Մատչելիության հղումներ

Դատարանը որոշեց վերսկսել Պուշկինի 8 և 10 շենքերի օտարման գործի քննությունը


«Դոլմամա» ռեստորանի ցուցանակը Պուշկին փողոցում, Երևան, 3-ը փետրվարի, 2016թ․

«Դոլմամա» ռեստորանի ցուցանակը Պուշկին փողոցում, Երևան, 3-ը փետրվարի, 2016թ․

Քանդման ենթակա «Դոլմամայի» տերը հույս ունի, որ կառուցապատողը կհետաքրքրվի նոր նախագծով, որն առաջարկում է էլիտար շենք կառուցել՝ առանց հինը քանդելու:

Այսօր Երևանի Կենտրոնի քաղաքացիական գործերով դատարանը Պուշկին 8 և 10 շենքերի օտարման գործով վճիռը հրապարակելու փոխարեն որոշեց վերսկսել գործի քննությունը, հիմնավորելով, որ չուսումնասիրված հանգամանքներ կան և անհրաժեշտ է, որ նոր ներգրավված փաստաբանը գործին ծանոթանալու հնարավորություն ունենա։

Գործարար Սամվել Մայրապետյանին պատկանող «Լոքըլ Դիվելոփերս» ընկերությունը անցյալ տարի գարնանը դիմել էր դատարան՝ պահանջելով պարտադրել «Դոլմամա» ռեստորանի սեփականատերերին փոխհատուցման դիմաց հանձնել շենքն ու հեռանալ: Պուշկին 8 և 10 հասցեների սեփականատիրոջ ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Աթանեսյանը պնդում է՝ կենտրոնում գտնվող շենքից բացի պետք է գնահատվի նաև տեղում տարիներ ի վեր գործող բիզնեսը․ - «Ռեստորանը ևս պետք է ներգրավվի գործով, քանի որ եթե բավարարվի հայցը, ապա «Դոլմաման», բնականաբար, դադարեցնելու է իր գործունեությունը: Ես մտածում եմ, որ կառուցապատողը վախեցել է բիզնեսի գնահատումից»:

Այնուամենայնիվ, փաստաբանն ավելացնում է, որ իր վստահորդը՝ ռեստորանի սեփականատեր Ժիրայր Ավանյանը, չգիտի անգամ, թե իր տարածքը որքան է գնահատվել ու նրա համար առաջնայինը հին Երևանից մնացած փոքրիկ հատվածի պահպանումն է։ Սակայն այս հարցով դատարանից առանձնապես ակնկալիքներ չունեն. 2013-ին կառավարությունը Նալբանդյան - Պուշկին - Աբովյան փողոցների միջանկյալ հատվածը գերակա շահ է ճանաչել։

«Այսինքն, մեր հիմնական թիրախը ոչ թե դատարանն է, այլ կառավարությունը: Բացի այդ, Երևանի քաղաքապետարանը տարածել է հաղորդագրություն, որ նախագիծ չկա՝ ինչ պետք է կառուցվի: Այսինքն, կարող են քննարկել և այդ մի քանի փոքրիկ, հին շենքերը մնան, իսկ հետևի մասում բավականին մեծ տարածք կա, որտեղ կարող է ցանկացած բան կառուցվել», - ասում է Տիգրան Աթանեսյանը:

«Դոլմամա» ռեստորանի սեփականատեր Ժիրայր Ավանյան

«Դոլմամա» ռեստորանի սեփականատեր Ժիրայր Ավանյան

Պուշկին 8 և 10-ի կառույցի սեփականատեր Ժիրայր Ավանյանը, ում հարևանների մեծ մասն արդեն հանձնել են բանալիներն ու հեռացել, կառուցապատողի կամ քաղաքային իշխանությունների հետ սեղանի շուրջ քննարկումների դեռ չի նստել, բայց հույս ունի, որ իր դեմ դատարան դիմած «Լոքըլ Դիվելոփերսը» կհետաքրքրվի ճարտարապետների նոր նախագծով, որն առաջարկում է էլիտար կառուցել առանց հինը քանդելու․ - «Ուրագով չես սարքում հայրենիք․․․ այստեղ պետք է մոտեցումը լինի վիրաբույժի դանակով: Այս շենքերը հին են, գեղեցիկ են, վերանորոգելու դեպքում իրենք արժեք ունեն՝ շատ մեծ արժեք: Մի քիչ հնացել է, մի քիչ այսպես է եղել․․․ դա նրանից է, որ ինքը ոչ գուրգուրանք է ստացել, ոչ սեր: Հենց գուրգուրենք, հենց սիրենք՝ ես էլ դրա փաստը ունեմ, ես սիրել եմ այս քառակուսի մետրը, որտեղ ես սարքել եմ այս ռեստորանը և պարզվում է՝ ինքը դարձել է լավ բան»:

Ավանյանն ասում է՝ տարիներ առաջ մեկ անգամ արդեն հրաժարվել է իրեն պատկանող հին երևանյան մի շենքից՝ Արամի 30-ից, որն օրերս գիշերով հողին հավասարեցվեց։ Գործարարի խոսքով, դրա դիմաց պատշաճ փոխհատուցում ստացել է ու բողոքել չի ուզում, բայց ընդգծում է՝ ժամանակին իր հոժար կամքով չէ հրաժարվել այդ շենքից։

«Հիմա մեկ առ մեկ՝ ում հանդիպում եմ, ասում են՝ Ժիրա՛յր, բայց արդեն ուշ է, արդեն ամեն ինչ քանդել են: Ես մի շատ պարզ հարց եմ տալիս, ասում եմ՝ եթե դու 30 երեխա ունենայիր, 27-ին մորթել են, այն 3-ի համար չէի՞ր պայքարելու: Պետք է մի բան ասել, արդեն չի կարելի այդքան հուսահատ լինել: Այնպես չէ, որ մենք թշնամու թիկունքում ենք, մենք մեր հայրենիքում ենք: Մենք պետք է գոնե մեր հայրենիքին մեր ձայնը ասենք», - հավելում է Ժիրայր Ավանյանը:

XS
SM
MD
LG