի ելույթին շտապեց արձագանքել Գալուստ Սահակյանը։ Պատգամավորն էլ դահլիճից սաստեց նրան, թե «գնա գործիդ»։

«Ի՞նձ ասեցիք՝ գնա գործիդ։ Գործ չեմ ճարել, դրա համար ստեղ նստած եմ, ի՞նչ ես ուզում ինձանից»,- ասաց Սահակյանը։

Վարկերի արդյունավետ ծախսման մասին կասկածներ էր լսել նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը, մինչդեռ փոխնախարար Առաքելյանը վստահեցրեց, որ վարկատուները իրենցից գոհ են։ Պատգամավորն էլ առաջարկեց գումար ծախսել, որպեսզի այդ մասին շատերն իմանան։

«Կա՞ն այլ մեխանիզմներ, որպեսզի PR-ը, դրանց վերահսկողությունը, հանրային կարծիքի ուսումնասիրությունը, ՀԿ-ների մասնակցությունը... դուք ի՞նչ մեխանիզմներ եք տեսնում, որ մեկ անգամ մենք խոդի քցենք և էդ բանը դուրս գա»,- հարցրեց պատգամավորը։

«Դրա համար մեր կայքի միջոցով ոչ միայն հրապարակումներ, այլ վիդեոներ կան»,- ասաց փոխնախարարը։

Բուռն քննարկումների առիթ դարձավ նաև Երևանի քաղաքապետարանին հատկացվելիք 112 միլիոն դոլար վարկը, որով նախատեսվում է 17 կիլոմետրանոց ճանապարհ կառուցել և բեռնաթափել մայրաքաղաքը։

Վանաձորցի պատգամավոր Էդմոն Մարուքյանը հայտարարեց՝ բոլորը խոսում են տարածքների համաչափ զարգացումից, բայց մեծ գումարներ միայն Երևանին են հատկացվում.- «Ուզո՞ւմ եք Երևանի կենտրոնը բեռնաթափվի, մարզերը, քաղաքները զարգացրեք, Երևանի կենտրոնը կբեռնաթափվի։ Աուրա կլինի ապրելու, աշխատատեղեր կլինեն, մարդիկ չեն գա, լցվեն մայրաքաղաք»։

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նման մտածելակերպը գավառական որակեց.- «Երևանն է Հայաստանի թիվ մեկ այցեքարտը։ Ինչ-որ մեկի մոտ սա հարց է առաջացնո՞ւմ, հլը հարց եք տալիս։ Մայրաքաղաքը տեղափոխենք ընդեղ, բաներ... էս ինչ պրիմիտիվ, գավառական խոսակցություն է»։

«Օրինաց երկրից» պատգամավոր Հեղինե Բիշարյանն ասաց, որ իրենք բազմաթիվ վարկային ծրագրեր գիտեն, երբ գումարները փոշիացվել են.- «Ամենապրիմիտիվ, էժանագին, երկու կոպեկանոց գնումները օֆշորում գրանցվածներն են անում։ Ամո՛թ է, էլի։ Էդքան հայրենասեր եք, էդ փողերը ինչո՞ւ եք երկրից հանում օֆշորով»։

Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը պատգամավորներին վստահեցրեց, որ 112 միլիոն դոլարի օգտագործումը արդյունավետ կլինի, միջազգային մրցույթով ընտրված կազմակերպություններն էլ վերահսկելու են գործընթացը։ Ի դեպ, այս գումարից 13 միլիոն դոլար էլ խորհրդատվական ծառայությունների համար է հատկացվելու։ Արեյանը շտապեց հայտարարել՝ սա այն խորհրդատվություններից չէ, երբ գումարները փոշիացվում են։

Քննարկումը կշարունակվի վաղը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG