Մատչելիության հղումներ

logo-print

Նիկոլ Փաշինյանը հորդորում է ստուգել «օդում կախված» լուրերն ու խոսակցությունները


Ազգային ժողովում հարց ու պատասխանի ժամանակ ընդդիմադիր պատգամավորը վարչապետին հորդորեց ստուգել, մասնավորապես, Սամվել Ալեքսանյանին վերաբերող նման լուրերն ու խոսակցությունները:

«Ըստ օդում կախված լուրերի, Ալեքսանյանը պատրաստի շաքարավազը Հայաստան է ներմուծում շաքարի հումքի անվան տակ, ինչը նրան թույլ է տալիս խուսափել տասնյակ միլիարդավոր դրամների մաքսատուրքերից: Ըստ օդում կախված լուրերի, այդ շաքարավազը հումքի անվան տակ մտնում է Ախուրյանի գործարան և, որպես տեղում արտադրված շաքարավազ, դուրս գալիս այնտեղից: Օդում կախված լուրերի համաձայն, այս հանցավոր մեխանիզմը տարիներ ի վեր գործում է Սերժ Սարգսյանի իմացությամբ և թույլտվությամբ: Ըստ օդում կախված լուրերի, Սերժ Սարգսյանը շաքարավազի այդ կոնտրաբանդայից և Ալեքսանյանին պատկանող մյուս մենաշնորհային ոլորտներից ունի անձնական փայաբաժին, և հենց այսպես գոյացած միջոցների հաշվին են լուծվում ընտրությունների արդյունքները կեղծելուն և իշխանությունը պահելուն ուղղված ապօրինի գործողությունների և հանցավոր մեխանիզմների ֆինանսավորման հարցերը: Տիկնայք և պարոնայք կառավարության անդամներ, ևս մեկ տեխնիկական ճշտում՝ արդյո՞ք Սերժ Սարգսյանը արգելել է օգտագործել «Լֆիկ Սամո» կնիքը», - հարցրեց Փաշինյանը:

Հարցին պատասխանեց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը՝ ասելով, թե վարչապետը կուսումնասիրի պատգամավորի հորդորը:

Հարությունյանը շարունակեց՝ հայտարարելով, թե իր համար հասկանալի է Փաշինյանի բարձրացրած հարցերի նպատակը․ - «Դուք ուզում եք այդ ձևով հերքել այն տարածված լուրերը, որ Դուք իշխանության հետ ինչ-որ ձևով շաղկապված եք, արհեստականորեն ստեղծված ընդդիմություն եք և այլն: Ես կարծում եմ, որ եթե դա է նպատակը, դրա կարիքը չկա անելու: Ինձ գոնե համոզել եք, որ իշխանության հետ շաղկապված չեք»:

«Այն, որ Դուք վերագրում եք ինձ, որ ես պետք է ապացուցեմ, ես ապացուցելու կարիք չունեմ, որովհետև իմ կյանքն ու գործունեությունը այդ ամենը ապացուցել են: Եթե Դուք այդպես անում եք, որ իմ հարցերի շարքը ընդհատվի, Ձեզ հուսախաբություն է սպասվում, որովհետև ես անդրադառնալու եմ հերթով օդում կախված բոլոր լուրերին», - հակադարձեց ընդդիմադիր պատգամավորը:

Ի պատասխան ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի հարցին, փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանն ասաց, որ կառավարությունը դիմել է Տնտեսական մրցակցության պաշպանության պետական հանձնաժողով (ՏՄՊՊՀ)՝ ուսումնասիրելու բենզինի գնագոյացումը:

Նշելով, թե ամբողջ աշխարհում վառելիքի գներն ընկնում են, իսկ Հայաստանում բարձրանում են, պատգամավորն ասաց․ - «Դիտավորյալ ստեղծված մենաշնորհային վիճակի պատճառով այսօր ամբողջ Հայաստանի տնտեսությունը խեղդվում է»:

«Այս անհամամասնությունները արդյոք հնարավոր է բացատրել տրանսպորտային ծախսերով, բացատրել դրանք մատակարարման աղբյուրների բազմազանությամբ, թե` ոչ, բենզինի վերաբերյալ, այդ հարցում Տնտեսական մրցակցության հանձնաժողովի քննությունից հետո կներկայացվի», - վստահեցրեց փոխվարչապետ Գաբրիելյանը:

Զուրաբյանը շարունակեց՝ նշելով, որ նույնը կարելի է ասել գազի մասին․ - «Մենք ինքներս մեր ձեռքով ստորագրել ենք մի պայմանագիր, որով «Գազպրոմ»-ին մոնոպոլիա ենք տվել: Մեր խմբակցությունը այն ժամանակ էլ դեմ է եղել, դեմ է քվեարկել այդ պայմանագրին: Բայց հիմա մենք մեզ մտցրել ենք մի վիճակի մեջ, որ մենք կորցրել ենք այդ ազատությունը, ասենք, գազ գնել Իրանից, բանակցել Իրանի հետ»:

«Որևէ պայմանագրում նշված չէ մոնոպոլիա Իրանի հետ հարաբերությունների տեսակետից: Խոսքը վերաբերում է Ռուսաստանի Դաշնության տարածքից «Գազպրոմ»-ի մոնոպոլ դիրքին, որը տվյալ երկրի շահերի խնդիրն է: Ինչ վերաբերում է այլ աղբյուրներից, մասնավորապես, Իրանից գնելուն, այդ պայմանագրով սահմանափակումներ չկան: Եվ Իրանի հետ նույնպես մենք նմանատիպ աշխատանքներ կատարում ենք, գտնվում ենք բանակցությունների մեջ», - արձագանքեց Վաչե Գաբրիելյանը:

Պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի հարցը վերաբերում էր Ռուսաստանի հետ գազի գնի իջեցման շուրջ բանակցություններին, նրան հետաքրքրվում էր, թե կոնկրետ ինչ գնի շուրջ են բանակցությունները: Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, սակայն, մանրամասներ չհրապարակեց․ - «Կարող եմ ասել միայն հետևյալը, որ այսօր այդ բանակցությունները շարունակվում են: Կոնկրետ թիվ, թե ինչի շուրջ, չեմ կարող ասել, որովհետև դրանք չեն ֆիքսվում»:

XS
SM
MD
LG