Մատչելիության հղումներ

Փամուկը կոչ է անում Անկարային դադարեցնել քաղաքական ընդդիմախոսների դեմ ճնշումները


Օրհան Փամուկ, արխիվ

Օրհան Փամուկ, արխիվ

«Ձեռքեր ոլորելը, մարդկանց դավաճան անվանելն ու վրեժխնդրության կոչերը Թուրքիային օգուտ չեն տալիս, դրանք վնասում են Թուրքիային», - ասել է թուրք գրողը։

Գրականության ասպարեզում 2006 թվականին Նոբելյան մրցանակի արժանացած թուրք արձակագիր Օրհան Փամուկը կոչ է անում երկրի իշխանություններին՝ վերջ տալ քաղաքական ընդդիմախոսների դեմ կիրառվող ճնշումներին: Այս մասին թուրքական ժամանակակից գրականության թերևս ամենահայտնի ներկայացուցիչը հայտարարեց երեքշաբթի օրը` CNN Turk հեռուստաընկերության եթերում:

«Ձեռքեր ոլորելը, մարդկանց դավաճան անվանելն ու վրեժխնդրության կոչերը Թուրքիային օգուտ չեն տալիս, դրանք վնասում են Թուրքիային», - հայտարարել է Փամուկը՝ անդրադառնալով վերջին շաբաթներին թուրքական տարբեր համալսարանների դասախոսների դեմ հարուցված քրեական գործերին:

Թուրքիայում գիտնականների դեմ ճնշումները, հիշեցնենք, սկիզբ առան հունվարին, երբ ակադեմիական շրջանակների ավելի քան հազար տեղացի և օտարերկրացի ներկայացուցիչներ ստորագրեցին նախագահ Ռեջեփ Էրդողանին ուղղված բաց նամակի տակ, որում կոչ էին անում պաշտոնական Անկարային՝ վերջ տալ երկրի քրդաբնակ շրջաններում իրականացվող հատուկ գործողություններին: «Մենք չենք ցանկանում մասնակցել այդ հանցագործությանը», - հայտարարում էին թուրք գիտնականները:

Նամակի տոնայնությունն էր թերևս պատճառը, որ այն ստորագրած տասնյակ գիտնականներ ձերբակալվեցին` «ահաբեկչական գործունեության քարոզչություն ծավալելու» մեղադրանքով:

Փամուկը, սակայն, գիտնականների ուղերձում տեղ գտած դրույթների մի մասին համաձայն չէ: «Այդ նամակը որոշակիորեն թերի էր, բայց դրա հիմքում ընկած գաղափարը, դրա փիլիսոփայությունը խաղաղությունն ու բարությունն էին: Ես կարծում, որ այժմ հարկավոր է փոքր-ինչ հանդարտվել: Երկրում բավական կոշտ մոտեցումներ են առկա և դրանք գալիս են պետության վերին օղակից», - հայտարարել է գրողը:

Ավելի վաղ Թուրքիայում տիրող իրավիճակին Օրհան Փամուկն ու թուրքական գրականության մեկ այլ աչքի ընկնող ներկայացուցիչ` Էլիֆ Շաֆաքը, անդրադարձել էին բրիտանական Guardian-ի էջերում: Նկարագրելով Լոնդոնում հունվարի վերջին տեղի ունեցած իրենց զրույցը` Շաֆաքը գրել էր. - «Այսօր Թուրքիայում ցանկացած մարդու, ով համարձակվել է քննադատական ինչ-որ դիտարկում անել, կարելի է դավաճանի կամ ազգի թշնամու պիտակ փակցնել: Թե՛ ես և թե՛ Փամուկը շատ լավ գիտենք, թե ինչ բան է թիկնապահներով շրջապատված ապրելը` հարցազրույցում ասված խոսքի կամ վեպում տեղ գտած մի որևէ արտահայտության պատճառով»։

XS
SM
MD
LG